31/10/2025

Սիրելի հավատացյալներ‚ ելնելով ստեղծված իրավիճակից՝ հորդորում ենք գնալ և նեցուկ լինել Մայր Եկեղեցուն. Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցի

Սիրելի հավատացյալներ‚ ելնելով ստեղծված իրավիճակից՝ հորդորում ենք գնալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և նեցուկ լինել Մայր Եկեղեցուն։

Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցի

Երբ ժանտախտ էր, պատուհաս, եկեղեցու զանգերն  անընդհատաբար հնչեցրել են, և  հնչողության բարերար ազդեցությունը բուժել է մարդկանց: Մարտի ժամանակ, երբ հայերը նեղն են ընկնում, սկսում են զարկել կոչնակները:

Դրանց զարմանալի համանվագից քաջալերված հայերը առաջ են նետվում և փայլուն հաղթանակ տանում: Զանգահարությամբ կարելի էր խափանել և համաճարակները, և երաշտն ու սովը, և բնական մյուս արհավիրքները: 1918թ. մայիսի 22-28-ին Սարդարապատի հերոսամարտի օրերին յոթ գիշեր ու ցերեկ անընդմեջ ղողանջում էին Արարատյան դաշտի և շրջակա վայրերի հայկական եկեղեցիների զանգերը, ազդարարում, որ հայ ժողովուրդը մահու և կենաց կռիվ է մղում: Սյունյաց աշխարհի Խոտ գյուղի մոտակայքի վանքը մի մեծ զանգ ուներ:

Ամեն անգամ հեռվում թշնամու հայտնվելուն պես այդ զանգը ղողանջում էր, և Սյունյաց քաջերը զորք կապած ընդառաջ էին դուրս գալիս թշնամուն և հաղթում: Բայց ահա Հայաստան արշավեց Լենկթեմուրը: Նա կաշառեց մի դավաճանի, ով կտրեց Սյունյաց աշխարհի նշանավոր զանգի լեզվակը: Թշնամին հարձակվեց Սյունիքի վրա:

Մարդիկ փորձեցին զանգը հնչեցնել և մարտի կանչել հայոց քաջերին, բայց բան չստացվեց, զանգը չէր ղողանջում: Եվ իրար ասացին՝ զանգն իզուր է, զանգը զուր է, որի պատճառով էլ այդ երկրամասը կոչվեց Զանգեզուր:

Այսօր Հայաստանյաց բոլոր եկեղեցիներում զանգերն անընդհատ ղողանջում են։ Արհավիրք է, արթնացիր,  հավատավոր ազգ։ Ի՞նչ է նշանակում դա։ Արհավիրք է և Եկեղեցին հավատացյալ ժողովրդին Եկեղեցի է հրավիրում։ Հայաստանյաց բոլոր Եկեղեցիների զանգը անտեր հոտին Եկեղեցի է հրավիրում։ Անտեր հոտը հավաքում, միաբանում է։