21/06/2025

Ընտրությունից առաջ Սուրեն Պապիկյանի դիրքերի թուլացում ՔՊ-ում

Իհարկե, իրանա-իսրայելյան պատերազմը բևեռել է հանրային ուշադրության ահռելի մասը, միանգամայն հասկանալի ու հիմնավոր պատճառներով, բայց դրան զուգահեռ Հայաստանում էլ ծավալվում են իրադարձություններ, որոնք ունեն իրենց որոշակի ուշագրավությունը:

Հատկապես, որ այդ իրադարձություններն արտացոլում են նաև նախընտրական տրամադրությունների ու շարժերի դինամիկա, այդ թվում՝ ներիշխանական:

Այս իմաստով հատկանշական է, որ այսօր խորհրդարանի մեծամասնությունը մերժել է հենց մեծամասնության անդամ պատգամավոր Հայկ Սարգսյանի օրինագիծը խորհրդարանի օրակարգ ընդգրկելը: Խոսքը հայտնի, աղմուկ հանած, և «փողով բանակից ազատվելու» այսպես ասած անվանում ստացած օրինագծի մասին է:

Հիշեցնեմ, որ այն նախատեսում է, ըստ էության, օրինականացնել մեծ փողի դիմաց զինվորական ծառայությունից ազատվելը:

Խորհրդարանի մեծամասնությունն այն մերժում է, քանի որ այն, ըստ էության, առաջացրել էր հանրային գրեթե տոտալ դժգոհություն, դիտվելով որպես, ըստ էության, կոռուպցիայի կամ կաշառքի օրինականացում ու պետականացում, սոցիալական խտրականության և անարդարության դրսևորում:

Այստեղ, սակայն, ուշադրության արժանին այն չէ, որ խորհրդարանի մեծամասնությունը մերժել է իր իսկ պատգամավորի օրինագիծը: Ուշագրավն այն է, որ այդ օրինագծին հավանություն էր տվել պաշտպանության նախարարությունը:

Ըստ էության՝ ստացվում է, որ խորհրդարանի մեծամասնության մերժմանն է արժանացել օրենքի նախագիծ, որը արժանացել էր պաշտպանության նախարարության, հետևաբար նաև նախարարի հավանությունը: Ստացվում է, որ խորհրդարանում ՔՊ-ական մեծամասնությունը մերժել է պաշտպանության նախարարին՝ Սուրեն Պապիկյանին:

Իսկ սա թե ներքաղաքական, թե առավել ևս ներիշխանական առումով ամենևին շարքային իրողություն չէ և թերևս արտացոլում է խորհրդարանի ընտրությունից առաջ իշխանության ներսում առկա բաժանարար գծերի բավականին հատկանշական և խոսուն մի դրվագ, որովհետև խոսքն ի վերջո առանցքային քաղաքական պաշտոնի և դիրքի մասին է:

Միարժեք եզրակացնել, որ դա նշանակելու է ընտրությունից առաջ Սուրեն Պապիկյանի դիրքերի թուլացում ՔՊ-ում, անշուշտ, կարող է լինել վաղաժամ, բայց մեծ հաշվով ակնառու է, որ խորհրդարանում նա ստացել է ուղղակի, թե անուղղակի, բայց շոշափելի հարված, որը չի անցնի առանց նստվածքի: