02/07/2025

Բուհերում ուսանողների թիվը նվազել է

Բուհերում ուսանողների թիվը նվազել է․ այս մասին ԱԺ-ում խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով թվային մի փոքր վիճակագրություն․

«Եթե 2011-ին ուսանողների ընդհանուր թիվը Հայաստանում եղել է 102 հազարից ավելի, ապա 2021-ին արդեն 73 հազար էր կամ շուրջ 1/3-ով պակաս: Ուսանողական համակազմի այս կրճատումը չի ուղեկցվել բուհական համակարգի կառուցվածքային փոփոխությամբ:

Հայաստանի 38 բուհում սովորում է 2 հազարից քիչ ուսանող, այդ թվում՝ 8 պետական բուհում, ինչը նշանակում է, որ բուհերը գործում են անընդհատ ֆինանսական անբավարարության պայմաններում՝ ի վիճակի չլինելով ապահովել ակադեմիական կազմի պատշաճ վարձատրությունը, կրթական ենթակառուցվածքների պահպանությունը եւ զարգացումը»։

ԿԳՄՍ նախարարը նշել է, որ բուհերի խոշորացման գործընթացն արդեն տեւական ժամանակ իրականացվում է բազմաթիվ երկրներում: Ըստ էության, փորձելով այսկերպ արդարացնել բուհերի միավորման եւ ակադեմիական քաղաք տեղափոխելու ծրագիրը։

Ըստ Անդրեասյանի՝ բուհերի ֆինանսավորման համակարգում առկա են լրջագույն խնդիրներ: Նրա դիտարկմամբ՝ չի կարող բարձրագույն կրթությունը զարգանալ, եթե չի գործում ֆինանսավորման արդյունավետ համակարգ:

«Բուհերը ստանալու են հնարավորություն՝ ունենալու առանձին ֆինանսավորում ինստիտուցիոնալ կառուցվածքների համար, նորարարությունն ու մրցունակությունը խթանելու համար: Միաժամանակ ներդրվում է ուսանողների կրթաթոշակային համակարգ, որը հնարավորություն է տալու պատշաճ առաջադիմության դեպքում ապահովել նրանց կրթության անընդհատությունը պետության աջակցությամբ»: