«Հրապարակի» զրուցակիցը Ստեփան Դանիելյանն է:
– Իշխանությունների վկայակոչած «Հեղաշրջման պլանի» շրջանակում սկսվել են զանգվածային ձերբակալություններ եւ կալանավորումներ՝ հոգեւորականների եւ ընդդիմադիր գործիչների շրջանում: Նրանց, այդ թվում՝ կալանավորված Բագրատ եւ Միքայել սրբազաններին, մեղադրում են «ահաբեկչություն եւ իշխանազավթում ծրագրելու մեջ»: Հրապարակում են ինչ-որ գաղտնի ձայնագրություններ եւ փաստաթղթեր, որոնք Բագրատ սրբազանին են վերագրվում: Տրամաբանակա՞ն է, որ նախ «ապացույցներ» են հրապարակում, ապա սկսում ընդդիմախոսների դեմ արշավը:
– Ճիշտ կլինի, որ այդ հարցն ուղղեք իրավաբաններին եւ փաստաբաններին: Ինչ վերաբերում է քաղաքական պատճառներին, ապա հասկանալի է, որ 2026-ին վերարտադրվելու որեւէ շանս չունի եւ դրա համար պետք է դիկտատուրա հայտարարի՝ ունենալով արտաքին հովանավորներ: Իսկ դրա համար պետք է հիմնավորի ձերբակալություններն ու վախի մթնոլորտ ստեղծելը: Դա է «հեղաշրջման» սցենարի ողջ իմաստը:
– Արդեն կարծիքներ են շրջանառվում, որ իրավապահների առգրաված իրերում ցուցադրված զինատեսակներն օրինական են, կադրերում երեւում են դրանց ձեռքբերման արտոնագրերը: Բացի այդ, Փաշինյանի իշխանափոխությունը պահանջող հատվածը եւ ոչ միայն այդ հատվածը, նշում է, թե «Հեղաշրջման պլան»-ը մեկամյա վաղեմության է եւ նախատեսված էր 2024-ի համար, իսկ Գալստանյանին վերագրվող աղմկահարույց ձայնագրությունը կարող է կեղծ լինել՝ մոնտաժված կամ արհեստական բանականությամբ ստեղծված:
– Ես չգիտեմ՝ որքանով է կեղծ այդ ձայնագրությունը, սակայն ակնհայտ է, որ այն մոնտաժված է: Ցանկացած միտք, որը հանված է ողջ խոսակցության կոնտեքստից, չի կարող մեղադրանք առաջադրելու հիմք հանդիսանալ: Նաեւ խնդրահարույց է, որ կալանավորման հայցը իրենց համար ցանկալի դատավորին է մակագրվում: Առհասարակ, ես համարում եմ, որ 2018-ին դատարանների շրջափակման ու դատավորների ծեծից հետո Հայաստանում տեղի է ունեցել սահմանադրական կարգի տապալում, եւ դրանից հետո խոսել անկախ դատական համակարգի մասին՝ անիմաստ է:
– Դիցուք, իշխանությունների եւ հատկապես ուժայինների վկայաբերած «ապացույցներն» արժանահավատ են: Արդյո՞ք տեղին են նման քաղաքական հետապնդումները, եթե հաշվի առնենք ժողովրդի՝ ասպտամբելու սահմանադրական իրավունքը: Խոսքը, անշուշտ, ահաբեկչության կամ լուրջ հանցակազմ ենթադրող գործողությունների մասին չէ, այլ Մարդու իրավունքների հռչակագրով նախատեսված` ճնշումների ու բռնությունների դեմ ընդվզելու:
– Նախ պետք է սկսենք գործող վարչապետից, որի խոսքերն այն մասին, որ եթե ինքը վարչապետ չդառնա, ապա Հայաստանը վարչապետ չի ունենա, դատարանների շրջափակումը, հրահանգն իրավապահներին, որ իր կողմից մատնանշված անձանց ասֆալտին պառկեցնեն ու նկարները դնեն սոցցանցերում, ու բազմաթիվ նման դեպքերից: Դրանք՝ բոլորը, հեղաշրջման ու սահմանադրական կարգի խախտման դրսեւորումներ են: Այս առումով որքանո՞վ է լուրջ քննարկելը, թե ով երբ եւ ինչ է արել: Ցանկացած իրական հեղաշրջման նախաձեռնություն կարեի է ներկայացնել ոչ սահմանադրական կարգի հաստատում՝ հաշվի առնելով, որ այդ կարգը գործող վարչապետն է խախտել:
– Հակաեկեղեցական ու ընդդիմախոսների դեմ շարունակվող, հայհոյախառն գրառումներով ուղեկցվող արշավից հետո Փաշինյանը 5-օրյա «մորատորիում» հայտարարեց անպարկեշտ խոսույթի մասով: Ո՞րն է նրա իրական նպատակը. «թայմ աո՞ւթ» վերցնել՝ արածը մարսելու համար, թե՞ վախենում է ժողովրդի գեներացվող հզոր ցասումից:
– Չեմ կարծում, որ նա վախենում է ժողովրդից, ավելի շուտ՝ միջազգային արձագանքից է վախենում, որովհետեւ չի կարող հանդես գալ որպես դեմոկրատական ռեժիմ: Հավանական է, որ իր արտաքին կուրատորներն են հրահանգել, որ արդեն չափերն անցնում է, ու իր արտաքին իմիջի համար խնդիրներ են առաջանում:
– Ի դեպ, Մոսկվան մտահոգիչ համարեց Հայաստանում Եկեղեցու դեմ իշխանությունների հարձակումները, մինչդեռ Մակրոնը Փաշինյանին համերաշխություն հայտնեց, այսպես կոչված, «ժողովրդավարության ապակայունացման փորձերին հակազդելու ջանքերում», ըստ էության՝ դառնալով առաջին առաջնորդը, որն աջակցում է հակաեկեղեցական եւ հակադեմոկրատական արշավին:
– Պատմության մեջ շատ են եղել օրինակներ, երբ Եկեղեցու եւ իշխանությունների միջեւ աճակատում է եղել, բայց դա միջին դարերում է եղել: Հիմա մենք վերադառնում ենք միջնադար: Ինչ վերաբերում է արտաքին արձագանքներին, ապա միջազգային կարգն ու իրավունքը ժանգոտել են ու, ըստ էության, արդեն չեն գործում: Այս առումով մնացել են մաքուր, առանց իրավական ու բարոյական չափանիշների քողարկման աշխարհաքաղաքական շահերը: Այս տրամաբանության մեջ է պետք դիտարկել դրսի խաղացողների արձագանքները: Ինչ վերաբերում է նրան, որ Եկեղեցու դեմ պայքարը մեր ժամանակներում աննախադեպ է, ապա դրա հետ չէի համաձայնի: Ուկրաինայում նման դրեւեւորումներ տեսել ենք:
Բաց մի թողեք
ՔՊ-ականները ԱԺ-ում ծխում են չնախատեսված վայրում․ Լուսանկար
Սրբազաններին կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանի կարգապահական գործը կջրվի
Փաշինյանի վերջին հայտարարություններն անգամ իր կուրատորների համար զարմանալի եւ անսպասելի են․ Զոլյան