12/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Հայաստանի տնտեսությանը ծառայեցնել այն մեծ տնտեսական ներուժը, որ ունի Չինաստանը

Չինաստան կատարած այցը սկսելով Չինաստանի միջազգային հետազոտությունների ինստիտուտում, Հայաստանի ԱԳ նախարար Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է Չինաստանի հետ հարաբերությունը բարձրացնել նոր մակարդակի:

Սա ակնարկ է ռազմավարական գործընկերության պատրաստակամության մասի՞ն, թե պարզապես դիվանագիտական հռետորաբանություն, որի ներքո Երևանն այդուհանդերձ չունի կոնկրետ պատկերացում և գուցե ապավինում է Չինաստանի որևէ առաջարկի:

Բայց, Չինաստանն առնվազն նախնական առաջարկ արել է՝ ապրիլին, երբ հոդված է հրապարակել Հայաստանում այն ժամանակ Չինաստանի գործերի հավատարմատարը, Երևանին առաջարկելով համատեղ գործունեության աշխարհաքաղաքական եւ աշխարհաքաղաքական տիրույթը՝ Գլոբալ հարավ, խոսելով նաև Շանհայի գործակցության կազմակերպությունում ինտեգրացիան խորացնելու մասին:

Արարատ Միրզոյանը կոնկրետություններն իհարկե կքննարկի արդեն պաշտոնյաների հետ հանդիպումներում, մասնավորապես իր չինացի գործընկերոջ՝ Վան Իի:

Չի բացառվում, որ Միրզոյանը հենց այդ ժամանակ կներկայացնի, թե Երևանն ի՞նչ է պատկերացնում հարաբերության նոր մակարդակ ասելով: Այստեղ սակայն խնդիրը իհարկե ձևակերպումը չէ՝ ռազմավարական, եթե նույնիսկ խոսք է գնում հենց ռազմավարական գործընկերության մակարդակի մասին:

Այստեղ շատ կարևոր է բովանդակությունը, դինամիկան, գործնականությունը: Հայաստանն օրինակ վերջին մեկ-երկու տարվա ընթացքում ռազմավարական գործընկերություն է հռչակել Վրաստանի հետ, ստորագրել համապատասխան հանձնաժողովների կանոնադրություն ԱՄՆ հետ, սակայն այդ նոր մակարդակներում կարծես թե չկա գործնականության ու որակի որևէ նոր առարկայական դրսևորում:

Հետևաբար, էականը այն չէ՝ կհայտարարվի՞ Չինաստանի հետ հարաբերության նոր մակարդակի որևէ մակդիր կամ էպիտետ, թե՞ ոչ:

Էականն այն է, թե Երևանը ծրագրային ինչ առաջարկներ կարող է քննարկել Չինաստանի հետ, դրանով նախ փորձելով ներգրավել և Հայաստանի տնտեսությանը ծառայեցնել այն մեծ տնտեսական ներուժը, որ ունի Չինաստանը: