Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով կալանավորվեցին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը եւ 14 քաղաքացի:
Հրապարակ թերթը գրել է․ Բագրատ սրբազանին եւ նրա աջակիցներին մեղադրում են իշխանության դեմ ահաբեկչություն ծրագրելու մեջ: Մեղադրանքի հիմքում մի քանի ձայնագրություն են, ինչ-որ թղթի վրա գրված պլան, մի քանի օրինական զենք, գունավոր ծուխ հանող սարքեր:
Եթե Բագրատ սրբազանին եւ մյուսներին մեղադրում են ահաբեկչություն ծրագրելու մեջ, ապա Միքայել սրբազանին մեղադրանք են առաջադրել մեկուկես տարի առաջ` 24թ. փետրվարի 3-ին «Գալա թիվի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի համար, որտեղ նա նշել է. «Հիմի ո՞վ է լսում ինձ, եթե ինձ լսող լիներ, հեղափոխությունը պետք է վաղուց լիներ։ Իշխանություն փոխելու ընդամենը 3 ճանապարհ գիտեմ ես, դուք եթե չորրորդը գիտեք, ասեք։ Էս ա՝ ընտրություն, իբր թե, կամ, կամ իբր թե ընտրություն, երկրորդը՝ հեղաշրջում, երրորդը՝ ժողովրդական ապստամբություն։ Ուրիշ կա՞, կա՞ ուրիշ` չկա։ Է, երեքն էլ անհնարին է, երեքն էլ անհնարին է սուբյեկտիվորեն, օբյեկտիվորեն հնարավոր է»։
Ապա ավելացրել․ «Ուրեմն իմ էս վերջին 6 տարվա գործունեությունից պարզ չի՞, թե ես ինչ եմ ասում, քանի անգամ ասի բացեիբաց՝ ռազմական հեղաշրջում ա պետք, պատերազմի օրերին ասի եւ նախագահներին ասեցի՝ Քոչարյանին եւ Սերժին: Ասի` լավ, դուք, պարոն նախագահ Քոչարյան, 10 տարի նախագահ եք եղել, դրանից առաջ՝ մի տարի, երկու տարի էլ՝ վարչապետ, չէ՞, էդքան տարի էլ՝ Ղարաբաղի նախագահ, Դուք Ձեր կողմնակից, գաղափարակից ոչ մի գեներալ չունե՞ք, ո՛չ բանակում, ո՛չ ոստիկանություն, ո՛չ ազգային անվտանգություն, որ գան՝ Ձեր կողքը կանգնեն եւ հեղաշրջում իրականացնեն։ Եթե իրենցով ա։ Սե՛րժ, դու ավելի` 10 տարի նախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, ներքին գործերի նախարար, ազգային անվտանգության նախարար, ազգային անվտանգության քարտուղար, էլ պաշտոն կա՞, որ չես տարել, հա՝ Շախմատի ֆեդերացիայի նախագահ։ Դու ոչ մի գեներալ՝ քեզ նվիրված, չունե՞ս ո՛չ ոստիկանությունում, ո՛չ ազգային անվտանգությունում, ո՛չ բանակում, որ հելել ես փողոց՝ «Պատիվ ունեմ-մատիվ ունեմ»։ Ռեալ պոլիտիկն ինչի՞ մասին էր խոսում, էդ ռեալ պոլիտիկն է, չէ՞, որ ընտրությունով չի, հնարավոր չի սա փոխել։ Ո՞ւր եք գնացել ընտրության, ո՞ւր եք մտել ընտրության։ Նշանակում ա՝ ձեր նպատակը փոխելը չի։ Բա ձեզնից լավ ո՞վ պտի իմանա, որ էսի ընտրությամբ չի փոխվի…»։ Ընդ որում՝ անգամ Դանիել Իոաննիսյանը, որն ամեն հարմար առիթով արդարացնում է Փաշինյանի իշխանությանը, գրեց, որ դեռ անցած տարի ԱԱԾ եւ դատախազություն է դիմել, որ գործ հարուցեն, իրեն պաշտոնապես պատասխանել են, որ Աջապահյանի տվյալ հարցազրույցում չկա որեւէ հանցակազմ: Հիմա Եկեղեցուն հայտարարված պատերազմի ժամանակ պարզվեց` կա հանցակազմ, եւ այդ խոսքերի հիման վրա հոգեւորականին կալանավորեցին 2 ամսով:
Այս առիթով մի երկարաշունչ հաղորդագրություն է տարածել Գլխավոր դատախազությունը, որից հասկացվեց, որ այդ կառույցը վերածվել է խոսք մեկնաբանող մարմնի: Փաստաբան, ՔՊ անդամ Ալեքսանդր Սիրունյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային, նկատում է. «Արդեն քանի տարի է՝ մենք ինչո՞վ ենք զբաղված. ասում ենք` ընկերներ, չե՞ք հասկանում, թե որտեղ եք աշխատում: Չե՞ք հասկանում, թե ձեր գործառույթը որն է: Գլխավոր դատախազն ինձնից նեղանում է, խաբարներ է ուղարկում: Է, նեղանում է՝ թող նեղանա: Եթե ինքը չի հասկանում, թե որտեղ է աշխատում եւ ինչ պաշտոն է զբաղեցնում, ապա ես պարբերաբար հիշեցնելու եմ: Աղջիկ ջան, դու պիտի չեզոք լինես, քննիչը պետք է գործը քննի, դու պիտի զուտ ապահովես, որ քննիչը չխախտի օրենք եւ իր գործն օրինական ձեւով քննի, բայց նայելով էդ աղջկա ֆեյսբուքյան էջը՝ տպավորություն եմ ստանում, որ ինստագրամյան ինչ-որ էջ եմ մտել: Էս գտանք, էն գտանք, էս հետ բերեցինք, էս սենց արեցինք, նենց արեցինք, նա տականք է, նա հանցագործ է, լավ, հերիք է…. այ ընկերուհի, դու դատախազ ես, քեզ ինչե՞ր ես թույլ տալիս: Ուզում է ցույց տա, որ աշխատանք է անում, բայց իրականում ոչ մի աշխատանք էլ չի արվում, զուտ ցուցադրական քայլեր են արվում: Սուտ թվեր են հրապարակում, թե իբր էսքան փող ենք վերադարձրել պետությանը եւ այլն: Օրինակ, ասում է` 2 միլիոն դոլարանոց հող եմ հետ բերել, բայց 20 տարի առաջ, երբ էդ հողը ձեռք է բերվել, հազիվ 20 հազար դոլար արժեցած լինի, էդ ո՞նց եղավ, որ էսօր դարձավ 2 միլիոն: Անհնար բան է, գյուղում չի կարող հողի արժեքն այդքան թանկ լինել: Սուտ են խոսում: Վերջերս մի գործ կար, 1 միլիարդ 300 միլիոնով դատարան էին մտել եւ մարդուց փող էին ուզում, հաղորդագրություն են տարածում, որ գանձեցին 58 միլիոնը…. Հարց այդ աղջկան` դատախազին, ո՞նց 1 միլիարդ 300 միլիոնը դարձավ 58 միլիոն: Սխա՞լ էին հաշվել սկզբից, էդ ո՞նց եղավ, է: Չի կարելի այդպես աշխատել, պարզապես չի կարելի, քո առաքելությունը գործ քննելն է, մնա քո առաքելության մեջ: Ամոթ է, մի արեք: Մտնում եմ դրա ֆեյսբուքյան էջ, «Հրապարակ» օրաթերթից շատ հոդվածներ է գրում, էս ի՞նչ բան է: Փաստորեն, էդքան ժամանակ ունեն»:
Հարցին` իսկ ի՞նչ գնահատական կտաք հոգեւորականներին կալանավորելու հանգամանքին, իրավաչա՞փ են այդ կալանավորումները, փաստաբանն ասաց. «Կոնկրետ Աջապահյանի դեպքում միանշանակ է, որ հանցանքը միջին ծանրության է, իսկ նման դեպքերում կալանքի չեն տանում, ո՞րն է նպատակը՝ նրան կալանքի տանելու, որ էլ կոչեր չանի՞, է, կարող է ավելի շատ կոչեր սկսի անել հիմա: Ինչո՞ւ են մարդուն տանում կալանքի: Եթե կալանավորում են պատժելու համար, Եվրոպական դատարանը մեռավ ասելով` կալանքը չպետք է վերածվի պատժի: Աջապահյանի ձերբակալության ձեւը նույնպես համարում եմ խիստ անթույլատրելի: Ինչ վերաբերում է Բագրատ սրբազանին, ապա պատմությունը խուճուճ է: Նա մենակ չի գործել, դրա համար չեմ կարող այդտեղ մտնել: Բայց ինչ վերաբերում է Աջապահյանին, ապա միանշանակ է, որ չէր կարելի այդպես: Ինչո՞ւ եք մարդուն «զախվատ» անում, կանչել եք բաժին, չի՞ եկել, համոզված եմ՝ չեն էլ կանչել: Այ, դատախազը նրա համար է, որ եթե ինչ-որ գործում լինում է քաղաքական կամք, գնա ասի` ոչ, այդպես չէ, սխալ է, չի կարելի այդպես»:
Բաց մի թողեք
Նախկին ՀՀԿ-ական, հիմա ՔՊ-ական Պապոյանը, որ 4 տարում 2 տուն է գնել, 1992 թ. «Ժիգուլի» ունի, բայց աղմկում է․ Լուսանկար
200 մլն դրամ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. ինչ ծախսեր են արվել․ Փաստաթղթեր
Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»