21/06/2025

Ձեր ոգին փառավորվե՞ց երեկ, երբ կալանավորեցին Սամվել Կարապետյանին. Նրա կալանավորումը Փաշինյանի վախերի դրսևորումն է միայն. Աննա Գրիգորյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյան անդրադառնալով գործարար-բարերար Սամվել Կարապետյանի կալանավորմանը՝ միացնելով 2018 թ-ի Նիկոլ Փաշինյանի հայտարարության մի ձայնագրություն, որտեղ վերջինը խոսում էր Սամվել Կարապետյանի ու Ռուբեն Վարդանյանի՝ Հայաստանում կատարած միլիոնավոր դոլարներ ներդրումներին և առաջարկում է ծափահարել ինչպես Սամվել Կարապետյանին, այնպես էլ Ռուբեն Վարդանյանին։

«Ես գիտեմ ինչու են իրենք ներդրում արել Հայաստանի Հանրապետությունում և Արցախում, որովհետև Հայաստանի Հանրապետությունը և Արցախն իրենց հայրենիք են և նրանք սիրում են իրենց հայրենիքը։ Իսկ ինչու է հիմա Սամվել Կարապետյանն այս իշխանության օրոք կալանավորված, և ինչու է Ռուբեն Վարդանյանը Ալիևի ռեժիմի օրոք կալանավորված՝ այդ հարցի պատասխանը ես ևս գիտեմ, որովհետև դուք երկուսդ էլ ատում եք հայ ժողովրդին և հայկական պետականությունները, ինչպես Հայաստանի Հանրապետությունը, այնպես էլ Արցախը»։

Ապա Գրիգորյանը մեջբերեց Փաշինյանի վերջին գրառումներից մեկը որտեղ նա գրել էր. «հիմա ես իմ ձևով կմիջամտեմ»։ «Առաջ գոնե ձև էին անում, որ կա իրավական գործընթաց, որ կան դատական պրոցեսներ և այլն, քննիչներն իրենք են ինչ-որ գործընթացներ իրականացնում, հիմա WhatsApp-ով SMS-ների փոխարեն՝ ուղղակի գալիս է ֆեյսբուքյան արդարադատությունը, ֆեյսբուքյան ուղիղ ցուցումներով մարդիկ են կալանավորվում։ Սա է այն համակարգը, որ դուք ստեղծել էիք, զանգովի արդարադատության դեմ էիք պայքարում մինչև 18 թվականը, 18 թվականից հետո մի հատ «ափգրեյդ» եղաք ու ստացվեց ֆեյսբուքյան արդարադատության իրականացում»,- ասաց Գրիգորյանը՝ հարց ուղղելով Փաշինյանին. «ձեր ոգին փառավորվե՞ց երեկ, երբ կալանավորեցին Սամվել Կարապետյանին, իսկապես ձեր ոգին փառավորվե՞ց, տոնո՞ւմ էիք երեկ։ Ես վստահ եմ, որ Ալիևը տոնում էր, որովհետև տարիներ առաջ հետախուզում էր հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, տոնած կլինեիք, այդ տեղ կասկած չունեմ, ձեզ ուժե՞ղ էիք զգում։

Ես վստահեցնում եմ, դա ընդհանրապես ուժի գործոն չէ, ուժի ցուցադրություն չէր, այլ բացառապես թուլության, վախերի ցուցադրություն։ Ուզում եմ հասկանամ, այդ ինչի՞ց եք էլի այդքան վախենում, մարդն ընդամենը ասել է, որ եկեղեցու կողքին կանգնած է լինելու, եկեղեցուն է պաշտպանելու, այդ ի՞նչ մի այսպես վախեցած, սարսափած վիճակում եք գտնվում։ Այո, պետք է արձանագրել, Սամվել Կարապետյանի կալանավորումը Նիկոլ Փաշինյանի վախերի դրսևորում է, ուրիշ որևէ բան չկա այստեղ»,- ընդգծեց պատգամավորն՝ ընդգծելով,որ Նիկոլ Փաշինյանն ատում է հաջողակ մարդկանց, ատում է այն մարդկանց, ովքեր հաղթանակի հետ են ասոցացվում, ատում է մարդկանց, ովքեր արժեք են ստեղծում, ու էական չի, թե այդ մարդիկ ովքեր են, նախագահներ լինեն, զինվորականներ լինեն, բիզնեսմեններ լինեն, թե ուղղակի սպորտսմեններ, դրա օրինակը Հենրիխ Մխիթարյանն է, Լևոն Արոնյանը և մյուսները։