03/07/2025

Արա Նռանյանը լռում է, որ պաշտոնից չզրկվի․ Լուսանկար

Երեկ Ազգային ժողովը 65 կողմ, 30 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված օրենսդրական փաթեթը, որը նախատեսում է լրացումներ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» եւ «Էներգետիկայի մասին» օրենքներում։ Նախագծերի հիմնական նպատակն է՝ հնարավորություն ստեղծել՝ Հայաստանի էլեկտրական ցանցերը (ՀԷՑ) ազգայնացնելու համար։

Հրապարակ թերթը գրել է․ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ, տնտեսագիտության թեկնածու Արա Նռանյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է գնահատում ՀԷՑ-ի շուրջ ստեղծված իրավիճակը եւ այն, որ նախատեսվում են փոփոխություններ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» եւ «Էներգետիկայի մասին» օրենքներում, սակայն նա հրաժարվեց մեկնաբանություն տալ՝ նշելով, որ իրենց հանձնաժողովը չի ենթադրում քաղաքական գործունեություն եւ հրապարակային հայտարարություններ՝ քաղաքական գործընթացների վերաբերյալ։

Մյուս հարցերի վերաբերյալ խորհուրդ տվեց դիմել Հանձնաժողովի մամլո ծառայությանը։ Փորձեցինք բացատրել, որ ՀԷՑ-ը պետականացնելու հարցը քաղաքական չէ, եւ մենք քաղաքական հարց չենք տալիս, այլ ուզում ենք, որ որպես ոլորտային հանձնաժողովի անդամ կամ գոնե որպես տնտեսագետ, մեկնաբանի այս գործընթացը:

Սակայն Նռանյանը հրաժարվեց նաեւ որպես տնտեսագետ պատասխանել ՀԷՑ-ի հնարավոր պետականացման ռիսկերի եւ հետեւանքների մասին հարցին՝ կրկին հղում անելով իր զբաղեցրած պաշտոնին, քանի որ, եթե մեկնաբանի, կատարելու է Սահմանադրության եւ ՀՀ օրենքների խախտում, իսկ իրենց արգելված է քաղաքական գնահատականներ ու հայտարարություններ անել։

Մեկ այլ հարց տվեցինք` իսկ վերջին տարիների ընթացքում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ՀԷՑ-ում որեւէ խնդիր, խախտումներ, թերացումներ արձանագրե՞լ է, եւ եթե այո՝ ի՞նչ տեսակի են դրանք եղել։ Այս հարցը եւս անպատասխան մնաց․ Նռանյանը հորդորեց հարցերը գրավոր եղանակով ուղղել հանձնաժողովին, ինչը ենթադրում է գրավոր պատասխան։

ՀԳ․ Հիշեցնենք, որ Արա Նռանյանը ՀՅԴ անդամ է, այս հանձնաժողովի անդամ է դարձել ընդդիմության քվոտայով, Հանձնաժողովն անկախ մարմին է, եւ որեւէ մեկը չի կարող արգելել Հանձնաժողովի անդամին՝ մասնագիտական կարծիք հայտնել նման կարեւոր հարցի շուրջ:

Մանավանդ՝ երբ երկրի ղեկին հայտնված անձն օրական տասնյակ անգամներ շատ ավելի կոպիտ կերպով խախտում է Սահմանադրությունն ու օրենքները, եւ երկրի համար ճակատագրական հարցի վերաբերյալ կարծիք հայտնելուց հրաժարվելն առնվազն դավաճանություն է երկրի շահին եւ իշխանությանը ծառայելու ակնհայտ քայլ:

«Հրապարակ». Արա Նռանյանը լռում է, որ պաշտոնից չզրկվի