21/06/2025

Բաքուն միջամտո՞ւմ է Իրանի «մասնատմանը»

Իրանի դեմ Իսրայելի հարձակման հաջորդ օրը հայտարարությամբ հանդես է եկել «Իրանական Քրդստանի դեմոկրատական կուսակցությունը», որը համակիրներին կոչ է արել ապստամբել և տապալել Խամենեիի վարչախումբը:

«Քանի դեռ այդ վարչախումբն իշխանություն ունի, իրավիճակը միայն վատթարանալու է: Այդ իսկ պատճառով Իրանի քաղաքացիներին խավարից, ավերածություններից և ճգնաժամից ազատելու կարևոր պայմանը մնում է այդ վարչախմբի իշխանությունից հեռացումը և լիակատար ոչնչացումը»,- ասված է հայտարարության մեջ:

Բաքվի լրատվամիջոցը, ընդսմին, հիշեցնում է, որ «Իրանական Քրդստանի դեմոկրատական կուսակցությունը» քաղաքական վաղեմի կառույց է, որ ստեղծվել է 1945 թվականին: Սա չափազանց ենթատեքստային դիտարկում է: Խոսքը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին խորհրդային զորքերի կողմից Իրանի հյուսիսային և հյուսիս-արևմտյան շրջանների օկուպացիայի մասին է:

Պատերազմի ավարտից հետո կոմունիստական Ադրբեջանի առաջնորդ Միր-Ջաֆար Բաղիրովը ԽՍՀՄ կենտրոնական իշխանություններին ներշնչել է զորքերը դուրս չբերել այդ տարածքներից, աջակցել «դեմոկրատական շարժումներին»:

Այդ աշխարհաքաղաքական կանխածրագրով խորհրդային օկուպացիոն գոտին բաժանվել է երկու՝ ադրբեջանական և քրդական հատվածների: Առաջինի կենտրոն է ընտրվել Թավրիզ, երկրորդի՝ Մեհաբադ քաղաքը, հռչակվել է երկու «անկախ պետություն»:

Ծրագիրը ձախողվել է ԱՄՆ-ի և հատկապես Մեծ Բրիտանիայի համառ պահանջներով, խորհրդային զորքերը դուրս են բերվել, շահեկան ուժերը վերահսկողություն են հաստատել անջատված տարածքների նկատմամբ, իսկ Թավրիզի և Մեհաբադի «դեմոկրատական հանրապետությունների» պարագլուխներն ապաստան են գտել Բաքվում:

Թուրքական մամուլն օրերս տագնապ է հնչեցրել, որ Թավրիզի, Ուրմիայի և Ատրպատականի այլ քաղաքների ու բնակավայրերի իսրայելական ռմբակոծումները «քրդերի համար դեպի այդ թուրքական շրջաններ ճանապարհ են հարթում»:

«Իրանական Քրդստանի դեմոկրատական կուսակցության» հայտարարությունը, կարծես, վկայում է, որ տարածաշրջանում «քրդական ինքնության հաստատման» նոր շարժում է սկսվում, որին, ըստ տեղեկությունների, աջակցում է Իրաքյան Քրդստանի կառավարությունը:

Վերջին մի քանի տարիներին Բաքվի փորձագիտական հանրության գլխավոր թեզն այն էր, որ Իրանի դեմ Իսրայելի հարձակման դեպքում «Հարավային Ադրբեջանը կապստամբի»: Մոտ մեկ շաբաթ է՝ Իսրայելը թիրախային հարվածներ է հասցնում Թավրիզին, Ուրմիային, տեղաշրջանի այլ բնակավայրերին, բայց «Հարավային Ադրբեջանից» Խամենեիի վարչակազմի դեմ կամ ի պաշտպանություն Իսրայելի որևէ հրապարակային կոչ չի հնչել: Իրանի նախագահ Փեզեշքիանը ծագումով այդ տարածաշրջանից է:

Ուշագրավ է, թե Բաքվի քարոզչությունն ինչո՞ւ է հիշեցրել «Մեհաբադի Հանրապետության» ավելի քան ութսունամյա վաղեմության փորձը և ինչո՞ւ թուրք փորձագետները տագնապած են Իսրայելի կողմից Իրանի քրդերին աջակցելու առերեւույթ գործողություններից:

Թուրքիայի նախագահ Էրդողանը կառավարության նիստից հետո հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում Իսրայելն ունի «նենգ ծրագրեր»: Նույն օրն Իսրայելի վարչապետ Նաթանյահուն հավաստիացրել է, որ Իրանի դեմ հաղթանակից հետո ունենալու ենք բոլորովին նոր Մերձավոր Արևելք:

Իրանի հյուսիս-արևմտյան քրդաբնակ տարածքները, որտեղ ութսուն տարի առաջ կոմունիստական Ադրբեջանի ղեկավար Բաղիրովի հովանավորությամբ «Մեհաբադի Հանրապետություն» է հռչակել, սահմանակից են Թուրքիային և Նախիջևանին: Իրանի դեմ Իսրայելի հարձակման նախօրեին Նախիջևանում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ են անցկացվել:

Քաղաքական տրամաբանությունից ելնելով՝ Իրանում «Մեհաբադի Հանրապետության» իսրայելական ծրագիրը պետք է որ հարուցի նաև Ադրբեջանի անհանգստությունը: Դատելով իշխանամերձ լրատվամիջոցի հրապարակման տոնայնությունից՝ պաշտոնական Բաքուն այդ հարցում, կարծես, իսրայելական ճամբարում է:

«Իրանի դեմ հաղթանակից հետո մենք կընդլայնենք «Աբրահամի ուխտի» աշխարհագրությունը»,- հայտարարել է Իսրայելի վարչապետ Նաթանյահուն: Մայիսի 7-ին նա այդ հարցով պետք է ժամաներ Բաքու: Այցը չկայացավ Թուրքիայի կողմից նրա ինքնաթիռին օդային միջանցք չտրամադրելու պատճառով: