16/10/2025

Բաքվից դուխ են տալիս Փաշինյանին․ Ամենաճիշտ քայլերն ես ձեռք առնում

Ադրբեջանական իշխանական քարոզչակայքերից Հաքին.ազ-ը ծավալուն հոդված է նվիրել Նիկոլ Փաշինյանին՝ սատարելով նրա՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցու եւ ընդհանրապես հայության, հայ պետականության դեմ սկսած խաչակրաց արշավանքը:

Հրապարակ թերթը գրել է․ «Հայ ժողովուրդն աներեւակայելիորեն բախտավոր է, որ Նիկոլ Փաշինյանը պետության ղեկավարն է Հայաստանի համար այս ամենադժվար պատմական փուլում։ Առաջին հայացքից Փաշինյանը մեծ քաղաքական գործչի տպավորություն չի թողնում, ինչը, անշուշտ, այդպես չէ։

Նա թվում է սովորական հետխորհրդային մարդ. խոսքերով նա փորձում է հեռանալ Ռուսաստանից, բայց իրականում դեռեւս գտնվում է նրա ուղեծրում եւ դեռեւս որեւէ արդյունավետ քայլ չի ձեռնարկել՝ դրանից հեռանալու համար։ Հայաստանը դեռեւս շարունակում է մնալ կրիտիկական կախվածության մեջ Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերություններից, դեռեւս մաս է կազմում Մոսկվայի հետ կապված ինտեգրացիոն կառույցների՝ ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, Եվրասիական տնտեսական համայնքի…

Ընդհանուր առմամբ՝ շատ խոսքեր, բայց քիչ կոնկրետ գործողություններ։ Եվ, այնուամենայնիվ, Փաշինյանը Հայաստանում առաջին քաղաքական գործիչն է, որը, թեեւ դանդաղ, անհամոզիչ եւ անհետեւողականորեն, դեռեւս փորձում է ազատվել մոսկովյան օղակից։ Առաջին հայ քաղաքական գործիչը, որը չի բորբոքում թուրքաֆոբիայի կրակը եւ, որքան հնարավոր է, փորձում է քաղաքակիրթ հարաբերություններ կառուցել Բաքվի եւ Անկարայի հետ։

Կասկած չկա, որ վաղ թե ուշ նա կհաջողի, եւ հարեւան ազգերի միջեւ թշնամանքն աստիճանաբար կմարի։ Նիկոլ Փաշինյանն առաջին հայ քաղաքական գործիչն է, որը չի ամաչում հարձակվել հայ ազգային մտածելակերպի «սուրբ կովերի» վրա, որոնց ոչ ոք չէր համարձակվում դիպչել նրանից առաջ՝ բարձրաձայն եւ հրապարակայնորեն։

Փաշինյանը դեմ դուրս եկավ Եկեղեցուն եւ այդպիսով առաջ անցավ իր վրացի նախորդ Միխեիլ Սաակաշվիլուց, որը վախենում էր Եկեղեցուց եւ շատ քաղաքավարի էր նրա հանդեպ։ Ինչը, ի վերջո, հետապնդեց նրան, քանի որ Վրաց ուղղափառ եկեղեցին նշանակալի դեր խաղաց Սաակաշվիլու պարտության մեջ 2012 թվականի ընտրություններում։

Հայաստանի պատմությունը չի հիշում աշխարհիկ իշխանությունների եւ հոգեւորականության միջեւ նման բախում, եւ սա վարչապետի ամենաճիշտ եւ համարձակ քայլերից մեկն է։ Հայկական եկեղեցին, ինչպես իր վրացի գործընկերները, թերեւս Մոսկվայի գլխավոր գործակալն է, եւ ամենավտանգավորն այն է, որ խոսքը փողի մասին չէ։

Նախեւառաջ, վրացի եւ հայ քահանաներն իրենց ռուս գործընկերների հետ կապված են գաղափարական մտերմությամբ, եւ միայն դրանից հետո՝ ֆինանսական եւ նյութական դրդապատճառներով»,- ասվում է հոդվածում։

Հրապարակման մեջ նշվում է, որ Փաշինյանը չի վախենում դեմ գնալ ավանդական հայերին, որոնք, ինչպես ավանդական վրացիները, «իսկական բալաստ են, որոնք երկիրը ներքեւ են քաշում, եւ սա մեծ հաջողություն է»։ «Սակայն հայ ժողովուրդը բախտավոր է մեկ այլ առումով. նրանք Վրաստանի օրինակն ունեն իրենց աչքի առաջ: Սա նշանակում է, որ նրանք տեսնում են, թե ինչ ճակատագիր է նրանց սպասվում, ինչ ծրագրեր ունի Ռուսաստանը Հայաստանի համար: Այս օրինակը որքան պարզ է, այդքան՝ տխուր։

Հայ ժողովուրդը բախտավոր է, որ մոտակայքում ունի Վրաստան, որի օրինակով հայերը կարող են քայլ առ քայլ վերստեղծել ամբողջ պատկերը, որը կտեսնեն, եթե Նիկոլ Փաշինյանը նահանջի։ Այսօր Վրաստանի պետականությունը փլուզման եզրին է: Փրկության հույսը վրացի երիտասարդության ձեռքում է, որոնց կառավարությունը բանտարկում է, ծեծում, փորձում է դուրս մղել երկրից… Այս անհավասար պայքարի ավարտը հեռու է ակնհայտ լինելուց, եւ այսօր ոչ ոք չի ասի՝ կփրկվի՞ արդյոք իմ երկիրը։

Բայց դուք, Նիկոլ Վովայի, Հայաստանի օրինական ընտրված վարչապետն եք եւ կրում եք հսկայական պատմական պատասխանատվություն: Այնպես որ, համոզվեք, որ ձեր երկիրը չի կրկնի Վրաստանի սխալը։ Փրկեք Հայաստանը սողացող նվաճումից։ Եվ եթե կասկածներ ունեք այս հարցում, ապա մտեք ինտերնետ եւ կարդացեք, թե ինչ են գրում սովորական մարդիկ Վրաստանի իրավիճակի մասին»,- եզրափակում է հոդվածագիրը։

Ինչպես ասում են՝ առանց մեկնաբանության: