Հետխորհրդային երկրներում ապատեղեկատվական արշավներ իրականացնող «Մատրյոշկա» անունով կրեմլյան ցանցը առաջին անգամ թիրախավորել է Հայաստանը: Մասնավորապես, հունիսի 12-ից սկսած, ցանցի բոտերը* մեկնարկել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ արշավ՝ սուր քննադատական և կեղծ պնդումներով:
*«Բոտը» (անգլերեն robot բառից) ծրագիր է, որն ինքնաշխատ կերպով կատարում է որոշակի գործողություններ մարդու փոխարեն կամ մարդու նման։ Այս պարագայում խոսքը սոցիալական ցանցերում լայն տարածված՝ ապատեղեկատվություն տարածող բոտերի մասին է, որոնք հրապարակումներ են անում ավտոմատ կերպով։
Ռուսաստանյան The Insider լրատվամիջոցին տված հարցազրույցում ապատեղեկատվական այս արշավից մանրամասներ է հայտնել «տրոլլների ֆաբրիկաների»* հետազոտող, X-ում որպես «Բոտերի արգելափակող» (bot blocker,блокировщик ботов) հայտնի հարթակը։
*«Տրոլլների ֆաբրիկա» (ռուս.՝ фабрика троллей) արտահայտությունը նշանակում է կազմակերպված, համակարգված խմբեր կամ կազմակերպություններ, որոնք ստեղծվում են սոցիալական մեդիայում՝ ապատեղեկատվություն, մանիպուլյատիվ բովանդակություն, քարոզչություն տարածելու և հանրային կարծիք ձևավորելու համար։ Տերմինը հատկապես տարածում ստացավ այն բանից հետո, երբ բացահայտվեց Սանկտ Պետերբուրգում հիմնված Интернет-исследования կենտրոնը (հայտնի որպես IRA՝ Internet Research Agency), որը զբաղվում էր այլ երկրներում՝ հատկապես Արևմուտքում, ընտրական գործընթացների վրա ազդելու փորձերով։
Այսպես, X և TikTok սոցիալական ցանցերում տարածվել են Փաշինյանին քննադատող հրապարակումներ, որոնցից մի քանիսը ներկայացվում են որպես խոշոր միջազգային լրատվամիջոցների ստեղծած տեսանյութեր։ Տարածված տեսանյութերի մի մասն էլ պատրաստված է աշխարհի տարբեր համալսարանների պրոֆեսորների հարցազրույցներից։
Ուսումնասիրված տեսանյութերի մեծ մասը նվիրված է 1915 թվականի Հայոց ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանին վերագրվող ուրացման ու ժխտողական քաղաքականությանը․ օրինակ՝ տեսանյութերից մեկում օգտագործվել է Կանադայի Մաունթ Ալիսոն համալսարանի պրոֆեսոր Ջոշ Կուրեկի հանրային խոսքը, որում Կուրեկն իբր ասում է, թե ցնցված է իր հայ ուսանողների պատմություններից՝ ՀՀ գործող իշխանությունների կողմից Ցեղասպանության փաստը թաքցնելու քաղաքականության մասին։
«Վերջին յոթ տարիների ընթացքում Հայաստանի պաշտոնական լրատվամիջոցները գրեթե չեն խոսել Հայոց ցեղասպանության մասին՝ որպես 20-րդ դարի սկզբի ամենաողբերգական և կարևոր իրադարձություններից մեկի»,- տեսանյութում ասում է Կուրեկը:
Իրականում, սակայն, տեսանյութում, որը համալսարանի Youtube-յան էջում հրապարակվել է 2024 թվականի հոկտեմբերի 21-ին, համալսարանի պրոֆեսորը դասախոսություն է կարդում շրջակա միջավայրին վերաբերող թեմաներից մեկի մասին։
Ցանցն օգտագործել է օրիգինալ տեսանյութի առաջին մի քանի վայրկյանները, ինչպես նաև պրոֆեսորի ձայնը՝ արհեստական բանականության միջոցով կեղծ տեքստի արտաբերման նպատակով։
«Մատրյոշկա» ցանցի տարածած տեսանյութերից որոշները «քողարկված» են որպես խոշոր արտասահմանյան լրատվամիջոցների սոցցանցերի տեսանյութեր, այդ թվում՝ Euronews-ի, France 24-ի, թուրքական Yeni Şafak-ի և հայկական Tert.am-ի։
Դրանցից մեկում, որը վերագրվում է Euronews հեռուստաալիքին, պնդում է արվում, թե Հայաստանը կոռուպցիայի մակարդակով առաջատարն է Մերձավոր Արևելքի երկրների շարքում։
Transparency International-ի կոռուպցիայի ընկալման ինդեքսի համաձայն, սակայն, ՀՀ-ն հարևան երկրների շարքում ունի լավագույն ցուցանիշներից մեկը (100-ից 47 միավոր)։ Վրաստանն ավելի բարձր է (53), իսկ Թուրքիան (34) կամ Ադրբեջանը (22) զգալիորեն զիջում են Հայաստանին։
Մեկ այլ՝ թուրքական Yeni Şafak լրատվամիջոցի անվան տակ հրապարակված տեսանյութում պնդում կա, որ Փաշինյանն ուժեղ հանգստացնողներ է ընդունում, և այդ մասին, իբրև թե, լրատվամիջոցին հայտնել է ամերիկացի նյարդաբան Նենսի Անդրեասենը։ Սակայն բաց աղբյուրներում այս պնդումը հաստատող որևէ տեղեկություն չկա։
Ինչու և ինչպես է գործում «Մատրյոշկան»
2023 թվականին ստեղծված «Մատրյոշկան» ապատեղեկատվական արշավներ կազմակերպող ու իրականացնող ռուսաստանյան ցանց է, որը համարվում է Կրեմլի կողմից համակարգվող ամենամեծ և ամենահմուտ քարոզչական ցանցը։ Դրա ապատեղեկատվական արշավներն ու գործողություններն ուղղված են Արևմուտքի, ինչպես նաև հետխորհրդային երկրներում արևմտամետ իշխանությունների նկատմամբ վստահության թուլացմանը և վարկաբեկմանը։
Այն գործում է հիմնականում սոցիալական հարթակներում (X, TikTok և այլն) և բոտերի միջոցով տարածում տեսանյութեր ու հոդվածներ, որոնք քողարկվում են իրական լրատվամիջոցների (օրինակ՝ Deutsche Welle, E! News, USA Today և այլն) անվան տակ:
Տեսանյութեր պատրաստելիս օգտագործվում են Deepfake գեներացնող արհեստական բանականությամբ տեխնոլոգիաներ, կեղծ վերնագրեր ու նյութեր։
«Մատրյոշկայի» թիրախները․ հայտնի դեպքեր
Այս տարվա սկզբին սոցիալական մեդիայում լայնորեն տարածվել էր կեղծված տեսանյութ, որը քողարկված էր ամերիկյան E! News լրատվամիջոցի անվան տակ։ Տեսանյութում պնդում էր արվում, թե USAID-ին (ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն) գումար է վճարել հոլիվուդյան աստղերին՝ Ուկրաինա այցելելու և աջակցության ուղերձներ հղելու համար։
Տեսանյութում կեղծ տպավորություն էր ստեղծվել, թե աղբյուրը իրական լրատվական է։ Սակայն միջազգային փաստերի ստուգող հարթակներ և լրագրողներ բացահայտել էին, որ այն կեղծ է և որևէ կապ չունի E! News-ի կամ USAID-ի պաշտոնական հաղորդագրությունների հետ։ E! News լրատվամիջոցը ևս հերքել էր իր կապը տեսանյութի հետ։
Ի դեպ, այս կեղծ պնդումն ավելի ուշ կրկնել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Ցանցն ակտիվորեն ներգրավված է եղել նաև Մոլդովայի նախագահական ընտրությունների ընթացքում արևմտամետ թեկնածու և այժմ երկրի նախագահ Մայա Սանդուի դեմ ապատեղեկատվական արշավին՝ այն նույն մեթոդներով, որոնք օգտագործվում են Փաշինյանի դեմ արշավում։
Սանդուի դեմ քարոզչական տեսանյութերում պնդում էր արվում, թե նա բռնաճնշումներ է կիրառում իր քաղաքական հակառակորդների հանդեպ և ղեկավարում է համակարգային կոռուպցիան իր երկրում։
Նանե Մանասյան
Բաց մի թողեք
Թուրքիան հայտարարում է տարածաշրջանում իր առաջնորդության մասին
«Կալուգայի Սամոն» «զադնի դրեց» կամ՝ «մկան խաղը մինչև մարագն է»
Դոնալդ Թրամփը սպասում է ինչ-որ բանի` Պուտինի ու Ծինփինի առաջարկի՞ն