Ադրբեջանի նախկին արտգործնախարար Զուլֆուգարովը, անդրադառնալով Ադրբեջանում ռուսական Սպուտնիկ պետական գործակալության խմբագրությունում ՖՍԲ երկու աշխատակիցների ձերբակալմանը, ասել է, որ դա պատասխան է Ադրբեջանի հանդեպ այն ճնշման փորձերին, որ անում է Ռուսաստանը:
Ինչպես հայտնի է, Ռուսաստանի ՖՍԲ-ն՝ անվտանգության դաշնային ծառայությունը, Եկատերինբուրգում ադրբեջանցիների դեմ իրականացրել էր կոշտ գործողություններ, որոնց հետևանքով երկուսը սպանվել էին, եղել էին ձերբակալություններ:
Այդ գործողությունների պատճառը, ըստ պաշտոնական բացատրության, եղել է 2001 թվականին կատարված մի սպանություն: Վաղեմության այդ հանգամանքը դիտարկելով՝ Ադրբեջանում համարում են, որ բացատրությունը համոզիչ չէ, դա եղել է առիթ, ոչ թե պատճառ:
Զուֆուգարովը, որը ժամանակ առ ժամանակ թերևս բաց է թողնում մտքեր, որոնք կուզեին արտահայտել Ադրբեջանի պաշտոնական մակարդակում, փաստացի բարձրաձայնում է, որ Ռուսաստանն ունի Ադրբեջանի հանդեպ ճնշման նպատակ: Հարց է առաջանում, թե ինչո՞ւ:
Ռուս-ադրբեջանական հարաբերությունը «տուրբուլենտության» ակտիվ ու տևական ռեժիմում է հայտնվել դեռևս նախորդ տարի դեկտեմբերից, երբ տեղի ունեցավ Ադրբեջանական ավիաուղիներ ընկերության՝ Գրոզնի թռչող օդանավի աղետը:
Երեք ամիս անց՝ մարտին, հաղորդագրություն տարածվեց, որ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Ռահմոնը ՌԴ նախագահ Պուտինի աշխատասենյակից կապվել են Իլհամ Ալիևի հետ, եղել է չորսի զրույց, որի ընթացքում քննարկել են տարբեր հարցեր և պայմանավորվել քննարկումները շարունակել մայիսի 9-ին՝ Մոսկվայում:
Այդ հաղորդագրությունը ստեղծում էր տպավորություն, որ Լուկաշենկոն ու Ռահմոնը այսպես ասած՝ հանել են Պուտինի և Ալիևի միջև լարվածությունը: Բայց Ալիև մայիսի 9-ին չմեկնեց Մոսկվա, հրաժարվելով վերջին պահին:
Ընդ որում՝ այստեղ ուշագրավ է, որ մայիսի 6-ին Ռուսաստանի օդանավակայանում արգելեցին Ադրբեջանի իշխող կուսակցության պատգամավորի մուտքը Ռուսաստան: Դա՞ էր Ալիևի չմեկնելու պատճառը, թե՞ այդ արգելքը Ալիևի չմեկնելու որոշման արձագանք էր:
Բարդ է ասել, բայց, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունում կա ոչ միայն սև կատվի, այլ սև կատուների ակտիվ շարժ, ակնառու է: Փաստացի, Զուլֆուգարովի շուրթերով Բաքուն ակնարկում է, որ Մոսկվան ուզում է ճնշել:
Բայց, ինչու՞: Ադրբեջանն ի՞նչ որոշում է կայացրել կամ պատրաստվում է կայացնել, որ Մոսկվան ուզում է ճնշել այդպիսի բաց գործողություններով: Դրանց բնույթը այնպիսին է, որ իրապես՝ հազիվ թե լինի սովորական ինքնահոս, իրադարձությունների բերումով ստեղծված իրավիճակ:
Հետևաբար, կա ծանրակշիռ պատճառ, բայց ի՞նչ ուղղությամբ:
Բաց մի թողեք
Մոսկվան զղջում է, թե՝ չի հավատում Բաքվի արցունքներին
Պուտինի պասով նվեր Ալիևին հենց Բաքվում
Հայ – չին – ադրբեջանական ռազմավարական գործակցության համադրելիության հեռանկարը