Իրանն ու Իսրայելը շարունակում են փոխադարձ հարվածները, ինչը սպառնում է ողջ տարածաշրջանը ներքաշել լայնածավալ պատերազմի մեջ: Արդեն չորրորդ օրը շարունակվող բախումների պատճառով Իրանը չեղարկել է ԱՄՆ-ի հետ նախօրեին Օմանում նախատեսված բանակցությունները:
Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ: Անկարան հայտարարել է, թե Էրդողանն ու Պուտինը համաձայնել են, որ Իսրայել-Իրան հակամարտությունը պետք է ավարտվի՝ հնարավորություն բացելով դիվանագիտության համար։ «Ուրբաթ օրը Իսրայելի կողմից ձեռնարկված առաջին հարվածներից հետո Իրանի միջուկային օբյեկտներում՝ Նաթանզում եւ Ֆորդոյում, նոր ավերածություններ չկան»,- հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին՝ կազմակերպության խորհրդի արտահերթ նիստի ընթացքում։
Նրա խոսքով՝ Նաթանզում ոչնչացվել են ուրանի հարստացման այն արտադրամասերը, որոնք ստորգետնյա չէին։ «Սպահանի միջուկային հետազոտությունների կենտրոնում ուրբաթ օրվա հարձակման հետեւանքով չորս շինություն է վնասվել, այդ թվում՝ կենտրոնական քիմիական լաբորատորիան եւ ուրանի փոխակերպման գործարանը»,- նշել է Գրոսին։
Ի՞նչ զարգացումներ կարող են լինել առաջիկայում, եւ ի՞նչ տեղի կունենա, եթե պատերազմին ներգրավվի երրորդ կողմը, օրինակ` ԱՄՆ-ն կամ Մեծ Բրիտանիան: Քաղաքագետ Հակոբ Բադալյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային, նկատում է. «Իրան-Իսրայել ռազմական գործողությունները կարող են ամենատարբեր զարգացումներն ունենալ, կարող ենք ականատես լինել ընդհուպ ռեգիոնալ մասշտաբի պատերազմի, իհարկե, նաեւ կարող է իրավիճակը սահմանափակվել միմյանց հարվածներ հասցնելով:
Այս էսկալացիան կարող է հանգեցնել կողմերի ոչնչացմանը՝ ձեռնպահ մնալով դիվանագիտական միջամտություններից: Այս տեսանկյունից սցենարները կարող են խիստ տարբեր լինել: Գործ ունենք ոչ միայն ռեգիոնալ հաշվարկներից բխող սցենարների հետ, այլ փաստացի տեսնում ենք արկածախնդրության հասնող զարգացումներ:
Օրինակ այն, որ Իսրայելը հարվածներ է հասցնում Իրանին, դրանք ռացիոնալության հետ խնդիր ունեցող գործողություններ են եւ ավելի շուտ ենթադրում են վաբանկ տրամադրություններ: Այս առումով զարգացումները կարող են վերադառնալ ռացիոնալ տրամադրությունների մեջ, եւ, իհարկե, իրավիճակը կարող է ավանտյուրային տրամաբանության մեջ լինել, ինչն էլ իր հերթին կարող է վերաճել մեծ ռեգիոնալ պատերազմի: Խնդիրն այն է, որ տեղի ունեցող պրոցեսները չազդեն Կովկասի վրա, իսկ դրա ռիսկերն աճում են, եւ այստեղ, ցավոք, ամեն ինչ չէ, որ կարող է կախված լինել Հայաստանի աշխատանքից, չնայած նրան, որ Հայաստանն իրենից հասանելիք դիվանագիտական աշխատանքը պետք է կատարի` կայունության մեր միջավայրը պահպանելու համար, հաշվի առնելով, որ Իրանն այդ միջավայրում ունի բավականին մեծ դերակատարում… այդտեղ կարող է վակուում առաջանալ` Իրանի դերի ու տեղի առումով: Իհարկե, մենք պետք է մեզնից հասանելիքն անենք եւ թույլ չտանք, որպեսզի վակուումը մեծացնի ապակայունացման ռիսկերը»:
Ի՞նչ աշխատանք պետք է անի Հայաստանը։ «Հայաստանի անելիքը դիվանագիտական դաշտում առանցքային դերակատարների հետ շփումներն են, որոնք ուղղակի կամ անուղղակի ազդեցություն ունեն Կովկասում կայունության եւ անվտանգության պահպանման վրա: Այս տեսանկյունից, ցավոք, Հայաստանը չունի անելիք: Ներքին կյանքում պետք է պատրաստ լինել ամենավատ իրադարձություններին. տնտեսական վատ պայմաններ, անվտանգության հետ կապված բարդություններ եւ այլն: Ներքին առումով մեր անելիքներն անվերջ են եւ անգամ կախված էլ չեն նրանից, թե Իրանում ինչ է կատարվում:
Սյունիքի մասով էլ ամեն բան կախված է նրանից, թե մյուս խոշոր դերակատարներն ինչպես կգնահատեն Կովկասում կայունության կարեւորությունը: Տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույցը, Ռուսաստանը, իհարկե, ամենաշահագրգռված երկրներից է, որը Կովկասում ցանկանում է կայուն իրավիճակ տեսնել:
Այս տեսանկյունից Պուտին-Էրդողան հեռախոսազրույցի ընթացքում կարող են նաեւ Կովկասին վերաբերող հարցեր քննարկած լինել, սակայն այստեղ հարցն այն է, թե դրանք ինչ տրամաբանությամբ են քննարկվել: Թուրքական կողմը տեղեկություններ է տարածել, որ Էրդողանը խոսել է ռեգիոնալ ռիսկերի մասին: Կովկասի անունը հատուկ չի նշվում, սակայն խոսքը Կովկասի մասին է:
Իրավիճակը դառնում է երկակի: Թուրքիան կարող է փորձել իր դերակատարումը վաճառել ՌԴ-ին, ինչ-որ կերպ Կովկասի կայունությունն իրացնել իր պատկերացումների մեջ: Արդյո՞ք Ռուսաստանը կլինի հաստատակամ՝ մի կողմից զիջումների չգնալով, իսկ մյուս կողմից Թուրքիային թույլ չտալով նոր սադրանքների գնալ: Սա ոչ միայն Հայաստանին աջակցելու, այլեւ Իրանի թիկունքը պահելու հարց է, իսկ Ռուսաստանն Իրանի հետ ունի ռազմավարական գործընկերության մեծ պայմանագիր եւ ինչ-որ իմաստով` նաեւ պարտավորություններ»,- եզրափակեց քաղաքագետը:
Բաց մի թողեք
Էս ի՞նչ «բեսպրեդել ա», Ստեփանավանից Տաշիր էինք գալիս, մեքենան անհիմն տարան տուգանային հրապարակ․ քաղաքացի
ՀԷՑ-ի պետականացումը բացասական մեսսիջ օտարերկրյա ներդրողների համար
Ինչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը