21/06/2025

Փաշինյանը վախեցել է Կարապետյանի մեծ հեղինակությունից ու սեփական իշխանությունը կորցնելուց

Ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանը Հայ առաքելական եկեղեցին պաշտպանելու մասին հայտարարությունից հետո՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգով,  կալանավորվեց` իբր իշխանությունը բռնի զավթելու կոչի համար: Ապա սկսեցին տարբեր տեսակետներ տարածել, թե դրա հետեւում կանգնած է Ռուսաստանը, Կարապետյանին ուղարկել են՝ իշխանությունը Փաշինյանից խլելու:

Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը «Հրապարակի» հետ զրույցում շեշտեց, որ Հայ առաքելական եկեղեցին հնագույն քրիստոնեական եկեղեցի է, որի շնորհիվ հայերը դարեր շարունակ կարողացել են պահպանել իրենց ազգային դեմքը, ազգային ես-ը, եւ Կարապետյանի հայտարարության մեջ ռուսական հետք չի կարող լինել: «Հայերի հազարավոր տարիների պատմությունը կապված է Եկեղեցու հետ: Կարապետյանն իր աջակցությունն է հայտնել Եկեղեցուն: Հայ առաքելական եկեղեցին անկախ եկեղեցի է: Այո, հայկական եկեղեցին ունի լավ հարաբերություններ մեր ուղղափառ եկեղեցու հետ, Հայ առաքելական եկեղեցին մեզ համար ամբողջությամբ հավասարազոր գործընկեր է: Այն, որ Կարապետյանը Հայ առաքելական եկեղեցու մասին հայտարարություն է արել, սա խոսում է այն մասին, որ ինքն իրեն հայ է զգում, նա գիտի հայոց պատմությունը, պատրաստ է աջակցել հայերի էթնիկ ինքնագիտակցության աճին, հասկանում է, որ, ինչպես Ուկրաինայում, ազգային իդենտիֆիկացիան սպանելու համար նրանք սկսեցին ոչնչացնել եկեղեցին, եթե Հայաստանում եկեղեցին ոչնչացվի, ովքե՞ր են նրանք լինելու՝ Լուսնից իջածնե՞ր, մարսեցինե՞ր, ովքե՞ր: Սա ինչ-որ փաթեթավորում է, եւ իրական խնդիրն այլ է: Փաշինյանը երեւի վախենում է Կարապետյանի հեղինակությունից»,- ասում է Տարասովը:

Ռուս քաղաքագետը նշում է, որ, հավանաբար, Փաշինյանը վախեցել է Կարապետյանի մեծ հեղինակությունից ու սեփական իշխանությունը կորցնելու, այսպես են նրա գործողություններն ընկալվում Մոսկվայում: Հարցին, թե արդյոք ռուսական կողմը Կարապետյանի առնչությամբ որեւէ քայլ կձեռնարկի՞, ռուս քաղաքագետն ասաց, որ բազմաթիվ հայեր երկքաղաքացիություն ունեն, եւ չկա որեւէ ֆակտոր, որը կարող է խոսել այս գործընթացի վրա Ռուսաստանի ազդեցության մասին, ոչ մի հիմք չկա: Արդյո՞ք այս գործողությունները խոսում են Փաշինյանի իշխանության սասանվող հիմքերի մասին։ «Դա ձեր ներքին տեղեկատվությունն է, մենք նման տեղեկատվության չենք տիրապետում, բարդ է դա մեկնաբանելը, ոչինչ ասել չեմ կարող»: