Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստ է անցկացրել: Թուրքական մամուլի փոխանցմամբ՝ այն տևել է ավելի քան երեք ժամ և հիմնականում նվիրված է եղել իսրայելա-իրանական պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, այդ համատեքստում Անկարայի դիրքորոշմանը, հետագա անելիքներին:
Նիստի ավարտին Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ և արտահայտել թուրքական պետության գլխավոր ուղերձը՝ բոլոր հարցերը, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագիրը, պետք է քննարկվեն բանակցությունների սեղանի շուրջ և կարգավորվեն քաղաքական-դիվանագիտական գործիքակազմով:
Որպես ասվածի վկայություն՝ նա թվարկել է վերջին երկու օրվա ընթացքում ԱՄՆ-ի, Իրանի, Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահների, Հորդանանի թագավորի, Սաուդյան Արաբիայի արքայազնի, Պակիստանի և Իրաքի վարչապետների, Օմանի սուլթանի, Քուվեյթի էմիրի հետ իր հեռախոսազրույցները, որոնց ընթացքում ուշադրություն է հրավիրվել այն վտանգների և սպառնալիքների վրա, որ «տարածաշրջանի համար ներկայացնում է ավազակության հասած՝ իսրայելական ագրեսիան»:
Ըստ Էրդողանի, ինքը պատրաստակամություն է հայտնել դիվանագիտական լուծումներ գտնելու համար ամեն ինչ անել՝ «ներառյալ միջնորդությունը»:
Թուրքիան ի՞նչ միջնորդության է պատրաստ կամ ո՞ւմ միջև կարող է միջնորդական առաքելություն ստանձնել՝ Էրդողանը չի մանրամասնել: «Հյուրիթը» հունիսի 17-ին գրել է, որ Էրդողանը Միացյալ Նահանգների և Իրանի նախագահներին «հրավիրել է Ստամբուլ», և, իբր, Թրամփը պատասխանել է, որ իր «ինքնաթիռը մշտապես պատրաստ է»:
Այս առումով ուշագրավ է ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների միջև հեռակա «բանավեճը»: G7-ի գագաթաժողովի «կողասրահներում» Մակրոնը լրագրողներին ասել է, որ Թրամփը շտապ վերադարձել է Վաշինգտոն, որպեսզի զբաղվի իսրայելա-իրանական պատերազմը կանգնեցնելու հետ կապված հարցերով:
ԱՄՆ նախագահը սոցցանցային գրառմամբ հակադարձել է, որ «ինչպես միշտ, Էմանուել Մակրոնը սխալվում է, դա (G7-ի գագաթաժողովը ժամանակից շուտ լքելն) ավելին է, քան նա կարծում է»: Կարելի է ենթադրել, որ «ավելին» ասելով՝ Թրամփը հենց Ստամբուլում Իրանի նախագահի հետ հանդիպման նախապատրաստությունն է նկատի ունեցել կամ Իսրայելի կողմից պատերազմին ներգրավվելու որոշման ընդունումը:
Թուրքիայի նախագահը կառավարության նիստից հետո ասել է, որ թեև աջակցում է «ավելի լայն աշխարհագրությամբ պատերազմի դադարեցման դիվանագիտությանը», այդուհանդերձ Անկարան «ցանկացած սցենարի պատրաստ է», քանի որ, ըստ նրա, թեև Իսրայելը գլխավոր նպատակ է հայտարարել Իրանի միջուկային ծրագրի ոչնչացումը, իրականում ունի «նենգ պլաններ»:
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան վերջին իրադարձությունների լույսի ներքո միջին և մեծ հեռահարության հրթիռների պաշարները և առհասարակ ամբողջ զինանոցը հասցրել է զսպան համար բավարար մակարդակի: Նա, սակայն, հավելել է, որ կառավարության հիմնական նպատակը Թուրքիան տարածաշրջանի ճգնաժամերի բացասական հետևանքներից զերծ պահելն է:
Այդուհանդերձ, Թուրքիայի նախագահը շարունակել է թվարկել ռազմաարդյունաբերության ոլորտում երկրի կարևորագույն ձեռքբերումները, հատկապես ընդգծելով անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև ցամաքային զորքերի համար զրահատեխնիկայի նոր տեսակների արտադրության ոլորտներում նվաճումները:
«Ես կարող եմ մեծ հպարտությամբ հայտարարել, որ խնդրի ամենաբարդ փուլն այլևս անցյալում է, մենք հասել ենք այդ «ապրանքների» արտադրության, և դրանք մեր պահուստները համալրել են այն տեսքով և քանակով, որ կնպաստեն մեր բանակի և զսպման ամրապնդմանը»:
Թուրքիայի նախագահի այս հայտարարություններից երկակի տպավորություն է ստեղծվում: Դրանք կարելի է գնահատել թե որպես զգուշացում, թե սպառնալիք: Գլխավոր ինտրիգը, թերևս, այն է, թե Իրանի հարցում որքանո՞վ է նա անկեղծ կամ արդյո՞ք թուրք-իսրայելական մրցակցությունը հասել է մի կետի, որին կարող է հաջորդել ռազմական բախումը:
Այս երկվությունը կարող է պարզվել, եթե հաստավի, որ Էրդողանն իրոք ԱՄՆ և Իրանի նախագահներին Ստամբուլում հանդիպման առաջարկություն է արել: Բայց Իրանի նախագահը նման ճակատագրական որոշում կայացնելու լիազորություն ունի՞:
Իրանի վերջին միապետի որդին՝ Ռեզա Փեհլևին, որ ԱՄՆ քաղաքացի է, հունիսի 15-ին կասկած է հնչեցրել, որ Իսլամական հեղափոխության առաջնորդ Ալի Խամենեիին «երկրից դուրս է բերվել»:
Բաց մի թողեք
«Կալուգայի Սամոն» «զադնի դրեց» կամ՝ «մկան խաղը մինչև մարագն է»
Դոնալդ Թրամփը սպասում է ինչ-որ բանի` Պուտինի ու Ծինփինի առաջարկի՞ն
Քոչարյանի ավագ որդին օժանդակել է Սերժ Սարգսյանին՝ կաշառք ստանալուն․ Դատախազության հայցը դատարանում է