17/07/2025

Իսրայելի համար Իրանի հետ հյուծիչ պատերազմի մեջ ներքաշվելու վտանգավորության մասին

«Մենք թույլ չենք տա մեզ հյուծիչ պատերազմի մեջ ներքաշել, բայց և չենք կորցնի պատմական պահը և չենք դադարեցնի հարվածները՝ մինչև չհասնենք նպատակին»,- Իրանի միջուկային օբյեկտների դեմ ԱՄՆ հարձակման հաջորդ օրը հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն:

Ամերիկյան «Ուոլ սթրիթ ջըրնալի» իրազեկ աղբյուրները, մինչդեռ, հայտնում են, որ Սպիտակ տունը «տարածաշրջանի արաբական երկու երկրի խնդրել է Իրանին փոխանցել, որ Իսրայելը պատրաստ է դադարեցնել հարվածները, եթե Իրանը հրաժարվի պատասխան գործողություններից»:

Ռուսատանյան «Նեզավիսիմայա գազետան» գրում է, որ Մոսկվան «հակաօդային և հակահրթիռային պաշտպանության միջոցներ է առաջարկել, բայց Թեհրանը չի ընդունել»: Պարբերականի ներկայացմամբ՝ Իրանին «շոշափելի ռազմական օգնություն ցույց տալ չի կարող նաև Չինաստանը, որի ռազմանավերը մոտեցել են Պարսից ծոցին, որպեսզի դիտարկեն ռազմական գործողությունները»:

Իսրայելի մշակույթի նախարար Էլիյահուն տեղական լրատվամիջոցներին ասել է, որ ռազմական գործողությունների նպատակներից մեկն էլ «կրոնապետության ուժային հենարանների ոչնչացումն է»:

Նա վկայակոչել է Թեհրանում «Բասիջի» կենտրոնակայանի թիրախավորումը: Իսրայելցի նախարարը բացահայտել է, որ Նաթանյահուի կառավարությունը գործուն կապեր է ստեղծել իրանական ընդդիմության հետ:

Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտը, մինչդեռ, համոզված է, որ Նաթանյահուն Իրանի դեմ պատերազմ է սկսել, որպեսզի թե միջազգային, թե իսրայելական հանրության ուշադրությունը շեղի Գազայից:

Նրա գնահատմամբ՝ Գազայում պատերազմն «Իսրայելին ոչ մի շահ չի բերել, ընդհակառակը թուլացրել միջազգային աջակցությունը»:

Ինչ վերաբերում է Իրանին, ապա Օլմերտի խորին համոզմամբ՝ «իննսուն միլիոն բնակչություն և պետական-քաղաքակրթական գոյության մի քանի հազարամյա պատմություն ունեցող երկիրը ոչ միայն չի մասնատվի, այլև ծնկի չի գա նույնիսկ ամերիկյան շատ ցավոտ հարվածներից հետո:

Օլմերտի տեղեկացվածությամբ, Իրանը «Իրանը շարունակում է պահպանել միջին և մեծ հեռահարության հրթիռների հզոր զինանոց», և նրա պատասխան հարվածները «կարող են վերջնականապես փլուզել Իսրայելի տնտեսությունը»:

Իսրայելի համար Իրանի հետ հյուծիչ պատերազմի մեջ ներքաշվելու վտանգավորության մասին են խոսում նաև մի շարք միջազգային վերլուծաբաններ:

Արևմտյան լրատվամիջոցներն արձանագրել են, որ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելուց հետո ամրիկյան ծանր ռմբակոծիչները «տուն են վերադարձել»: Ենթադրվում է, որ ԱՄՆ-ն գոնե մոտակա օրերին հարվածները չի կրկնի:

Միջազգային փորձագետները համարում են, որ ռազմական նախահարձակման միջոցով Իրանում ներքին խռովություններ և անջատողականություն հրահրելու իսրայելական ծրագիրն առ այս պահը չի աշխատում:

Ընդհակառակը, դիտարկվում է հանրային համախմբում: Ի տարբերություն Իրանի, Իսրայելում հանրային դժգոհություն է արձանագրվում: Ըստ երևույթին, հանրային դիմադրողունակության գործոնը պատերազմի ելքի համար կարող է եթե ոչ որոշիչ, ապա առնվազն նշանակալի դեր ունենալ: