Երեկ Ազգային ժողովի ամբիոնից պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը անդրադարձավ Եկեղեցի–պետություն հարաբերությունների համակարգող հանձնախմբի աշխատանքներին՝ ներկայացնելով դրանք որպես գործընթաց, որտեղ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչների մտահոգությունը իբրև թե եղել է բացառապես հարկերից խուսափելը։
Վեհափառ Հայրապետի կողմից հիշյալ համակարգող հանձնախմբում ղեկավար է նշանակվել Տ. Արշակ արք. Խաչատրյանը, քարտուղար՝ ես։
Մասնակցելով հանձնախմբի մի շարք նիստերին՝ պարտք եմ համարում արձանագրել հետևյալը․ ԱԺ-ում հնչած այդ հայտարարությունները ամբողջապես խեղաթյուրում են իրականությունը։
Հանձնախմբի ձևավորման նպատակն էր քննարկել և կարգավորել Եկեղեցի–պետություն հարաբերություններին առնչվող կարևորագույն հարցերը։ Այդ նպատակի շրջանակում Հայոց Եկեղեցին ինքը իշխանական կողմին ներկայացրել է կրթական, մշակութային, օրենսդրական, հարկային ոլորտներին, ինչպես նաև պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող սրբավայրերի պահպանությանն առնչվող ընդհանուր առմամբ շուրջ 40 հարց։
Այդ ուղղությամբ Մայր Աթոռը ձևավորել է մասնագիտական ենթախմբեր, իրականացրել է մեծ ծավալի նախապատրաստական աշխատանք, հանդես է եկել կառուցողական դիրքերից և գործադրել է հետևողական ջանքեր՝ փոխգործակցության միջոցով առկա խնդիրները լուծելու համար։ Փոխարենը՝ իշխանական կողմից այդ գործընթացին համարժեք պատասխան չի տրվել։ Եվ այժմ, շրջանցելով ամբողջ այս գործընթացը, հնչեցվում է պնդում, թե Եկեղեցու միակ մտահոգությունը եղել է հարկերից խուսափելը։
Եթե Եկեղեցին փորձել է խուսափել հարկերից, ապա ինչո՞ւ է տարիներ շարունակ ներառվում Հայաստանի խոշոր հարկատուների պաշտոնական ցանկերում։
Խոսել այն մասին, թե Եկեղեցին փորձել է խուսափել հարկերից՝ այն պարագայում, երբ Մայր Աթոռը փաստացի եղել է երկխոսության և համագործակցության նախաձեռնող կողմը, լավագույն դեպքում ապատեղեկատվություն է։
Վերջում կցանկանայի արձագանքել նաև Արշակ Սրբազանի հասցեին նույն ելույթի ժամանակ հնչեցված Է. Աղաջանյանի բնութագրումներին։
Այն, որ Արշակ Սրբազանը առաջին անգամ չէ, որ ենթարկվում է այս իշխանությունների կողմից նմանօրինակ «քննադատության», նորություն չէ և ոչ էլ զարմանալի։ Հնչած որակումներին հնարավոր է տալ միայն մեկ բանաձևում՝ հերյուրանք։ Արձագանքել ավելին՝ ավելորդ է։
Մովսես քհն. Սահակյան
Բաց մի թողեք
«Ադրբեջանը ձգտում է համաձայնագրեր կնքել Հայաստանի հետ»․ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի թեկնածու. Լուսանկար
Հասկանալի չէ՝ այդ ե՞րբ 46 կմ-ը դարձավ 32․ Հրանտ Բագրատյան
Ռուսաստանին ու Թուրքիային այստեղից դուրս են մղել Միացյալ նահանգները. Սարգսյան