Շաբաթվա վերջում Քասախ գյուղի հյուրատներից մեկում արյունալի դեպքեր են տեղի ունեցել՝ օտարերկրացիների մասնակցությամբ։
Հրապարակ թերթը գրել է․ Արյունալի՝ բառի բուն իմաստով։ Ժամը 11․18-ին ոստիկանությունը տվյալ հյուրատնից ահազանգ է ստացել այն մասին, որ համարներից մեկում արյան հետքեր կան։ Ոստիկաններն այցելել են դեպքի վայր, սակայն հանցագործներն արդեն հեռու են եղել։ Այս մասին մեզ հայտնում է ոստիկանության աղբյուրը։
Հետագայում պարզվել է, որ Քասախ գյուղի հյուրատան սենյակը վերցրած է եղել 74-ամյա Եվգենի Վախոնինը։ Նրան այս սենյակից առեւանգել են ՌԴ քաղաքացիներ՝ 40-ամյա Անդրեյ Միրոշնիկը եւ 23-ամյա Դարյա Ասաբինան, ապա սպանել են, գցել Հրազդանի մոտակայքում գտնվող «Գայի պոստ»-ից ոչ հեռու բաց դաշտում ու լքել երկիրը։
Դեպքը լայն արձագանք ստացավ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի թեթեւ ձեռքով։ Նա ՖԲ գրառում արեց, որում նշում է, որ Հայաստանում իրավապահ համակարգ, որպես այդպիսին, գոյություն չունի։ «Իրավապահ համակարգը կազմալուծել եւ ֆունկցիոնալ վիճակից խաթարել է Նիկոլ Փաշինյանը, որն այդ օրերին մոբիլիզացրել էր ողջ իրավապահ համակարգի ռեսուրսը, այդ թվում՝ Կոտայքի մարզի՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի խաղաղ հավաքը խափանելու համար։
Քրեական ոստիկանության այն աշխատակիցները, ովքեր պարտավոր էին նախ կանխել, իսկ հետո բացահայտել այդ հանցագործությունը, զբաղված էին մարդկանց մասնակցությունը հավաքին խափանելու եւ հավաքի մասնակիցներին նույնականացնելու գործերով՝ թրեւ գալով Երեւանի փողոցներով»։
Ոստիկանների գործողությունների վերաբերյալ հարց ուղղեցինք ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանին։ Նա նշեց, որ, նախ, հուլիսի 5-ին, երբ դեպքը տեղի է ունեցել, քաղաքական որեւէ հավաք կամ ակցիա տեղի չի ունեցել, երկրորդն էլ՝ հենց այս դեպքով ոստիկաններն արդյունավետ են աշխատել։ Այդ օրն առատ անձրեւ է տեղացել։ «Գիշերով, անձրեւի տակ, օգտագործելով նաեւ կինոլոգիական ծառայությունը՝ ոստիկանությանը հաջողվել է հայտնաբերել դիակը։ Թե ինչ է տեղի ունեցել, կպարզվի քննության արդյունքում։ Իսկ մեր հասցեին մեղադրանքներն անհիմն են։ Ոստիկանը չի կարող հսկել Հայաստանի բոլոր հյուրանոցային համարները, որ կանխի նման դեպքերը»,- ասում է Նարեկ Սարգսյանը։ Հարցին, թե ինչպես է հաջողվել հանցագործներին անխոչընդոտ լքել երկիրը, ասաց, որ ահազանգը ստանալու պահին նրանք արդեն հեռացած են եղել երկրից։
Քննչական կոմիտեից էլ հաղորդեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «Սպանություն»: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ընթանում է նախաքննություն։






Բաց մի թողեք
ԿԳՄՍ նախարարությունը «պատժել է» Գուրգեն Խանջյանին` իր հայացքների համար
Ով ասես՝ չի առաջադրվել
Պատմության գնահատականները շատ ավելի դաժան են, քան՝ մեր գնահատականները․ Տեր Փառեն