Հայաստանում, բնականաբար, ուշադրությամբ ու հետաքրքրությամբ են հետևում այն լարվածությանը, որ առաջացել է և գոնե առ այս պահը խորանում է Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև:
Այստեղ, սակայն, թերևս, հարկ է արձանագրել, որ գործ ունենք բավականին հակասական մի իրավիճակի հետ: Երբ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունը սերտ է, խորը, Հայաստանի համար դրանից առաջանում են ռիսկեր:
Բայց այդ ռիսկերը չեն նվազում ռուս-ադրբեջանական հարաբերության լարվածության պարագայում: Ավելին, այդ լարվածությունն էլ թերևս պարունակում է Հայաստանի համար ռիսկերի իր չափաբաժինը: Հայաստանն ինչպես ռուս-ադրբեջանական սիրավեպի շահառու չէ, այդպես էլ չի կարող լինել ռուս-ադրբեջանական ապահարզանի շահառու:
Իհարկե, ըստ էության չկա գործնականում հնարավորություն ազդել թե մեկ, թե մյուս տարբերակի վրա, ազդել ռուս-ադրբեջանական հարաբերության «քիմիայի» կամ «ալքիմիայի» վրա:
Բայց Հայաստանի համար անտեղի է նաև «ապահարզանին» երկրպագելը: Առավել ևս որ առայժմ, կարծես թե, լռում են որոշիչ սուբյեկտները՝ Պուտինն ու Ալիևը, որոնք հնարավոր է դիրքավորվում են որևէ սակարկությունից առաջ:
Ի վերջո, որքան էլ վերջին տարիներին հայ-ռուսական հարաբերությունը ենթարկվում է ճգնաժամի և տրանսֆորմացիայի, այդուհանդերձ, Հայաստանը, ըստ էության մի շարք օբյեկտիվ իրողությունների բերումով գտնվում է մի դիրքում, որը Ադրբեջանի համար այսպես ասած՝ հարմար է Ռուսաստանին հարվածելու տեսանկյունից: Այս հանգամանքը, իհարկե, մեզ համար անհրաժեշտ է դարձնում ռուս-ադրբեջանական որևէ լարվածության պարագայում աչալրջության ու զգոնության բազմապատկումը:
Բնականաբար, խոսքը դիվանագիտական միջոցների մասին է՝ հաշվի առնելով ուժերի ռազմական հավասարակշռությունը: Այդ զգոնությունը և աչալրջությունը բազմապատկելու լրացուցիչ առիթ եւ պատճառ է, անշուշտ, այն, որ Թուրքիայի նախագահը ծրագրում է հուլիսի 4-ին մեկնել Ադրբեջան՝ տնտեսական գործակցության կազմակերպության գագաթնաժողովի առիթով, որն, ի դեպ, կարծես թե ծրագրում են անցկացնել օկուպացված Ստեփանակերտում:
Միաժամանակ հայտնում են, որ Ադրբեջանում է լինելու Պակիստանի վարչապետը: Մեկ ամիս առաջ նրանք միասին Լաչինում էին, հաստատելով իրենց ռազմա-քաղաքական եռակողմ դաշնակցությունը:
Միլլի մեջլիսի նախկին պատգամավոր Գյուլթեքին Հաջիբեյլին, գնահատելով ռուս-ադրբեջանական լարվածությունը, միանշանակ տեսակետ է հայտնում, որ Ադրբեջանը պետք է պատրաստ լինի անգամ երեք միլիոն ադրբեջանցիների Ռուսաստանից արտաքսմանը, բայց չպետք է «Ղարաբաղի հարցում լոյալության դիմաց Ռուսաստանին իքնիշխանության թեկուզ մեկ մասնիկ զիջի»:
Այդ մասին նա ծավալուն գրառում է կատարել Facebook սոցիալական հարթակի անձնական էջում: Նա, ֆորմալ առումով հանդիսանալով Իլհամ Ալիևի իշխանության քաղաքական հակառակորդ, նրան խորհուրդ է տալիս «լինել Իսմեթ Ինենյու»:
Խոսքը Թուրքիայի երկրորդ նախագահի մասին է, որ կառավարել է Երկրորդ համաշխարհային պատերազմի և հետագա տարիներին: Նրա օրոք Թուրքիան անդամակցել է ՆԱՏՕ-ին, նվազագույնի հասցրել ԽՍՀՄ հետ առևտրա-տնտեսական և քաղաքական կապերը:
Հաջիբեյլին Իլհամ Ալիևին հորդորում է «վերականգնել Եվրամիության հետ քաղաքական երկխոսությունը»: Նա գրեթե համոզված է, որ առկա իրավիճակում Եվրամիությունը «կբավարարվի Ադրբեջանում պահվող քաղբանտարկյալներին ազատություն շնորհելու և քաղաքական դաշտի լիբերալացման որոշումներով»:
Հունիսի 30-ին Բաքվում «Sputnik Ադրբեջանի» երկու աշխատակցի որպես «ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության գործակալների» ձերբակալությունը պաշտոնական Մոսկվան գնահատել է «ոչ բարեկամական քայլ»:
Հասկացվում է, որ Եկետերինբուրգում կալանավորված էթնիկ ադրբեջանցիները կասկածվում են այլ երկրի հատուկ ծառայությունների օգտին ի վնաս Ռուսաստանի լրտեսության մեջ:
Ու՞մ նախաձեռնությամբ է բացահայտվել ռուս-ադրբեջանական լարվածությունը: Գյուլթեքին Հաջիբեյլին համոզված է, որ Ռուսաստանը «փորձում է երկաթե ճիրանների մեջ առնել Ադրբեջանը, որպեսզի վերականգնի ԽՍՀՄ-ը»:
Կարելի է ենթադրել, Ուկրաինայի հատուկ ծառայություններն Ռուսաստանի իրենց գործակալական ցանցն ստեղծելիս օգտվել են ադրբեջանական «սփյուռքի» ծառայությունից:
Բայց ավելի արմատակն է հարց, թե ի՞նչ կընտրի Իլհամ Ալիևը, կգնա Ռուսաստանի հետ վտանգավոր ապահարզանի՞, Թուրքիայի, Եվրամիության և ԱՄՆ-ի աջակցությամբ կպաշտպանի Ադրբեջանի ինքնիշխանությու՞նը, թե հանուն դինաստիական իշխանության պահպանման Վլադիմիր Պուտինի հետ նոր գործարքի՞ կգնա:
Ադրբեջանը փակ երկիր է, հնարավոր չէ գոնե մոտավոր ճշգրտությամբ գնահատել, թե հանրային ի՞նչ տրամադրություններ են իշխում: Ալիևը պատրա՞ստ է հրաժարվել հակահայ քարոզչությունից և Հայաստանի նկատմամբ իրականում ռազմատենչ հռետորաբանությունից:
Գաղափարա-քաղաքական այդ հենքի վրա է կանգուն նրա իշխանությունը: Ժողովրդավարացման, դեպի խաղաղություն և տարածաշրջանային համագործակցություն ցանկացած քայլ հղի է իշխանություն կորցնելու վտանգով:
Այս իրավիճակը մարտահրավեր է նաև Հայաստանին: Ռուս-ադրբեջանական լարվածությունը, եթե բանը չհասնի Մոսկվայից Ադրբեջանի դեսպանի հետկանչմանը, կարող է լինել աշխարհաքաղաքական «մեծ խաղի նախերգանք»:
Երևանում Իրանի դեսպանի հայտնի հայտարարությունից հետո Ադրբեջանի ՊՆ հետ աֆիլացված լրատվամիջոցի համարում ունեցող Galiber.az-ն Իսլամական հեղափոխության առաջնորդ Ալի Խամենեիին հռչակել է «Ադրբեջանի գլխավոր թշնամի»: Ալիևն այնքան հիմար կամ արկածախնդիր չէ, որպեսզի միաժամանակ սրացման գնա թե Մոսկվայի, թե Թեհրանի հետ հարաբերություններում:
Ալիևը կարող է խաղալ Իսմեթ Ինենյուի դերը, բայց գործել Մուստաֆա Քեմալի նման: Ըստ երևույթին, նա սպասում է Թուրքիայի նախագահի հրահանգավորմանը: Մոսկվայից Բաքվի կախվածությունը հաղթահարելու մի պայման էլ Գյուլթեքին Հաջիբեյլին համարում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրումը:
Բաց մի թողեք
Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» ստորագրումը չի ենթադրում Հարավային Կովկասից Ռուսաստանի արտամղում
Եվրամիության պատկերացումները Հայաստանի վերաբերյալ՝ փշերը Երևանի համար լուրջ խնդիր են
Իրանը ուղղո՞ւմ է սխալը Հայաստանի հանդեպ