21/06/2025

Իրանաիսրայելական առճակատման ֆոնին ակտիվացել է իրանական վերջին միապետի որդին՝ գահաժառանգ արքայազն Ռըզա Փեհլեւին

Նա հայտարարել է, որ «Իսլամական Հանրապետությունը հասել է իր վերջնագծին ու գտնվում է կազմաքանդման գործընթացում», եւ «այդ սարսափին» մեկընդմիշտ վերջ տալ կարող է իրանցի ժողովուրդը՝ ապստամբություն բարձրացնելով։

ԱՄՆ-ում բնակվող եւ ԱՄՆ-ից հովանավորվող արքայազն Ռըզա Փեհլեւիի ակտիվացումը շատ հետաքրքրական է։ Փեհլեւիների արքայատոհմն Իրանի պատմության մեջ ունեցել է 2 միապետ, թեեւ բավականին բան արել է իրանցի ժողովրդի եւ իրանական պետականության համար։

Ռուս վերլուծաբան Ալեքսեյ Մակարկինն ուշագրավ է համարում այն, որ արքայազն Ռըզան չի հայտարարել, թե պատրաստ է իսլամական վարչակարգի ոչնչացումից հետո վերադառնալ եւ գրավել հայրական գահը, այլ միայն ասել է, որ իրանցիները չպետք է վախենան հնարավոր քաղաքացիական պատերազմից, անկայունությունից, քանի որ իրանական ընդդիմությունն արդեն ծրագիր ունի՝ Իրանի ծաղկուն ապագայի վերաբերյալ։

Ինչու է ակտիվացել «գահաժառանգ արքայազնը»

Նաեւ ասել է, որ իրանական ընդդիմությունը նախատեսում է կրոնապետության անկումից հետո ձեւավորել ազգային, դեմոկրատական կառավարություն, որը կստեղծվի իրանցի ժողովրդի կողմից եւ իրանցի ժողովրդի համար։ Փեհլեւիների արքայատոհմն իրանական պատմության մեջ այնքան էլ խոր արմատներ չունի, իսկ նրա համբավն իրանական միջավայրում խիստ հակասական է։ Դրա համար էլ միապետության վերականգնման մասին ցանկացած խոսակցություն կարող է պարզապես սարսափի մատնել իսլամական վարչակարգի դեմ տրամադրված մի ստվար մասի։

Փեհլեւիների կառավարման շրջանում Իրանում 2 արդիականացման ծրագիր է իրականացվել։

Առաջինը՝ Ռըզա շահի կողմից 1930-ականներին։ Այդ ժամանակ երկրում սահմանվեց եվրոպական կրթակարգ, ակտիվորեն սկսեցին կառուցվել ճանապարհներ եւ արդյունաբերական ձեռնարկություններ, ստեղծվեց բանակ՝ ցեղային աշխարհազորի փոխարեն, քաղաքացիական ծառայության համակարգ, ստեղծվեց բանկային համակարգ, կազմակերպվեց ազգային առողջապահության համակարգը, իրականացվեցին դատական բարեփոխումներ։

Եղան նաեւ կենցաղային փոփոխություններ։ Բոլոր տղամարդիկ, բացի իսլամ կրոնավորներից, սկսեցին կրել արեւմտյան տիպի հագուստ, կանանց արգելվեց չադրաներ կրել։ Արդիականացման երկրորդ փուլն իրականացրել է նրա որդին՝ ներկայիս գահաժառանգ Ռըզայի հայրը՝ Մուհամմեդ Ռըզա Փեհլեւին։ Նա այն անվանեց «Սպիտակ հեղափոխություն»։

Արդիականացման այդ ծրագիրը սկսվեց 1963 թվականին եւ ներառեց ագրարային բարեփոխումներ, պետական ձեռնարկությունների մասնավորեցում, գյուղերի զարգացման հեռանկարներ ստեղծվեցին․ բանվորներին հնարավորություն տրվեց մասնաբաժին ունենալ ձեռնարկությունների եկամուտներից, կանանց ձայնի իրավունք շնորհվեց։

Պայքար սկսվեց անգրագիտության դեմ, գյուղերում փորձեցին ստեղծել առողջապահական տեղական ցանց, գյուղացիների շրջանում ժամանակակից գյուղատնտեսության ուսուցում իրականացվեց, եւ էլի բազմաթիվ բաներ։ Մուհամմեդ-Ռըզա շահի օրոք էր, որ Իրանում սկսեց զարգանալ միջուկային էներգետիկան։

«Սպիտակ հեղափոխությունը» նպաստեց, որ Իրանը զգալիորեն զարգանա։ Սակայն Փեհլեւիների կառավարումն ավարտվեց կրախով, եւ 1978-79 թթ․ հեղափոխության արդյունքում հաստատվեց իսլամական վարչակարգը։

Միապետական վարչակարգի կործանման շատ պատճառներ կարելի է նշել՝ շահի հիվանդությունը, ԱՄՆ ցուցաբերած անվճռականությունը, «դավադրության տեսությունը», թե ամերիկացիներն են իշխանության բերել այաթոլլա Խոմեյնիին։ Սակայն խնդիրներն իրականում ավելի խորքային են եղել։ Ռըզա շահն իր արդիականացման ծրագիրն իրականացնելիս օրինակ էր վերցնում Քեմալ Աթաթյուրքից։ Սակայն Աթաթյուրքն իշխանության էր եկել ազգային-ազատագրական պայքարի արդյունքում, իսկ Փեհլեւիների 2 միապետերն իրանական հասարակության կողմից ընկալվել են որպես օտարերկրացիների հետ համագործակցողներ։ 2 վերջին միապետերի արդիականացման ծրագրերը, սակայն, նաեւ որոշ բացասական էլեմենտներ էին պարունակում։

Ռըզա շահը, օրինակ, հրաժարվեց թուրքական տիպի հանրապետության հռչակումից եւ պահպանեց միապետությունը։ Մոհամմեդ Ռըզա շահը՝ նրա որդին, ավելի շատ հակվեց իրանական ազգայնականությանը, սակայն սկսեց լեգիտիմություն փնտրել ոչ թե արդիականության, այլ պատմության մեջ՝ հասնելով մինչեւ Պարսկական կայսրություն եւ Կյուրոս Մեծ։ Դրանով շահը հարվածեց իսլամ կրոնավորների շահերին, ցուցաբերեց անփույթ վերաբերմունք իսլամական կրոնի հանդեպ, հիջրայի օրացույցը փոխեց կայսրական օրացույցով, որի սկիզբը համարվեց Կյուրոս Մեծի ենթադրյալ թագադրման օրը։ Ու այդ ամենը՝ օտարերկրացիների ընդգծված ազդեցության պայմաններում, որի հետեւանքով իրանական ազգայնականությունը սկսեց ընկալվել որպես ֆորմալ, ի տարբերություն աթաթյուրքյան ազգայնականության։

Միապետական պալատի ճոխության, պետական համակարգի կոռումպացվածության կողքին հասարակ ժողովրդի աղքատությունն էր եւ «ՍԱՎԱԿ» հատուկ ծառայությունը՝ իր բռնաճնշումների ահռելի համակարգով ու խորացող բռնապետական ռեժիմով։ Կործանումից ոչ շատ առաջ շահը երկկուսակցական համակարգից անցում կատարեց միակուսակցական համակարգի։ Իսկ արդեն շահի կործանումից հետո իսլամական վարչակարգն օգտագործեց «Սպիտակ հեղափոխության» տնտեսական ու կրթական պոտենցիալը։ Սակայն արդիականացումն ու արխայիկ մտայնությունների հանդեպ հակվածությունը դարձավ խոչընդոտ նաեւ այս դեպքում։