02/07/2025

Ալիևի համար Պուտինը «ռազմական հանցագործ» է

Ռուսաստանցի միլիարդատեր, իրավագիտության դոկտոր, Լենինգրադի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում Վլադիմիր Պուտինի համակուրսեցի Իլհամ Ռահիմովն անդրադարձել է Եկատերինբուրգում ԱԴԾ հատուկ նշանակության ջոկատի կողմից մի խումբ ադրբեջանցիների ձերբակալության ժամանակ տեղի ունեցած միջադեպերին, որոնց հետևանքով, ըստ տարբեր տեղեկությունների՝ երկու կամ հինգ «մարդ է սպանվել» և «պահանջել, որ մեղավորները բացահայտվեն և օրենքի ողջ խստությամբ պատժվեն»:

Ռաահիմովի այս կոչին շատ անսպասելի կոշտ արձագանքել է Բաքվի իշխանական haqqin.az-ը, որ բնութագրմամբ Ռահիմովը Մոսկվայի «գլխավոր շուկայապետն է և Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահ Բաստրիկինի հետ որոշում է, թե ով կարող է նախաթոռ քաղաքում միրգ և բանջարեղեն վաճառել»: Հրապարակումն ակնհայտորեն պատվիրված է, և Ռահիմովի հասցեին բոլոր բնորոշումները, պետք է վստահ լինել, համաձայնեցված են Իլհամ Ալիևի աշխատակազմի հետ:

«Իր քաղաքացիների և հայրենակիցների շահերի պաշտպանության գործում Ադրբեջանը ոչ ոքի օգնության եւ միջնորդության կարիքը չունի»,- ասում է հեղինակը և ավելացնում, որ իրավիճակին Ռահիմովի միջամտությունը վկայում է, որ նա Մոսկվայում «փորձում է ներկայանալ որպես Պուտինի մերձավոր ընկեր, ով կարող է նրա մոտ նախարարից բարձր հեղինակություն ունենալ, իսկ Բաքվում ստեղծել «մեծ հայրենասերի» կերպար»:

Ադրբեջանական աղբյուրները Պուտին-Ռահիմով ջերմ ընկերության մասին առաջին անգամ վկայել են հունգարական բանտից Ռամիլ Սաֆարովին Բաքվին արտահանձնելու կապակցությամբ:

Ըստ այդ տեղեկությունների՝ Ռահիմովը Պուտինին խնդրել է, որպեսզի նա Հունգարիայի վարչապետ Օրբանին համոզի, որ Ռամիլ Սաֆարովին արտահանձնի Ադրբեջանին: Այդ գործարքն, ինչպես ադրբեջանական վտարանդիության լրատվամիջոցներ են վկայել, արժեցել է երեք միլիարդ դոլար, որի մի մասը վճարել է Ռահիմովը:

Այսօր Իլհամ Ալիևի աշխատակազմի ուղղակի ենթակայությամբ գործող լրատվամիջոցը Եկատերինբուրգում կատարվածը համեմատում է Ուկրաինայում Ռուսաստանի վարած նվաճողական պատերազմի հետ և միանշանակորեն պնդում, որ ինչպես ուկրաինական քաղաքների հրթիռակոծման, այնպես էլ Եկատերինբուրգում ադրբեջանցիների դեմ հարձակման հրամանն «ուղղակիորեն տվել է Իլհամ Ռահիմովի սրտագին ընկեր Վլադիմիր Պուտինը»:

Հրապարակման հեղինակը հիշեցնում է, որ Ուկրիանայում ռազմական հանցագործությունների համար Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել: «Իրավագիտության դոկտոր, իրավական ճշգրիտ ձևակերպումների մասնագետ Իլհամ Ռահիմովը կարո՞ղ է պահանջել, որ Պուտինին որպես ռազմական հանցագործի բերման ենթարկեն Հաագայի դատարան»,-հռետորական հարցում է անում Իլհամ Ալիևի «անհատական սյունակագիրը» և ամփոփում, որ եթե հարցն այդպես չի դրվում, ուրեմն Ռահիմովի խոսքերը «քարոզչական ծխածածկույթ են, Պուտինի դեմքը փրկելու փորձ»:

Այս հրապարակման գլխավոր ուղերձը, թերեւս, այն է, որ Իլհամ Ալիևը բացահայտում է իր և Վլադիմիր Պուտինի միջև բավական խորքային հակասությունները և հասկանալ տալիս, որ դրանք կարող են կարգավորվել միայն դեմ առ դեմ, առանց որևէ միջնորդի հանդիպման արդյունքում: Ընդ որում, նա սահմանում է բոլորովին նոր նշաձող: Ադրբեջանը կարող է ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային:

Ըստ երևույթին, Մոսկվան կա՛մ տեղեկություն ունի, որ ուկրաինական հատուկ ծառայությունները «Սարդոստայն» գործողությունն իրականացնելիս օգտագործել են նաև Ադրբեջանի տարածքը, կա՛մ Եկատերինբուրգում ձերբակալված ադրբեջանցիներն Ուկրաինայի գործակալներ են, կամ Մոսկվան Բաքվին բացահայտել է որպես Ուկրաինային սպառազինությունների ուղղակի կամ միջնորդ մատակարար:

Պուտինին անվանելով «ռազմական հանցագործ»՝ Ալիևն առնվազն քարոզչական հող է նախապատրաստում, որպեսզի Ուկրաինային աջակցելու հարցում միջազգային աջակցություն ունենա: