Իրանի արտգործնախարար Արաղչին հայտարարել է, որ հունիսի 20-ին Ժնևում կկայանա իր հանդիպումը եվրոպական եռյակի՝ Բրիտանիայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի արտգործնախարարների հետ:
Ըստ Արաղչիի, նրանք են դիմել այդպիսի հանդիպման համար: Հանդիպումներին կմասնակցեն նաև ԵՄ պաշտոնյաներ:
Մասնավորապես նշվում է, որ եվրոպական եռյակի ԱԳ նախարարները նախ կհանդիպեն ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնակատար Կալլասի հետ, իսկ հետո արդեն կհանդիպեն Իրանի ԱԳ նախարարի հետ:
Մինչ այդ, եվրոպական եռյակում նկատվել են, կարծես թե, բավականին ուշագրավ և որոշակի տարբեր դրսևորումներ: Օրինակ, Գերմանիայի կանցլեր Մերցը հայտարարել էր, թե Իսրայելը իրենց փոխարեն «սև գործն» է անում՝ զրկելով Իրանին միջուկային զենքի հնարավորությունից:
Իրանը Մերցի հայտարարությունների համար ԱԳՆ էր հրավիրել ու բողոքի նոտա հանձնել Թեհրանում Գերմանիայի դեսպանին: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, կարծես թե արել էր Իրանի համար բարեհունչ հայտարարություն:
Մի կողմից աջակցելով Իսրայելի «ինքնապաշտպանության իրավունքին»՝ հարվածների մեկնարկից հետո, նախօրեին Մակրոնը հայտարարել էր, որ անթույլատրելի է ռազմական ուժով Իրանում իշխանափոխություն անելու հեռանկարը, քանի որ դա կբերի քաոսի:
Իսկ Իրանում իշխանափոխության հասնելը Իսրայելի գուցե թե նույնիսկ գլխավոր նպատակն է, որին պարզապես ծառայեցվում է միջուկային ռիսկից բխող «ինքնապաշտպանության իրավունքի» հարցը:
Այն, որ եվրոպական եռյակը հանդիպում կունենա նաև Կալասի հետ՝ Արաղչիի հետ հանդիպումից առաջ, խոսում է թերևս այն մասին, որ Իրանի հարցում եռյակն այդուհանդերձ չունի համապարփակ ընդհանուր մոտեցումներ:
Հետևաբար, հազիվ թե Ժնևում կայանալիք հանդիպումը սկզբունքորեն իրավիճակ փոխի իրան-իսրայելյան ընթացող պատերազմի հարցում:
Այստեղ առանցքային հարցը կարող է լինել այն, թե եռյակը ինչ մոտեցում կարող է ունենալ ԱՄՆ ուղիղ ներգրավման առնչությամբ: Եռյակը, որ ակնհայտորեն բարդ հարաբերություններ ունի ԱՄՆ նախագահ Թրամփի հետ, շահագրգռված կլինեն, որ Թրամփը խրվի՞ Մերձավոր Արևելքում, մտնելով անմիջական պատերազմի մեջ, թե՞ դուրս գա Իրանի հարցում ակնհայտ ծուղակից:
Սա կլինի թերևս ժնևի ինտրիգը:
Բաց մի թողեք
Կաթողիկոսն իրավունք ունի քաղաքական ուժ ընտրելու, իսկ վարչապետը Կաթողիկոս՝ ոչ
Թրամփը ժամանակ է տալիս Իրանին բանակցությունների համար
Ի՞նչ իրավիճակ է Թեհրանում․ Իսրայելի հարվածները նպատակ ունեն քանդել Իրանում Խամենեիի իշխանության հիմքերը