20/06/2025

Տավուշում ինչ է պայթեցնում Պաշտպանության նախարարությունը

ՀՀ Պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարություն էր տարածել այն մասին, որ այսօր՝ ժամը 14:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում, ճանապարհի կառուցման նպատակով Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի հարակից հատվածում կիրականացվի պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն։

Հրապարակ թերթը գրել է․ Կապ հաստատեցինք Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրի վարչական ղեկավար Տիգրան Հարությունյանի հետ: Փորձում էինք հասկանալ, թե ինչ պայթյուն է և ինչ ճանապարհի մասին է խոսքը, սակայն վերջինս հայտարարեց, որ ինքն էլ այնքան գիտի, ինչքան մենք և ոչինչ ասել չի կարող։

Երբ հարցրեցինք ճանապարհի մասին, թե այդ ինչ ճանպաարհ է, ասաց․«Պաշտպանության նախարարությունը մանրամասն գրել է, թե ինչ պայթյուն է իրականացվելու» եւ հորդորեց մեզ կապ հաստատել Իջևանի համայնքապետարանի մամլո ծառայության հետ, քանի որ չի պատրաստվում ոչինչ ասել:

Իջևանի համայնքապետարանի մամլո խոսնակ Լիա Զախարյանը մեզ խոստացավ պարզել և 30 որպե հետո տեղեկացնել, թե խոսքն ի՞նչ պայթյունի ու ինչ ճանապարհի մասին է: Սակայն, երբ պայմանավորված ժամն անցավ ու մենք զանգահարեցինք, պարզվեց` այդ հեռախոսահամարն անհասանելի է։ 2-3 ժամ խոսնակն անհասանելի էր, ապա հասանելի դարձավ, բայց սկսեց անջատել մեր զանգը, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ հայ ժողովրդի գլխին հերթական փորձանքն են պատրաստում: