02/07/2025

Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների «վերբեռնում» Ռուսաստանին չի հաջողվում

Հանրապետական սենատոր Գրեմն ABC News –ին ասել է, որ հունիսի 28-ին նախագահ Թրամփը գոլֆ խաղալու ընթացքում իրեն հասկացրել է, որ եկել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանող օրինագիծն ընդունելու ժամանակը:

Ըստ ամերիկյան աղբյուրների՝ օրինագծի հեղինակ է նաև դեմոկրատ Բլյումենտալը և այն Սենատում քվեարկության դնելու դեպքում կընդունվի: Խոսքը Ռուսաստանից էներգակիրներ գնող երկրներից ԱՄՆ ապրանքների ներմուծման 500 տոկոսի մաքսատուրք սահմանելու մասին է:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հունիսի 30-ին այդ կապակցությամբ ասել է, որ տեղեկությունը Կրեմլում ի գիտություն է ընդունվել, բայց թե նման օրինագծի ընդունումը որքանո՞վ կնպաստի ուկրաինական կարգավորմանը, հարցը պետք է ուղղել նախաձեռնության հեղինակներին:

Ի տարբերություն Պեսկովի՝ ռուսաստանյան մամուլի մի շարք հրապարակումներում ուշադրություն է սևեռվում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգի հայտարարությանը, որով նա հակադարձել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարին, երբ վերջինս Վաշինգտոնին և Կիևին քննադատել է ուկրաինական բանակցությունները ձգձգելու համար:

«Բանակցությունները ձգձգում է Ռուսաստանը, պետք է հաստատել հրադադար և անցնել եռակողմ քաղաքական քննարկումների, իսկ Պուտինը շարունակում է հրթիռակոծել ուկրաինական քաղաքները»,- Վաշինգտոնի տեսակետը ներկայացրել է Քելոգը:

«Նեզավիսիմայա գազետա»-ի քաղաքական մեկնաբանի հայացքով՝ Գրեմ-Բլյումենտալ օրինագծի քաղաքական իմաստը մեկն է, կդադարեցնի՞ Ռուսաստանը մարտական գործողությունները՝ այն չի ընդունվի, կշարունակի՞՝ ԱՄՆ-ն պատժամիջոցներ կսահմանի:

Նա կարծում է, որ էականը ոչ այնքան պատժամիջոցների տնտեսական հետևանքներն են, որ Ռուսաստանը կարող է հաղթահարել, այլ՝ քաղաքական իմաստը. իր նախագահության շրջանում Դոնալդ Թրամփն առաջին անգամ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կարող է կիրառել:

Աչքի է զարնում այն, որ եթե սենատոր Գրեմը հավաստիացումն իրականությանը համապատասխանում է, և Սենատն իրոք հուլիսի 7-ին կքննարկի իր և Բլյումենտալի հեղինակած օրինագիծը, Թրամփն Ռուսաստանի նկատմամբ «քաղցրաբլիթից մտրակի» քաղաքականության է անցնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հազիվ մեկ շաբաթ հետո:

Իսկ դրանից կարելի է հետևություն անել, որ Հյուսիս-ատլանտյան դաշինքի անդամ եվրոպական երկրների առաջնորդներին հաջողվել է ԱՄՆ նախագահին «վերադարձնել եվրաատլանտյան համերաշխության» հարթություն:

Ուկրաինական կարգավորման բանակցությունների երրորդ փուլի ժամկետները դեռևս ճշտված չեն: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանն ասել է, որ պատրաստ են վերստին հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակներին: Հունիսի 30-ին ռուսաստանյան լրատվամիջոցները հայտնել են Լուգանսկի ժողովրդական հանրապետության ամբողջ տարածքն ազատագրելու մասին:

Նույն օրն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է Դոնբասի և Նովոռուսիայի տնտեսական վերականգնման բոլորովին նոր, թռիչքային ծրագիր ունենալու անհրաժեշտության մասին, ինչից պարզորոշ հետևում է, որ նա Ուկրաինայի հետ հնարավոր բանակցություններում տարածքային ոչ մի զիջման պատրաստ չէ:

Դժվար է ասել, թե Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը որքանո՞վ է պատրաստ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելուն կամ, իրոք, այդ սահմանափակումներն ի՞նչ հետևանքներ կունենան: ՌԻԱ-Նովոստի պետական գործակալության խմբագրականը ձևակերպել է, որ «միջուկային զսպման դարաշրջանն անցյալում է»:

Պետք է հասկանալ, որ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների «վերբեռնում» Ռուսաստանին չի հաջողվում այն սկզբունքներով, որ ներկայացնում է Պուտինը: Երևում է, նրա համար Թրամփի նախատեսած «քաղցրաբլիթներն սպառվել են»: Բայց Թրամփը Պուտինի դեմ «մտրակ կկիրառի՞»: