31/07/2025

Քաղաքական բանաձևի դրույթները որքանո՞վ են ներգրվում իսրայելա-ադրբեջանական իրական հարաբերություններին

Ստամբուլում ավարտվել է Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների 51-րդ արտահերթ խորհրդաժողովը:

Թուրքական «Անադոլուն» տարածել է քննարկումների արդյունքում համաձայնեցված քաղաքական բանաձևի նախագիծը, որ ամենավճռական կերպով դատապարտում է Իրանի դեմ Իսրայելի ագրեսիան և շեշտում, որ Իսլամական հանրապետության միջուկային խաղաղ օբյեկտները գտնվում են Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության երաշխիքների ներքո:

Փաստաթուղթն ընդգծում է, որ իսրայելական ագրեսիան կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը և ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքները, որ պահանջում են հարգել պետությունների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը և արգելում ուժի կիրառում:

ԻՀԿ պետությունների արտաքին գործերի նախարարներն Իսրայելի այդ գործողությունները որակում են ագրեսիայի հանցագործություն, որ միջազգային հումանիտար իրավունքի տեսանկյունից ռազմական հանցագործություն է:

Փաստաթղթով ԻՀԿ անդամ բոլոր պետություններն վերահաստատում են Իրանի ժողովրդի և կառավարության հետ համերաշխությունը՝ ի աջակցություն նրա կողմից «իսրայելական ռեժիմի ագրեսիային դիմադրության»:

Բանաձևը պահանջում է, որպեսզի Իսրայելն անհապաղ դադարեցնի Իրանի դեմ բոլոր տեսակի հարձակումները, թույլ չտա հետագա էսկալացի՝ նկատի առնելով դրա վտանգավորությունը միջազային և տարածաշրջանային անվտանգության և խաղաղության համար:

Բավական ծավալուն փաստաթղթի գլխավոր ուղերձը, թերևս, կայանում է նրանում, որ ԻՀԿ անդամ պետությունները խսնտորեն քննադատում են Իրանի միջուկային օբյետներին ամերիկյան հարվածները, դա գնահատում որպես «իսրայելական ռեժիմի ագրեսիային բացահայտ աջակցություն, տարածաշրջանում ուժային հավասարակշռությանը հօգուտ Իսրայելի փոխելու և պահպանելու ակնհայտ ոչ հեռանկարային քաղաքականության դրսևորում»:

Բանաձևի հեղինակներն ի հակակակշիռ ԱՄՆ-ի և Իսրայելի միակողմանի քայլերի, առաջարկում են տարածաշրջանը հայտարարել միջուկային զենքից ազատ գոտի: Նրանք պահանջում են, որ Իսրայելը միանա միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին:

Փաստացի սա այն մոտեցումն է, որ ԱՄՆ հետ բանակցությունների վերջին փուլում առաջարկել է Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչին: ԱՄՆ-ն մերժել է Մերձավոր Արևելքը միջուկային զենքից ազատ գոտի հռչակելու և այդ հիման վրա Իսրայելի հետ պայմանագիր կնքելու գաղափարը:

Միանալով Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծությանը՝ Միացյալ Նահանգները պարզորոշ ազդակ են հղել, որ պաշտպանում են միջուկային զենք ունենալու Իսրայելի իրավունքը և նույն հարցում խստորեն մերժում Իրանին:

Հունիսի 22-ին, երևում է, Ստամբուլում Իրանը և Թուրքիան կարողացել են Իսրայելին միջուկային զենքից զրկելու անհրաժեշտության հարցում հասնել ԻՀԿ անդամ պետությունների գոնե հռչակագրային համաձայնությանը:

Դա, իհարկե, «այսբերգի երևացող մասն է», որքանո՞վ են ԻՀԿ անդամ բոլոր պետություններն Իսրայելի հետ հարաբերություններում միասնական՝ խնդիրը դա է: ԻՀԿ պետությունների արտգործնախարարների ստամբուլյան խորհրդաժողովին մասնակցել է նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը:

Քաղաքական բանաձևի դրույթները որքանո՞վ են ներգրվում իսրայելա-ադրբեջանական իրական հարաբերություններին:

Ստամբուլյան բանաձևը նաև դատապարտում է Իսրայելի կողմից Իրաքի օդային տարածքի խախտումները, բայց խոսք չկա Հորդանանի մասին, որի օդուժն, ընդհակառակը, Իսրայելին պաշտպանում է Իրանի հրթիռային հարձակումներից:

Հատկանշական է, որ Թուրքիայի տարածքում է գտնվում հրթիռային հարձակումներից վաղ նախազգուշացման ՆԱՏՕ-ի տարածաշրջանային ամենաարդիական կենտրոնը, որ ստեղծվել է հատուկ Իսրայելին Իրանի թիրախավորումներից զգուշացնելու համար:

Հռչակագիրը՝ հռչակագիր, բայց ԻՀԿ անդամ Պարսից ծոցի արաբական միապետությունները բոլորովին վերջերս են ԱՄՆ-ի հետ ներդրումային խոշոր ծրագրեր համաձայնեցրել: Այդ երկրների հետ լուրջ համագործակցություն ունի նաև Ադրբեջանը, իսկ Թուրքիան ծրագրում Պարսից ծոցը Միջերկրականի հետ կապող «Զարգացման ճանապարհ» կոմունիկացիա ստեղծել:

Իրական քաղաքականության ռեժիմում ԻՀԿ հռչակագիրը, նույնիսկ եթե անդամ բոլոր երկրների կողմից ստորագրվի կամ արդեն ստորագրվել է, Իրանին քիչ բան կտա: