«Նեթանյահուն կգա այստեղ։ Մենք կքննարկենք շատ բաներ: Մենք կխոսենք այն հսկայական հաջողության մասին, որին հասել ենք: Դա անհավանական հաջողություն էր Իրանում, նման ճշգրիտ հարված երկար տարիներ չի եղել», հայտարարել է ԱՄՆ նախագահ Թրամփը, խոսելով այն մասին, որ հուլիսի 7-ին Սպիտակ տանը կընդունի Իսրայելի վարչապետ Նաթանյահուին: Թրամփի հայտարարության տողատակում ուշագրավ շերտեր են:
Տևական ժամանակ է, ինչ նրա և մի շարք արևմտյան մեդիափորձագիտական ու քաղաքական շրջանակների միջև կկարծես թե կա խուլ պայքար: Մասնավորապես, Թրամփը ասում է, որ Իրանին հասցված հարվածը եղել է դիպուկ եւ ոչնչացրել է Իրանի միջուկային ծրագիրը, իսկ մեդիափորձագիտական, նաև այլ շրջանակներ «նրբորեն» կասկածի տակ են դնում դա և հավաստիացնում, որ ԱՄՆ հարվածը առավելագույնը մի քանի ամսով է հետ գցել Իրանի միջուկային ծրագիրը:
Տպավորություն է, որ փորձ է արվում թույլ չտալ Թրամփին ամրագրել «զրոյական կետ», որը կարող է դառնալ արդեն դիվանագիտական գործընթացի նոր փաստարկ՝ ընդդեմ ռազմական մղումների: Այդ ֆոնին, «երկար տարիներ չի եղել նման ճշգրիտ հարված» արտահայտության տողատակում Թրամփը թերևս ակնարկում է, որ մտադիր է Նաթանյահուի հետ հանդիպմանը առնվազն փորձել նոր իրավիճակ ամրագրել՝ Իրանի դեմ ռազմական էսկալացիայի հնարավոր մղումները երկար տարիներով զսպելու համար:
Թրամփի այդպիսի մտադրության մասին կարող է խոսել նաև այն, ինչ օրերս ասել էր Թուրքիայում նրա նշանակած նոր դեսպան Բարակը, որին Թրամփը նաև նշանակել է Սիրիայի հարցով հատուկ բանագնաց: «Իսրայելը ունի վերաիմաստավորման կարիք, այն վերակողմնորոշման գործընթացում է։ Այն, ինչ տեղի է ունենում Իսրայելի և Իրանի միջև, հնարավորություն է բոլորիս համար ասելու՝ ժամանակը սպառվել է, եկեք բացենք նոր էջ», հայտարարել էր Անկարայում ԱՄՆ նոր դեսպանը:
Ըստ էության թերևս հենց սա է Թրամփը փորձելու «բացատրել» Նաթանյահուին Սպիտակ տանը: Կհաջողվի՞ դա Թրամփին, թե՞ ոչ, միարժեք պատասխան թերևս չկա, քանի որ կասկածից վեր է, որ Իրանի հարցում աշխարհաքաղաքական ազդեցության պայքարը շարունակվելու է և ռազմական գործողություններով լուծումների կողմնակից ուժերը, այդ թվում Արևմուտքում, չեն դադարելու Նաթանյահուի անձնական խնդիրներն ու վախերը այդ նպատակին ծառայեցնելու ջանքը, դրա միջոցով փորձելով ոչ միայն խնդիրներ լուծել Իրանով դեպի եվրասիական մեծ ռեգիոն, այլ նաև ԱՄՆ ներսում լուծել Թրամփի տապալման հարցը:
Բաց մի թողեք
ՌԴ ԱԳՆ-ն զգուշացնում է, բայց խուսափում է պաշտոնական նախազգուշացումից Ադրբեջան այցելելու մասին՝ չսրելու հարաբերությունները Բաքվի հետ
ԱՄՆ – Ադրբեջան – Բելառուս, ժողովրդավարության հոտ չի գալիս
Պեսկովն անդրադարձել է ռուս-ադրբեջանական լարվածությանը. ինչ քայլեր են կատարվում