Եկեղեցու հետ առճակատումներից, Բագրատ եւ Միքայել սրբազանների ձերբակալություններից հետո՝ երեկ Նիկոլ Փաշինյանը Եկեղեցուն նվիրված մի նոր գրառում արեց՝ հայտարարելով, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր ամուսնացյալ քահանաներն իր եղբայրներն են, միաժամանակ չմոռանալով Վեհափառից պահանջել՝ «պարզաբանեք․ Դուք խախտե՞լ եք արդյոք կուսակրոնության ուխտը եւ արդյո՞ք զավակ ունեք»։
Ռեժիսոր Խաչիկ Չալիկյանն ասում է՝ այն, ինչ այսօր կատարվում է, խորքային բնույթ ունի եւ նոր չէ, որ սկսվել է․ «Իրենք (իշխանությունը) ի սկզբանե կեղծ դաշտում են, որովհետեւ ո՛չ մեր ինքնության հետ կապ ունեն, ո՛չ մեր ժամանակի, ո՛չ այսօրվա ոգու կրողներն են։ Դա մի համակարգ է, որը կառավարվում է դրսի տերերի կողմից, որոնք մեր թշնամիներն են։ Այսօրվա ամենամեծ պրոբլեմն այն է, որ այսօր մեր իրական տեսակը, ինքնությունը կռվում է մի համակարգի դեմ, որն ուզում է մեզ ոչնչացնել, իսկ ամենացավալին այն է, որ մեր իշխանությունն այդ նույն համակարգի մեջ է։ Այս պրոցեսը սկսվել է շատ վաղուց, նրանք նախ փորձեցին մեր ոգին սպանել՝ մշակույթ, կրթություն, գիտություն, պատմություն, եւ բնական է՝ այս ամեն ինչի արդյունքում հերթը պետք է Եկեղեցուն էլ հասներ»։
Խ․ Չալիկյանն ասում է՝ այսօր բոլորս էլ հոգեւորականներին, Եկեղեցուն ուղղված հարցեր, պահանջներ ունենք, եւ, մեծ հաշվով, «ինչ լավ կլիներ, որ այսօր ունենայինք Խրիմյան Հայրիկ կամ Վազգեն Վեհափառ, բայց, ամեն դեպքում, եթե այսօր մենք մեր կաթողիկոսի, Եկեղեցու կողքին չենք, հայտնվում ենք թշնամու ճամբարում։ Այսինքն՝ ամեն գնով պետք է կանխենք ցանկացած բախում։ Բոլոր ոլորտներում մենք անելիք ունենք, եւ այս պահին հնչում է համայն հայության զանգակատունը, նրանք, ովքեր պատասխանատվություն են զգում իրենց երկրի, իրենց ոլորտի առաջ եւ կոնկրետ անելիքներ ունեն, իրար ձեռք բռնենք ու փորձենք կոնկրետ գործերով կայացնել ու երկրի փրկության պատասխանատվությունը մեր ձեռքը վերցնենք, ուրիշ տարբերակ չկա,- նշում է ռեժիսորն ու մտահոգություն հայտնում Փաշինյանի ուղերձների բովանդակության առիթով։- Նրանց՝ այսինքն իր եւ իր տերերի երազանքի մեջ է մտնում քաղաքացիական բախումներ, քաոս ստեղծելը, եւ, իհարկե, դա էլ ինքնանպատակ չէ, դրան հաջորդում են նոր բախումներ, նոր տարածքների կորուստ, մեր ինքնության ոչնչացում»։
«Հիմա խնդիրն այն է, ինչը նաեւ մասնագիտորեն եմ զգում՝ ռեժիսուրայի տեսանկյունից, որ երբեք մեր իրական երկիրը կայացնելու նման հնարավորություն չենք ունեցել, որովհետեւ նման ճակատագրական պահերին են ծնվում մեծ գործիչները, ճեղքում նախանշող մշակույթը, այսօր մեծագործությունների պատվեր է տրված, մինչդեռ մենք խցկվում ենք իրենց ճղճիմ դաշտի մեջ, եւ ամենատխուրն այն է, որ նրանք են ձեւավորում օրակարգ, այնինչ մենք պիտի ձեւավորենք իրական օրակարգ եւ գիտակցենք, որ այսօր պետություն, պետականություն չունենք։ Ավելին՝ այդ պետականությունը զավթված է թշնամու կողմից, եւ մենք պետք է կարողանանք համահայկական դաշտում նոր համակարգ ձեւավորել եւ միավորվել մեր երկրին տեր կանգնելու գաղափարի շուրջ։ Անգամ դրանց դեմ կռվելը, պայքարելը, քննադատելը մեզ մտցնում են նույն դաշտ։ Մենք պետք է կարողանանք ունենալ այն գիտակցությունը, որ ոչ թե պիտի պայքարենք, որ ունենանք մեր երկիրը, որովհետեւ մենք մեր երկիրն ունենք, ամեն մեկիս մեջ կա այդ երկիրը, ուղղակի պետք է իրար ձեռք բռնենք եւ փորձենք ոչ թե պայքարել սրանց դեմ, այլ հակադարձել վեհը, մեծը, որը կա իրականում»,- նշում է Խ․ Չալիկյանը։
Սրբազաններին ձերբակալելով ի՞նչ խնդիր է լուծում իշխանությունը։ Զրուցակիցս նկատում է․ «Մենք տեսանք, որ այդ պրոցեսը սկսվեց նրա՝ Թուրքիա գնալուց հետո, եւ, բնականաբար, հոգեսպանության այդ հերթական պատվերը մեր վերջին հանգրվանը՝ Եկեղեցին ոչնչացնելն է, որովհետեւ այդ պրոցեսն էլ է սկսվել վաղուց, եւ, այսպես ասած, «Շուխուռզադեից» հետո Փաշազադեն, ի վերջո, այդ խնդիրը փորձում է իրականացնել։ Ի դեպ, միշտ էլ ուզեցել են մեր Եկեղեցին ենթարկել կա՛մ ռուսական ուղղափառին, կա՛մ կաթոլիկին․․․»։
Ռեժիսորը զուգահեռաբար անդրադառնում է նաեւ վարչապետի ու նրա կնոջ մասնակցությամբ իրականացվող «Կրթվելը նորաձեւ է» շարժմանը, որին պարբերաբար դասախոսություններով հանդես են գալիս նաեւ մի շարք մտավորականներ։ Ասում է՝ իր մասնակցությունը բացառվում է այդ միջոցառմանը։ «Ես ո՞նց կարող եմ այսօրվա ժամանակից գնալ միջնադար եւ շփվել Լենկ Թեմուրի հետ, դա անհնար է, ես չեմ կարող․․․, ավելին ասեմ՝ անգամ իրենց ձեւավորած այս հոգեւոր մշակութային դաշտը այն մթնոլորտն է, որտեղ միայն կեղծ արժեքներն են, եւ իրենք բոլոր ոլորտներում ղեկավարներ նշանակում են միջնադարյան ճիզվիտների, եւ այլեւս վերահսկելու կարիք էլ չկա, որովհետեւ այդ ոլորտներն իրենք իրենց ոչնչանում են։ Եվ այսօր մեր առաջնային խնդիրը մշակութային դաշտում հենց հոգեւոր զարթոնքն է, եւ դրա շուրջ պետք է համախմբել համահայկական բոլոր ռեսուրսները»,- ասում է Չալիկյանն ու հավելում, որ այդ ուղղությամբ ինչ-որ պրոցեսներ գնում են։
«Ես զգում եմ պատասխանատվություն՝ այդ դաշտի միջոցով համակարգը ճեղքելու․․․, մենք կարող ենք անվերջ քննադատել, բայց ամենակարեւորը, որ գործը խոսքից առաջ ընկնի, եւ այդ առումով կոնկրետ ծրագրեր են սկսվել համահայկական դաշտում, որոնց մասին դեռ չեմ ուզում բարձրաձայնել, որ չառկախվեն դրանք։ Հիշում եք՝ դեռ տարիներ առաջ ձեւավորվեց «Հոգեւոր Հայաստան» շարժում, քանի որ հոգեւոր դաշտը չի կարող քաղաքականից տարանջատված լինել, ի վերջո՝ հոգեւորը երկիր է պայմանավորում, եւ եթե դու այդ երկրին ես ծառայում, անհնար է չառնչվել իրականության հետ։ Դրա համար շատ մտավորականներ զգուշորեն հետ քաշվեցին, եւ, ցավալիորեն, այսօր մտավոր դաշտ չկա, ոչ թե այն պատճառով, որ այդ մարդիկ չկան, այլ որովհետեւ մտավորականը պետք է ճանաչելի լինի իր արած գործով, իսկ այսօր անհնար է որեւէ ճշմարիտ արժեք արարել այս մթնոլորտում՝ առանց տուրք տալու իրենց պահանջներին։ Օրինակ, այսօր ինձ համար ինքնասպանություն կլինի որեւէ թատրոնում ներկայացում բեմադրել, ես ո՞նց կարող եմ բոլորի ներկայությամբ խոսել սիրո մասին, երբ դրա ընկալումը չկա բացարձակ, «սիրո մասին»-ը պայմանական եմ ասում, որովհետեւ այդ ոգեղեն, ճշմարիտ արժեքներն իրականում մի դաշտ են պայմանավորում․․․։ Ուզում եմ ասել, որ անգամ այսօր, այս մթնոլորտում ցանկացած նախաձեռնություն ի սկզբանե իր մեջ կրում է քայքայման սաղմերը, դա նաեւ ժամանակին Թումանյանն էր ասում։ Դրա համար միակ ճանապարհը՝ նոր, մաքուր դաշտում փորձել գործել, հավաքվեն այն մարդիկ, ովքեր այսօր որպես մտավորական չեն կարող ճանաչված լինել, քանի որ արարելու դաշտ չունեն։ Պետք է հավաքվել ու փորձել բոլոր ոլորտներում դնել այդ՝ մեծ երկիր պայմանավորող կոնկրետ ծրագրերը, լինի դա կրթություն, անվտանգություն, արդարադատություն, քանի որ բոլոր ոլորտներում էլ մեծագույն անելիքներ ունենք, եւ բոլոր այդ ոլորտներն էլ այսօր կազմալուծված են»,- եզրափակում է Խ․ Չալիկյանը։
Բաց մի թողեք
ՔՊ-ականները ԱԺ-ում ծխում են չնախատեսված վայրում․ Լուսանկար
2026-ին վերարտադրվելու որեւէ շանս չունի եւ դրա համար պետք է դիկտատուրա հայտարարի․ Դանիելյան
Փաշինյանի վերջին հայտարարություններն անգամ իր կուրատորների համար զարմանալի եւ անսպասելի են․ Զոլյան