21/06/2025

Իսրայելը տեղյակ է Թուրքիայի ծրագրավորումներին և թույլ չի տա, որ դրանք իրականություն դառնան

Հունիսի 21-22-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի նախագահությամբ Ստամբուլում կգումարվի Իսլամական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 51-րդ նիստը:

Թուրքիայի ԱԳՆ-ից «Անադոլուի» տեղեկություններով՝ ակնկալվում է, որ խորհրդաժողովին կմասնակցի ԻՀԿ անդամ ավելի քան քառասուն երկրի արտգործնախարար:

ԻՀԿ երկրների արտգործնախարարների խորհրդաժողովը գումարվում է ճգնաժամային իրավիճակում՝ կապված Իսրայելի և Իրանի միջև հակամարտության ծայրահեղ սրման հետ: Հանդիպման նախօրեին, ինչպես հայտնի է դարձել դիվանագիտական աղբյուրներից, քննարկվում է Արաբական լիգայի անդամ երկրների արտահերթ նիստ գումարելու հարցը:

Իրանա-իսրայելական հակամարտությունից զատ ԻՀԿ արտաքին գործերի նախարարները պատրաստվում են քննարկել Գազայի, Պաղեստինի, ինչպես նաև՝ Ջամու-Քաշմիրի հարցերը: Թուրքիան ստանձնում է ԻՀԿ-ում նախագահությունը:

Անոնսավորված է, որ արտգործնախարարների խորհրդաժողովին կմասնակցի եւ ուղերձով հանդես կգա նախագահ Էրդողանը: Խորհրդաժողովի արդյունքներով պետք է ընդունվի «Ստամբուլի հռչակագիր»:

Դիվանագիտական աղբյուրներից հայտնի է դարձել, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի ելույթի հիմնական սլաքն ուղղված է լինելու Իսրայելի դեմ: Ֆիդանն ընդգծելու է, որ Նաթանյահուի կառավարությունը տարածաշրջանը տանում է դեպի լայնածավալ պատերազմի:

Նա կանգ է առնելու ոչ միայն Իրանի, այլև Գազայի, Լիբանանի, Սիրիայի դեմ իսրայելական գործողությունների վրա և ԻՀԿ անդամ երկրներին համախմբվելու և միասնաբար հակազդելու կոչ է անելու:

Իսրայելի դեմ միասնական գործողությունների հավանականության մասին նախօրեին Թուրքիայի նախագահը խոսել է իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ հանդիպմանը:

Նույն օրը պաշտպանության նախարար Գյուլերը Վանում խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են ԶՈՒ ԳՇ պետը, ցամաքային և ռազմա-օդային ուժերի հրամանատարները:

Ակնկալվում է, որ Թուրքիան Մերձավոր Արևելքի գլխավոր խնդիր կհռչակի Պաղեստինի անկախ պետության ստեղծումը: Գազայում իրավիճակի սրացումից ի վեր ԻՀԿ արտգործնախարարներն առնվազն երկու համանման խորհրդաժողով անցկացրել են և ընդունել հայտարարություն, բայց գործնականում ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ արաբական աշխարհի որոշ երկրներ, ինչպես նաև՝ Թուրքիան և Ադրբեջանը հրեական պետության հետ հարաբերությունները չեն խզել:

Ներկա իրավիճակում, կարծես, իսլամական աշխարհի համար Թուրքիան փորձում է «ճշմարտության պահ» ստեղծել: Էրդողանին կհաջողվի՞ հասնել Պաղեստինի հարցում ԻՀԿ միասնական դիրքորոշման: Խոսքը հայտարարություն կամ նույնիսկ հռչակագիր ստորագրելու մասին չէ, այլ՝ գործնական քաղաքական, տնտեսական և ռազմական բնույթի որոշումների, որ կարող են Նաթանյահուին «անհարմարություն պատճառել»:

Տեղեկատվա-քարոզչական և դիվանագիտական հռետորաբանության տիրույթում կարելի է Իսրայելի դեմ «ղազավաթ հայտարարել», բայց գործնականում Թուրքիան և Պարսից ծոցի արաբական միապետությունները որքանո՞վ են ունակ, որպեսզի հակազդեն ԱՄՆ-ին:

Իրանի դեմ Իսրայելի հարձակումից մի քանի օր առաջ տպավորություն կար, որ Նաթանյահուն «հիասթափեցրել է» Թրամփին, և նա կարող է «նախապատվությունը տալ Էրդողանին»: Իրականում տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Թուրքիան փորձում է «իսլամական ճակատ» ձևավորել և որպես առաջնորդ մտնել աշխարհաքաղաքական «մեծ խաղի» մեջ:

Տարածաշրջանի ազդեցիկ երկրները, կարծես, ձգտում են Միացյալ Նահանգների հետ հարաբերություններն ինքնուրույն կարգավորել: Օսմանյան Թուրքիայում սուլթանը նաև բոլոր հպատակների հոգեւոր առաջնորդն էր:

Իսրայելի արտգործնախարարն Էրդողանին ծաղրանքով «սուլթան» է անվանել: Ըստ երեւույթին, դա հստակ ազդակ է, որ Իսրայելը տեղյակ է Թուրքիայի ծրագրավորումներին և թույլ չի տա, որ դրանք իրականություն դառնան: