Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովը ժամանել է Բաքու: Ինչպես հասկացվում է տարածված պաշտոնական լուսանկարներից, «Հեյդար Ալիև» օդանավակայնում նրան բավական սառն են դիմավորել:
Մասնավորապես, նրան չի դիմավորել Ադրբեջանի ԱԻ նախարար Քյամալեդին Հեյդարովը: Պաշտոնական տեղեկատվությամբ՝ Կուրենկովը Բաքու է մեկնել՝ մասնակցելու Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր խորհրդաժողովին մասնակցելու նպատակով, որ պետք է կառույցի նոր գլխավոր քարտուղար ընտրի:
Ավելի վաղ, սակայն, ՌԴ հատուկ ծառայությունների հետ կապված «ՎՉԿ-ՕԳՊՈՒ» թելեգրամյան ալիքը հաղորդել է, որ Կուրենկովի գլխավորած պատվիրակությունը «հարաբերությունների կարգավորման հարցով ոչ պաշտոնական բանակցություններ կվարի»:
Հաղորդվել է, որ ՌԴ ԱԻ նախարարը «Բաքու է տանում նախագահ Պուտինի անձնական ուղերձը» և բացառված չէ, որ «կողմերը հասնեն կալանավորված անձանց փոխանակման համաձայնության»:
Անցյալ ամսվա վերջին Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին, ինչպես հայտնի է, Ադրբեջանը չեղյալ է հայտարարել ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի Բաքու այցը և հայտարարել, որ հարաբերությունների ներկա փուլում ռուսաստանցի պաշտոնատար անձանց այցն «առհասարակ նպատակահարմար չէ»:
ՌԴ ԱԻ նախարար Կուրենկովի Բաքու այցը կարելի է համարել Ադրբեջանի կողմից «դիվանագիտական հետքայլ», բայց ո՞րն է նպատակը:
Այս առթիվ բավական ուշագրավ է ղազախստանցի քաղաքագետ Նիշինբաևի՝ ադրբեջանական Trend գործակալությանը տված մեկնաբանությունը, որտեղ նա օկուպացված Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովի կազմակերպումը գնահատում է որպես «Ադրբեջանի տարածաշրջանային առաջնորդության մասին միջազգային հանրությանը հղած հստակ ազդակ»:
Ադրբեջանի այդ դիրքավորումը Նիշինբաևը Ղազախստանի համար Հարավային Ասիայի, Մերձավոր Արևելքի և Կովկասի «ընդլայնվող շուկաներ մուտք ունենալու հնարավորություն» է գնահատում: Նա հատկապես կարեւորում է Տրանսկասպյան միջազգային երթուղուն միանալու հանգամանքը, որ Ղազախստանին «թույլ կտա հաղթահարել Ռուսաստանից և Չինաստանից ավանդական կախվածությունը»:
Օկուպացված Ստեփանակերտում ՏՀԿ գագաթաժողովին Ղազախստանը մասնակցել է վարչապետի մակարդակով: Ըստ երևույթին, դեր է խաղացել հանգամանքը, որ այնտեղ է հրավիրվել նաև Կիպրոսի հյուսիսային հատվածի փաստացի առաջնորդ Էրսեն Թաթարը:
Ավելի վաղ Ղազախստանը Եվրամիության հետ թուրքական այդ կազմավորումը չճանաչելու համաձայնություն է ստորագրել: Տոկաևն, ըստ երևույթին, խուսափել է այդ թեմայով Թուրքիայի նախագահի հետ տհաճ խոսակցությունից:
Բայց դրանից չի հետևում, թե Աստանան շահագրգռված չէ առևտրատնտեսական և կոմունիկացիոն կապերը խորացնել Մերձավոր Արևելքի երկրների, արաբական և թուրքական աշխարհի, իսլամադավան պետությունների հետ, վարել դիվեսրսիֆիկացված արտաքին քաղաքականություն:
Այս իմաստով ռուս-ադրբեջանական լարվածությունը խնդրահարույց է նաև Ղազախստանի, Կենտրոնական Ասիայի բոլոր երկրների համար: Հնարավոր է՝ Բաքուն փորձի խուսափել Ռուսաստանի հետ առճակատումից, որպեսզի չվտանգի «տարածաշրջանային հաբի» նախագիծը:
Բայց դա կլինի ընդամենը մարտավարական նահանջ:
Բաց մի թողեք
Էրդողանը լուռ հետևում էր Մոսկվա-Բաքու «ձեռնամարտին» և վերջում բացահայտել՝ հակամարտության կողմ չէ
Ի՞նչն է անհանգստացնում ԱՄՆ-ին եւ ինչպիսի՞ նոր աշխարհ է ցանկանում ստեղծել Թրամփը
Ֆրանսիան միջնորդ կարող է հանդիսանալ Կովկասի հարցում