Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտակ Կարապետյանի որոշմամբ՝ հունիսի 18-ին 2 ամսով կալանավորվեց գործարար Սամվել Կարապետյանը։
Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները, կամ տեղեկատվական, կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով:
Ըստ մեղադրանքի՝ այն միտքը, որը Կարապետյանը հայտնել է լրագրողի հետ զրույցում, այս հոդվածով նախատեսված հանցակազմ է պարունակում։ «Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձեւով ենք մասնակցելու էդ ամեն ինչին»,- ասել էր Կարապետյանը` իր աջակցությունը հայտնելով Հայ առաքելական եկեղեցուն:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գագիկ Ղազինյանին Հրապարակ թերթը հարցրել է․ ինչպե՞ս կմեկնաբանի ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ՝ դատավոր Արտակ Կարապետյանի որոշումը՝ գործարարին կալանավորելու վերաբերյալ։
«Այնտեղ իրավական որեւէ բան չկա, որպեսզի նորմալ իրավաբանը դա դիտարկի, բացարձակորեն որեւէ բան չկա։ Նույնիսկ այնպես չէ, որ ասեմ՝ վայ, գործի նյութերին ծանոթանամ եւ այլն: Հիմա ի՞նչ ասեմ, այդտեղ բարոյականության խնդիր է, որն այսօր գոյություն չունի, ցավոք սրտի»։
– Ակնհա՞յտ է, որ դատավորը պատվեր է կատարել։
– Դե, չեմ կարող դա ասել, գուցե ինքն իր հոգու կանչով է այդ որոշումը կայացրել, դա արդեն իր խնդիրն է։ Թե հոգու կանչն ինչ է իրեն թելադրել, որովհետեւ պատվերը տվողի եւ ստացողի պահը չեմ ֆիքսել, դրա համար ավելի զգույշ կլինեմ, որ ասեմ: Ինքը կարող է ասել՝ դա իմ համոզմունքն է, այդ դեպքում մնում է դա իր խղճին, բայց այդտեղ բացարձակ իրավաբանություն չկա։ Եթե մի քիչ ավելի ընդհանուր գնահատական տանք, մեր երկրում իրավական գործընթաց, վերապահումով ասեմ՝ գրեթե գոյություն չունի, ամեն ինչ քաղաքականացված է, ամեն ինչ պայմանավորված է պատվիրատուներով, իրավական գործընթացի մասին խոսք չկա։ Եթե նկատել եք՝ ես խուսափում եմ այդ հարցերով խոսելուց: Առաջ համեմատաբար ակտիվ էի, բայց հիմա ասելիք չկա։
– Մի՞թե այս դատական ակտը վառ օրինակ չէ՝ Իրավաբանության ֆակուլտետի ուսանողներին ցույց տալու, թե ինչպիսի դատական ակտ չպետք է կայացնի դատավորը։
– Բնականաբար, սա շատ լավ օրինակ է՝ ուսանողներին հակառակ օրինակով ցույց տալու, թե ինչպիսին չպետք է լինի իրավաբանը, եւ մենք, ըստ անհրաժեշտության, օրինակները բերում ենք։ Մենք որդեգրել ենք ուսումնական պրոցեսում, այսպես ասած, օրինակներով պրակտիկ գիտելիքներ հրամցնել։ Տեսականը շատ լավ է, որ տիրապետում են, ինչպես կիրառել կյանքում… Ես շատ եմ ասում, որ շատ ավելի վտանգավոր է ունենալ լավ իրավաբան, որը վատ մարդ է, վատ քաղաքացի է, բարոյականության հետ խնդիրներ ունի, արժեքների հետ եւ այլն։ Ավելի լավ է լինել թույլ գիտելիքներով, բայց նորմալ քաղաքացի, նորմալ մարդ։ Ցավոք սրտի, ունենք շրջանավարտներ, այդ թվում` ոչ բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր իրենց մասնագիտությանը դավաճանում են։
Բաց մի թողեք
Էս ի՞նչ «բեսպրեդել ա», Ստեփանավանից Տաշիր էինք գալիս, մեքենան անհիմն տարան տուգանային հրապարակ․ քաղաքացի
ՀԷՑ-ի պետականացումը բացասական մեսսիջ օտարերկրյա ներդրողների համար
Ինչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը