«Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ «Էմ Փի Ջի» ՍՊԸ-ն, որ Gallup International Association հետազոտական ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում, մի քանի դատական հայց է ներկայացրել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դեմ:
Մեկը՝ «Հայելիի», մյուսը՝ «Հրապարակ» tv-ի տաղավարում արված հայտարարության համար. «Իշխանության արած հարցումները, հատկապես որ «Գելլափն» ա անում, էդ՝ Արամ Նավասարդյան կոչվածը, նրան ասում են թվեր, նա սարքում ա, փողը տալիս են, սարքում են… այդ տվյալները չեն համապատասխանում իրականությանը»: Հայցվորը պահանջել է, որ Բագրատյանը հրապարակավ հերքի իր հայտարարությունները եւ հօգուտ «Էմ Փի Ջի» ՍՊԸ-ի վճարի 1 մլն դրամ՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
Աշխարհում, անգամ քաղաքակիրթ Արեւմուտքում, հասարակությունները եւ քաղաքական գործիչներն այնքան էլ չեն վստահում սոցիոլոգիական հարցումներին, ինչպես որ մեկ-երկու վատ լրագրողի պատճառով չեն վստահում լրագրողի մասնագիտությանը, եւ այդտեղ, կարծես, չկա որեւէ տրագեդիա:
Ի՞նչ է ակնկալում Արամ Նավասարդյանը՝ դատական հայցեր ներկայացնելով նախկին վարչապետի դեմ, որն առանց այդ էլ Փաշինյանի իշխանության թիրախում է:
Արամ Նավասարդյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային, ասում է. «Դուք լսե՞լ եք, թե նա ինչեր է ասում: Լսե՞լ եք բովանդակությունը: Ես երկու անգամ զանգահարել եմ Հրանտ Բագրատյանին եւ փորձել եմ հասկանալ, թե ինչու է նման հայտարարություններ անում, նման բառեր օգտագործում:
Երկու անգամ ես պարոն Բագրատյանին հրավիրել եմ մեր գրասենյակ, որպեսզի հասկանանք, թե ինչն է խնդիրը, պարզաբանենք…. նա երկու անգամ էլ ասաց, որ կգա, եւ այդպես էլ չեկավ, ավելին` նորից իմ մասին վիրավորական հայտարարություններով է հանդես եկել, ինչպես նաեւ՝ զրպարտել է ինձ: Եթե մարդն անգամ իմ երկու զանգից հետո շարունակում է նույն ոճով վիրավորել եւ զրպարտել ինձ, ես այլ տարբերակ չունեի, խնդրել եմ մեր իրավաբաններին՝ հայցեր նախապատրաստել: Մնացածը կորոշի դատարանը: Ես «Հրապարակ» օրաթերթի հետ խնդիր չունեմ, հարգում եմ թերթը, սակայն որտեղ նա զրպարտել է, այնտեղ էլ պետք է հերքում տա: Եթե ես ինչ-որ մեկին ասեմ` քո մազերը խառը կանաչի են, կա՛մ պետք է իմ ասածները հիմնավորեմ, կա՛մ պետք է պատասխան տամ:
Մենք քաղաքակիրթ մարդիկ ենք, Նոր Նորքի թաղապետարանում չենք գտնվում: Մարդ է, ով պաշտոնյա է եղել, ես հարգել եմ, զանգահարել եմ, փորձել եմ հասկանալ, թե ինչումն է խնդիրը, նա ինձ պատասխանեց` ինչո՞ւ իմ կուսակցությունը չեք տեղադրում, ներառում ռեյտինգների մեջ, իսկ ես պատասխանեցի` մենք, առհասարակ, ոչ մի կուսակցության անուն չենք տալիս, մենք քաղաքացիներին հարցնում ենք` ո՞ր կուսակցությանն եք ձայն տալու, դրանք տարբեր բաներ են: Մարդիկ եթե իր կուսակցության անունը չեն տալիս, մենք ի՞նչ պետք է անենք, արհեստականորեն հուշե՞նք մարդկանց:
Մենք չենք կարող մեր ճաշակով կուսակցությունների անուններ թվարկենք, եթե այդ մոտեցմամբ աշխատենք, ապա Հայաստանում հարյուրից ավելի կուսակցություն կա, պետք է բոլորի անուններն անխտիր թվարկենք: Հրանտ Բագրատյանին թվում է, որ եթե ինքը շատ ինտերվյուներ է տալիս, ակտիվ է, նույնն իր կուսակցության դեպքում է, բայց՝ չէ»:
Բաց մի թողեք
ՔՊ-ականները ԱԺ-ում ծխում են չնախատեսված վայրում․ Լուսանկար
2026-ին վերարտադրվելու որեւէ շանս չունի եւ դրա համար պետք է դիկտատուրա հայտարարի․ Դանիելյան
Սրբազաններին կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանի կարգապահական գործը կջրվի