Թուրքիա այցից չպետք է չափազանցված սպասելիքներ ունենալ, Թուրքիայում հայ համայնքի հետ հանդիպմանը ասել էր Նիկոլ Փաշինյանը: Այդ հանդիպումը կայացել էր մինչև Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպումը:
Էրդողանի հետ հանդիպումից հետո տարածվել է հաղորդագրություն, որն, ըստ էության, հայ-թուրքական շփումների և գործընթացի անցնող երեք տարիների «ստանդարտի» շրջանակում է:
Բուն բովանդակությունը, թերևս, այդ «ստանդարտի» ներքո է, որտեղ պետք է առաջնորդվել կռահումներով, համենայն դեպս, քանի դեռ չկան առավել ստույգ հայտարարություններ ու տեղեկություններ:
Էական հարցերից մեկն այն է, թե ի՞նչ ազդեցություն է գործել այցի բովանդակության ու քննարկումների վրա Իրանի դեմ պատերազմը, եթե նկատի ունենանք այն, որ Փաշինյանի այցի հնարավորության մասին տեղեկությունը դրանից օրեր առաջ էր, այսինքն` այցի գաղափարն ու պլանավորումը իրականացվել է օրեր առաջ:
Բայց, հունիսի 13-ի առավոտից ռեգիոնում այլևս բոլորովին ուրիշ իրավիճակ էր, և թող չհնչի ստանդարտ՝ բայց այդ պահից սկսած ռեգիոնը, թերևս, այլևս չի էլ լինի նախկինը: Խոսքը բնականաբար մեծ մերձավորարևելյան ռեգիոնի, այդ թվում Կովկասի մասին է:
Ինչպիսին կլինի այն, այսօր հնարավոր է դիտարկել հարաբերականորեն, շատ բան կախված է լինելու իրան-իսրայելյան պատերազմի ընթացքից: Ստամբուլում Փաշինյան-Էրդողան հանդիպումը չէր կարող իր վրա չզգալ Իրանի դեմ պատերազմի ազդեցությունը:
Հավանաբար, հենց դա նկատի ունենալով է նաև, որ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ասել է, որ պետք չէ ունենալ չափազանցված սպասումներ:
Այդուհանդերձ, այդ մակարդակի այցը՝ այն էլ Հայաստանի պաշտոնյաների գնահատմամբ «պատմական» որակված, պետք է ունենա որևէ արդյունք՝ ստանդարտ արձանագրումներից զատ: Հետևաբար` այստեղ առանցքային հարցը, թե ի՞նչ արդյունք են քողարկում այդ ստանդարտ արձանագրումները:
Կասկածից վեր է՝ դուր գա մեզ դա, թե ոչ, որ անվտանգային միջավայրի կառավարման հարցում նաև Թուրքիայի ուղղությամբ աշխատանքը գործնականում անխուսափելի է: Սրա պատճառների մասին հնարավոր է խոսել երկար, բայց դրանից չեն փոխվի իրողությունները:
Ըստ այդմ` գլխավոր հարցն այն է, թե Հայաստանը որքանով արդյունավետ է իրականացնում այդ աշխատանքը, որքանով է այդ աշխատանքը իրականացվում առանց Հայաստանի համար ռազմավարական գծերի խախտման:
Բաց մի թողեք
Ինքնորոշում. քաղաքական ազգի ֆենոմենը
Հայ-թուրքական հարաբերության հեռանկար կա արդյոք
Իսրայել-իրանական պատերազմի դադարեցման առնչությամբ ձեւավորվում է առնվազն երկու դիվանագիտական առաջարկ