ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հուլիսի 2-ին ԱԺ-ում շրջանառության մեջ է դրել հայտարարության նախագիծ՝ «Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության մասին» վերտառությամբ։
Հայտարարության մեջ նախագծի հեղինակները խստորեն դատապարտում են ՀՀ ինքնիշխանության, սահմանադրական կարգի և օրինական իշխանությունների դեմ նախապատրաստված ահաբեկչության փորձը, որը բացահայտվեց ՀՀ իրավապահ մարմինների կողմից 2025 թվականի հունիսին։ Նախագծում նշվում է, թե ահաբեկչության և սահմանադրական կարգի տապալմանն ուղղված ցանկացած գործողություն արժանանալու է ամենախիստ պատժի՝ համաձայն ՀՀ Սահմանադրության և օրենքների։
«Ահաբեկչությունը և բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու փորձերը ուղիղ հարված են ՀՀ ինքնիշխանությանը և ժողովրդին։ Դրանք միտված են կազմալուծելու Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտները և հարվածելու պետության դիմադրողականությանը՝ ստեղծելով ներքին և արտաքին սպառնալիքներ ՀՀ և ՀՀ ժողովրդի համար»,- ասված է հայտարարության մեջ։
ՔՊ-ն իր հեղինակած նախագծում նաև խիստ մտահոգիչ և դատապարտելի է համարել ՀՀ նախկին ղեկավարների և նրանց թիմակիցների՝ ահաբեկչությունն արդարացնող կամ աջակցող հայտարարությունները։ «Նրանք քաղաքական պատասխանատվություն են կրում իրենց գործողությունների համար։ Որևէ պատճառ կամ նեղ քաղաքական նպատակ չի կարող արդարացնել զինված խմբեր ստեղծելու, զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր կուտակելու և երկրում սահմանադրական կարգը տապալելու ծրագրերը»,- կարդում ենք նախագծում։
Դրա հեղինակը առաջարկում է, որ ԱԺ-ն, որպես առաջնային մանդատով օժտված լեգիտիմ ներկայացուցչական մարմին, կոչ անի բոլոր քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և քաղաքացիներին դատապարտել ահաբեկչությունը և բռնության միջոցով պետական իշխանության զավթման փորձերը, աջակցել ՀՀ օրինական իշխանություններին իրենց սահմանադրական պարտականությունների կատարման մեջ, նպաստել ազգային համերաշխությանը և պետական ինստիտուտների ամրապնդմանը։
Նախագծի հիմնական զեկուցողն է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Բաց մի թողեք
Վերաքննիչ քրեական դատարանը Հրանտ Բագրատյանի արդարացման դատավճիռը թողեց անփոփոխ
Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից
«Հաղթանակն այլընտրանք չունի», «Ազատություն Հայերին», «Ոչ Նիկոլի տեռnրին» պաստառներ են փակցվել․ Լուսանկարներ