08/07/2025

Գուցե Իլհամ Ալիևի Պարսից ծոց «մուտքը» Թուրքիայի համար «հավասարակշռության գործի՞ք է

Բաքվի ռազմական գերատեսչությունը տեղեկացնում է, որ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ Քյամրան Վելիևի գլխավորած զինվորական պատվիրակությունը մեկնել է Սաուդյան Արաբիա՝ այդ երկրի պաշտոնակից գեներալ Ֆայդա Բին Համեդ ալ-Ռուվայլիի հրավերով:

Այցի հրապարակային ծրագրով նախատեսված է, որ նա մի շարք հանդիպումներ կունենա թագավորության ռազմական ղեկավարության հետ, ինչպես նաև կլինի ահաբեկչության դեմ պայքարի Իսլամական կենտրոնում: Պաշտոնական Բաքուն, իհարկե, ԶՈՒ ԳՇ պետի Սաուդյան Արաբիա այցի մանրամասնությունները չի հրապարակայնացնում, բայց փաստն ինքնին չափազանց խոսուն է:

Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովն այցելել է Հորդանան և Արաբական Միացյալ Էմիրություններ: Այդ երկրներն Իսրայելի հետ բավական լոյալ հարաբերություններ ունեն՝ ի տարբերություն Սաուդյան Արաբիայի, որ Գազայում պատերազմի պատճառով դադարեցրել է Թել Ավիվի հետ երկխոսությունը:

Բայց Պարսից ծոցի արաբական միապետությունները Միացյալ Նահանգների դաշնակիցներն են: Վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նրանց հետ ներդրումային խոշոր պայմանավորվածություններ է ձեռք բերել:

Ծոցի երկրներից Ադրբեջանի հետ բավական լուրջ ծրագրեր ունի ԱՄԷ-ն: Սաուդյան Արաբիա Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ-ԶՈՒ ԳՇ պետ Վելիևի այցը բավական բազմանշանակ է:

Ուշադրություն է գրավում այն, որ Ալիևն իր բանագնացին Էր-Ռիադ է գործուղում նույն օրը, երբ Վաշինգտոն է մեկնել Իսրայելի վարչապետ Նաթանյահուն: Փորձագետները տպավորություն ունեն, որ բանակցություններից հետո Թրամփը և Նաթանյահուն կհայտարարեն «գործարքը համաձայնեցնելու» մասին:

Եթե դա տեղի ունենա, ապա Վաշինգտոնի հաջորդ քայլ է դիտարկվում Սաուդյան Արաբիա-Իսրայել երկխոսության վերամեկնարկումը: Դա կարող է արաբա-իսրայելական սկզբունքային հաշտության սկիզբ դառնալ:

Ադրբեջանը համարվում է իսլամական աշխարհի միակ պետությունը, որ Իսրայելի հետ որևէ խնդիր չունի: Այս առումով Բաքվին որոշ դեպքերում միջնորդի դերակատարություն է վերապահվում:

Միջազգային քաղաքականությունը սեւեռված է Մերձավոր Արևելքի վրա, այնտեղ ուժերի հարաբերակցությունից է կախված այսպես կոչված Գլոբալ հարավի աշխարհաքաղաքական դերակատարությունը: Բաքուն հետևողականորեն ձգտում է ներգարվել տարածաշրջանային զարգացումներին, ամրապնդվել որպես «ինքնուրույն դերակատար»:

Ըստ երևույթին՝ Ալիևը փորձում է «մտնել» Պարսից ծոց և արաբական միապետությունների միջոցով բարեկարգել Վաշինգտոնի հետ հարաբերությունները: Այդ հարցում, իհարկե, գլխավոր դեր խաղում է Թուրքիան, բայց Էրդողանը չափազանց ծանրաբեռնված է սեփական խնդիրներով:

Հետաքրքիր է, որ Թուրքիան Սաուդյան Արաբիային տարածաշրջանային մրցակից է դիտում: Գուցե Իլհամ Ալիևի Պարսից ծոց «մուտքը» Թուրքիայի համար «հավասարակշռության գործի՞ք է: