16/10/2025

Ռուսաստանը պետք է զերծ մնա Հայաստանի ներքին գործերին միջամտելուց. Միրզոյան

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը արձագանքել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը՝ նշելով, որ Ռուսաստանը պետք է զերծ մնա Հայաստանի ներքին գործերին միջամտելուց։

Սերգեյ Լավրովը ավելի վաղ հայտարարել էր, թե Հայաստանը կարող է ինքնուրույն կարգավորել իր ներքին խնդիրները, սակայն մտահոգություն էր հայտնել եկեղեցու դեմ ուղղված գործողությունների կապակցությամբ՝ օգտագործելով «իշխանությունների պայքար եկեղեցու դեմ» ձևակերպումը։

Ի պատասխան՝ Արարատ Միրզոյանը պարզաբանել է, որ նման բնորոշումը չի համապատասխանում իրականությանը։ Նրա խոսքով՝ Հայաստանում որևէ պայքար կամ ճնշում չկա եկեղեցու ինստիտուտի նկատմամբ։ Այն դեպքերը, որոնց հնարավոր է անդրադարձել է ՌԴ նախարարը, առնչվում են որոշ հոգևորականների մասնակցությանը քաղաքական գործընթացներին և, ըստ անհրաժեշտության, իրավական գնահատականների տրմանը։ «Սա բացառապես իրավական գործընթաց է, և այն Հայաստանի ներքին հարցն է: Պարոն Լավրովն ավելի լավ է չխառնվի Հայաստանի ներքին գործերին»,- ընդգծել է Միրզոյանը։

Նախարարը նաև շեշտել է, որ ինչպես ռուսաստանյան պաշտոնյաները, այնպես էլ խորհրդարանականները և մեդիա փորձագետները պարտավոր են հարգանքով մոտենալ Հայաստանի ինքնիշխանությանը և ձեռնպահ մնալ հայտարարություններից կամ գործողություններից, որոնք կարող են միջամտություն դիտվել երկրի ներքին քաղաքականությանը։

Միրզոյանի խոսքով՝ նման միջամտություններն անթույլատրելի են, և Հայաստանը ակնկալում է գործընկերներից, որ նրանք հստակորեն ճանաչեն և հարգեն Հայաստանի անկախությունն  ինքնիշխանությունը։