«Միջուկային պատերազմի հարեւանությամբ ապրող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է «Հայաստանի էլեկտրական ցանցերը» ազգայնացնել, եւ դրա համար նախատեսված հրահանգի ժամկետը լրանում է 2 օրից։ Հունիսի 21-ին ենթակաները պետք է Փաշինյանին զեկուցեն՝ ինչպես խլել էլ. ցանցերը ռուսաստանաբնակ գործարար-բարերար Սամվել Կարապետյանից։
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց 2015 թվականից կայացած գործարքը, որի արդյունքում «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.»-ից ՀԷՑ-ը անցավ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունների խմբին։ Տեղեկացնենք, որ ՀԷՑ-ի բաժնետոմսերի գնորդ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը, ինչպես նախորդ «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությունը, օֆշորային տարածքում` Կիպրոսում գրանցված ընկերություններ են: Այսինքն՝ ՀԷՑ-ին վերաբերող ցանկացած գործողություն նշանակում է ոչ միայն ներհայաստանյան ինչ-որ իրողոթյուն, այլեւ միջազգային սկանդալ։
Նիկոլ Փաշինյանը պետք է իր քմահաճույքները բավարարելու համար շրջանցի ՀՀ Կառավարության եւ Կիպրոսի Կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ պաշտպանության մասին 1998 թ. օգոստոսի 3-ին (https://www.irtek.am/views/act.aspx?aid=25094) վավերացված համաձայնագիրը։ Այս համաձայնագրով ՀՀ Կառավարությունը պայմանավորվել է Կիպրոսի հետ ամրապնդել փոխշահավետության եւ երկարաժամկետ հիմունքներով երկու պետությունների միջեւ տնտեսական համագործակցությունը՝
• նպատակ ունենալով բարենպաստ պայմաններ ստեղծել մի Կողմի ներդրողների` մյուս Կողմի տարածքում ներդրումներ կատարելու համար,
• գիտակցելով, որ սույն Համաձայնագրով նախատեսված ներդրումների խրախուսումն ու պաշտպանությունը կխթանի նախաձեռնությունն այս ոլորտում։
Ըստ նույն համաձայնագրի՝ «Մի Պայմանավորվող կողմի եւ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների միջեւ վեճը վեց ամսվա ընթացքում չկարգավորվելու դեպքում ներդրողը իրավունք ունի գործը հանձնել`
ա) Ստոկհոլմի Առեւտրի պալատի արբիտրաժին,
բ) Փարիզի Միջազգային առեւտրի պալատի միջնորդ դատարան,
գ) Ներդրումների հետ կապված վեճերի կարգավորման միջազգային կենտրոն, եթե Պայմանավորվող կողմերը մի պետության քաղաքացիների եւ մյուս պետության միջեւ ծագած ներդրումների հետ կապված վեճերի կարգավորման 1965 թվականի մարտի 18-ի Կոնվենցիայի անդամներ են»:
Կարճ ասած՝ Փաշինյանի քմահաճույքը՝ ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանին պատկանող ընկերությունից խլելու վերաբերյալ, միջազգային հարթակներում կունենա վատ հետեւանքներ Հայաստանի ներդրումային վարկանիշի վրա»։
***
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության անձնակազմն իր լիակատար աջակցությունն է հայտնում մեծ բարերար, գործարար, ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին:
Տարիներ շարունակ աշխատելով նրա հետ՝ նրան ճանաչում ենք որպես մարդկային բարձր որակներով օժտված, մշտապես յուրաքանչյուրիս հոգսով ապրող, մեր կոլեկտիվի հուսալի ու վստահելի Ընկերոջ:
Մարդ, որը մեր երկրի համար կարևոր ու ծանր օրերին առաջիններից է եղել, ով արձագանքել է բոլոր խնդիրներին, մեծ աջակցություն ցուցաբերել մեր բազմաթիվ հայրենակիցներին, ինչպես նաև մեր աշխատակազմի յուրաքանչյուր անդամին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մշտապես արել և շարունակում է անել առավելագույնը իրեն տրված լիցենզիայի պայմաններին համապատասխան իր սպառողներին պատշաճ որակի ծառայություններ մատուցելու համար։
Բազմիցս ներկայացրել ենք մատուցվող ծառայությունների որակի, մասնավորապես՝ վթարայնության հետ կապված խնդիրները: Ուզում ենք հիշեցնել, որ 2015թ.-ին «Տաշիր» ընկերությունների խումբն ընդունել է սնանկության եզրին գտնվող, 80%-ից ավելի բարոյապես եւ ֆիզիկապես մաշվածություն ունեցող ընկերություն, որից հետո սկսվել է ֆիզիկական և ֆինանսական առողջացմանն ուղղված աշխատանքը, այդ թվում՝ ներդրումային ծրագրերի իրականացման միջոցով։ Ներդրումներն իրականացվել են ամբողջությամբ՝ ընդհանուր շուրջ 700 մլն դոլարի չափով:
Արդյունքում, Ընկերությունում էլեկտրաէներգիայի կորուստների մակարդակը կտրուկ կրճատվել է ՝ հասնելով միջազգային ընդունելի, բացառապես տեխնիկական կորուստների մակարդակին: Հոսանքազրկումների ցուցանիշները նույնպես բարելավվել են, սակայն դեռևս շատ անելիք կա: Եվ մենք ամենօրյա ռեժիմում աշխատում ենք հոսանքազրկման ցուցանիշների բարելավման ուղղությամբ։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ենք ներկայացրել բաշխիչ ցանցի արդիականացման և վերակառուցման առաջարկությունների փաթեթ՝ ուղղված մեր կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը, սպասում ենք արձագանքի:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն այսօրվա դրությամբ ֆինանսապես կայուն վիճակում է, Ընկերության վարկային վարկանիշը բարձր է ՀՀ սուվերեն վարկային վարկանիշից: Այս տարիների ընթացքում Ընկերությունը ներդրել է կառավարման միջազգային ստանդարտներ՝ մեծ կարևորություն տալով էկոլոգիական ու սոցիալական ծրագրերին, որոնք մեր ընկերության զարգացման գերակա ուղղություններից են:
Վստահ ենք, որ Հայաստանում, որպես իրավական պետությունում, օրենքի գերակայությունը կհաղթի, և մեր ղեկավարը շատ շուտով կվերադառնա իր աշխատանքային մեծ ընտանիք, և ամենակարևորը՝ հայրենիքի համար իրականացվող բազմաթիվ ծրագրերն իրականացնելու գործին»:
Բաց մի թողեք
Էս ի՞նչ «բեսպրեդել ա», Ստեփանավանից Տաշիր էինք գալիս, մեքենան անհիմն տարան տուգանային հրապարակ․ քաղաքացի
ՀԷՑ-ի պետականացումը բացասական մեսսիջ օտարերկրյա ներդրողների համար
Ինչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը