20/06/2025

Իրանը կմոռանա՞, թե վատ դաշնակցին «ինչն էր խանգարում»

Ճակատագրի հեգնանքով Իրանն իսրայելական լայնածավալ հարձակման է ենթարկվել խորհրդարանի նախագահ Ղալիբաֆի կողմից Ռուսաստանի հետ համապարփակ համագործակցության պայմանագրի վավերագիրն ստորագրելու հաջորդ օրը, թերևս՝ ժամեր անց:

Այդ իրողությունը լավագույն ցանկության դեպքում անգամ դժվար է պատահական զուգադիպություն համարել: Մանավանդ որ ռուս-ամերիկյան և իրանա-ամերիկյան բանակցություններն ընթանում էին գրեթե սինխրոն, իսկ Միացյալ Նահանգների նախագահը բացահայտել էր, որ հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինին խնդրել է օգտագործել Իրանի նկատմամբ ազդեցությունը, որպեսզի վերջինս համաձայնի «միջուկային գործարքի» ամերիկյան պայմաններին:

Ռուսաստանի նախագահը փորձե՞լ է կատարել Դոնալդ Թրամփի խնդրանքը: Այդ մասին տեղեկություն չկա, բայց փաստ է, որ վերջին առնվազն երկու տարիներին Վլադիմիր Պուտինն Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեիի հետ շփումներ չի ունեցել: Համենայն դեպս, այդ մասին հրապարակային տեղեկատվություն չի տարածվել:

«Միջուկային գործարքի» ամերիկյան պայմաններին Իրանում հավանություն կարող էր տալ մեկ անձ, դա Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին է, ով բանակցությունների հինգերորդ փուլից հետո պարզորոշ հայտարարել է, որ «Միացյալ Նահանգներին վստահել չի կարելի»:

Հունիսի 18-ին ԱՄՆ նախագահ Թրամփը բացահայտել է, որ վերջին հեռախոսազրույցի ընթացքում Պուտինին խորհուրդ է տվել «զբաղվել Ռուսաստանով, դադարեցնել պատերազմը, նոր մտածել Մերձավոր Արևելքում միջնորդության մասին»:

Արձագանքելով այդ տեղեկատվությանը՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովն ասել է, թե Թրամփի խոսքը «պետք է հասկանալ որպես պատկերավոր արտահայտություն»: Թե ի՞նչն է այդ հստակ ձևակերպման մեջ «պատկերավոր»՝ մնում է անհասկանալի:

Բայց նույն օրը Վլադիմիր Պուտինը հանդիպել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա լրատվամիջոցների ղեկավարների հետ, որտեղ արդեն հնարավոր չէր ճակատային հարցից խուսափել: «Ռուսաստանն ի՞նչ աջակցություն է ցուցաբերում ծանրագույն վիճակում հայտնված ռազմավարական դաշնակից Իրանին»,- ինչին Ռուսաստանի նախագահը պատասխանել է, որ մասնագետները Բուշերի ատոմակայանի շինարարությունը չեն լքել: «Մի՞թե դա աջակցություն չէ»,- հռետորական հարցադրում է արել նա և հավելել: «Ըստ էության, այլ աջակցության համար Իրանը չի էլ դիմել, իսկ մեր գնահատականը հայտնի է»:

Վլադիմիր Պուտինը Միացյալ Նահանգների նախագահի և Իսրայելի վարչապետի հետ հեռախոսազրույցներում Իրանի դեմ հարձակումը դատապարտել է, այն որակել միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և ՄԱԿ-ի Կանոնադրության կոպտագույն խախտում:

Բայց դա ընդամենը հայտարարություն է: Իսկ ռուսաստանցի մի քանի փորձագետներ շատ անկեղծորեն ասում են, որ իսրայելա-իրանական պատերազմն «Ռուսաստանին ձեռնտու է»: Ամենից առաջ՝ քաղաքական առումով, որովհետև ուկրաինական «նախադեպը հակակշռվում է իսրայելական ագրեսիայով»:

Ռուսաստանը չի կարող Իրանին ուղղակի ռազմական աջակցություն ցուցաբերել՝ անկախ հնարավորություններից եւ լոգիստիկայից: Պատճառը պարզ է. դա կարող է բերել ուկրաինական պատերազմի հարցում ԱՄՆ նախագահի դիրքորոշման արմատական փոփոխությանը:

Փաստացի Վլադիմիր Պուտինը լսել և ընկալել է Թրամփի խորհուրդը. հունիսի 18-ին նա հայտարարել է Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ հանդիպման պատրաստակամության մասին:

Պուտինը հիշեցրել է Ուկրաինայի հարցով Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունները, որ, սակայն, «Արևմուտքը չի կատարել»: Ի՞նչ ենթատեքստ ունի այդ հիշեցումը, մանավանդ որ նա ակնարկել է, որ եթե այն ժամանակ ԱՄՆ նախագահը Թրամփը լիներ, խնդիրը, գուցե, կարգավորվեր խաղաղ-բանակցային ճանապարհով:

Ըստ երևույթին, Իրանի շուրջ իրավիճակին ռազմական միջամտություն չցուցաբերելու դիմաց Պուտինն ակնկալում է, որ ԱՄՆ նախագահ Թրամփն Ուկրաինայի կողմից պատերազմին չի ներգրավվի: Բայց Իրանը կմոռանա՞, թե վատ դաշնակցին «ինչն էր խանգարում»: