Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ հուլիսի 5-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի հանդիսավոր նիստ:
Դատախազության աշխատողներին ուղղված ելույթում գլխավոր դատախազը նշել է. «Գոհունակությամբ եւ երախտիքով եմ նշում, որ 2024 թվականը գերազանցեց իմ ակնկալիքները: Գերազանցեց թե՛ չափանիշներով, թե՛ ցուցանիշներով՝ փաստահեն ցուցանիշներով: Դրանց տակ պետությանն ու համայնքներին վերադարձված գույքերն են, մեղադրանքների հիման վրա կայացված դատական ակտերը: Հայաստանի Հանրապետության դատախազությունը շարունակելու է կանգնած մնալ իրավակարգի եւ օրինականության եզրագծին: Ինչո՞ւ եմ ասում «եզրագծին» եւ ոչ «սահմանին», որովհետեւ շատ հաճախ եզրագծին մոտեցող մարդիկ ամենահամարձակներն են: Ես ցանկանում եմ, որ դատախազությունը շարունակի լինել օրինականության եւ իրավակարգի ամրապնդման եզրագծին կանգնած համարձակը, պաշտոնյան ու քաղաքացին, որը ոչ մի իրավիճակում չի խուսափում պատասխանատվությունից, պրոֆեսիոնալը, որը կարող է փաստարկված ասել «ոչ», պաշտոնյան, որին հնարավոր չէ կաշառել: Ես լիահույս եմ, որ մենք միասին բարձրացնելու ենք այն նշաձողը, որը սահմանել ենք, շարունակելու ենք այս ճանապարհն ու դառնալու ենք պատվար, դառնալու ենք պաշտպան բոլոր նրանց համար, ովքեր ունեն մեր պաշտպանության կարիքը»: Ապա պաշտոնեական պարտականությունները գերազանց եւ բարեխղճորեն կատարելու համար մի շարք դատախազներ եւ դատախազության աշխատակիցներ պարգեւատրվել են հուշանվեր ժամացույցով, «ՀՀ դատախազության 105-ամյակ» հոբելյանական մեդալով, «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով, «ՀՀ դատախազություն» կրծքանշանով, հուշանվերով, ոմանց հայտարարվել է շնորհակալություն, իսկ 3 դատախազի շնորհվել է արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան:
Փաստաբան, ՔՊ կուսակցության անդամ Ալեքսանդր Սիրունյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Աննա Վարդապետյանի հայտարարություններին եւ շռայլ ինքնագովեստի խոսքերին, ասում է. «Նախ, պետք է հասկանալ՝ այս աղջկա համար դատախազի լավ աշխատանքի չափանիշն ու ցուցանիշը որո՞նք են: Ասում է` հատիկ առ հատիկ հետ ենք բերում թալանը բյուջե: Այ քույրիկ ջան, կարո՞ղ ենք քո էդ հատիկները մենք էլ հաշվել: Ես հասկանում եմ, որ դու չես հասկանում, թե որտեղ ես աշխատում եւ ինչ պաշտոն ես զբաղեցնում, դրա համար Վարդենիսից հետ բերած հողը մի մեծ, լուրջ առաջընթաց ես համարում: Ուրիշ ի՞նչ ես հետ բերել 3 տարվա մեջ, խնդրում եմ թվարկեք: Ոչ մի բան իրականում պետությանը չի վերադարձվել: Բայց թող ինքն ասի: Թող ցույց տա, թե այս տարիներին ումից ինչ է պետբյուջե վերադարձրել: Հաղորդագրություններում նշում են․ 90 մետր հող՝ Կիրովականից, մի էդքան՝ Վարդենիսից ու չգիտես որտեղից հետ են բերել, ուրի՞շ: Գլուխ են գովում, թե Ծաղկաձորից հողեր են վերադարձրել պետությանը, բայց ի՞նչ Ծաղկաձոր: Արդեն քանի տարի է՝ բոլորիս խաբում են: Ես դեռ այն խորին համոզմանն եմ, որ Նիկոլին էլ են խաբում, այ, եթե պարզվի, որ Նիկոլին չեն խաբում, այլ բոլորով միասին մեզ են խաբում, դա էլ լրիվ ուրիշ հարց: Ծաղկաձորի մասին, որ հայտարարում են, իրականում այդ հողերը գտնվում են Հանքավանի ճանապարհին, ճանապարհի ամենավերջին գյուղի հողերի մասին է, չէ մի` Ծաղկաձոր: Գնում՝ Մեղրաձորից, Արտավազից մի քանի մետր հողեր են վերցնում, ասում են` Ծաղկաձորից հողեր հետ բերեցինք»:
Մի՞թե Նիկոլ Փաշինյանը չի տեսնում, թե ինչ է կատարվում իրականում, թե՞ չի ցանկանում տեսնել, նրա հետ չե՞ք խոսել այս թեմաներով՝ հարցրեցինք Սիրունյանին: «Ես չգիտեմ, թե նրան ով է զեկուցում, ինչպես է զեկուցում: Իբր թե նախկիններից բան են ման գալիս, դե, եթե նախկին, օրինակը բերեմ. Սերժ Սարգսյանի ստորագրությամբ` ապօրինի, բնակարանի գնով օտարվել է Երեւանի պետական համալսարանի հյուրանոցը` 2018 թ. հեղափոխությունից ուղիղ երկու ամիս առաջ` մարտ ամսին: Չգիտես ինչու, էս ամենն իրենց չի հետաքրքրում: Նախկիններից բա՞ն են ման գալիս, ես տեղը ցույց եմ տալիս:
Հեղափոխությունից երկու շաբաթ առաջ օտարվել է «Նաիրիտ» գործարանը` 23 մասնաշենքով, 90 միլիոն դրամով ընդամենը: Դա՞ էլ չի հետաքրքրում այս աղջկան: Բայց, օրինակ, նրան հետաքրքրում է, թե 30 տարի առաջ Հանրապետական հիվանդանոցի կողքի բասեինն ով ա սեփականացրել: Քրեական գործ կա դրա համար: Հիմա, այսքանից հետո պետք է հասկանալ՝ այս աղջկա համար լավ աշխատանքի եզրագիծը ո՞րն է: Եթե չափանիշն այն է, որ 150 ապօրինի գույքի բռնագանձման հայց է ներկայացվել, ուղղակի ամոթ է, խայտառակություն է:
Մեր ժամանակներում յուրաքանչյուր դատախազ 30-35 հայց էր մտցնում, դու մենակով էսքան տարվա մեջ 150 գործ ես հարուցել, ի՜նչ ես լոլոներ կարդում էդ դեպուտատների առաջ: Դու ճիշտ ես ասում, աղջիկ ջան, որ քո սպասելիքները գերազանցեցին, որովհետեւ դու պրոֆեսիոնալ չես եւ չես հասկանում, թե որտեղ ես աշխատում եւ ինչ ես աշխատում:
Մարդը տպավորված է, թե ինչի վրա, չգիտես: Ձեզ թվում է՝ էս տարիների ընթացքում բյուջե փո՞ղ է մտել` ոչ մի լումա չի մտել: Ռեկետով մարդկանցից փող են ստացել, հա, 20 միլիոն, 50 միլիոն, բայց այդ փողը Հայաստանի բյուջե չի մտել ու չի մտնելու մոտակա տարիներին»: Ո՞ւմ մասին է խոսքը, ումի՞ց են ռեկետ արել։ «Լիքն են էդպիսի գործերը, ո՞ր մեկն ասես: Ես որ հանկարծ մամուլի ասուլիս տամ, էդ աղջիկը երազախաբ կլինի»:
Բաց մի թողեք
Մեղադրանքի հիմքում հին փաստեր են, որոնց մասին Փաշինյանը վաղուց գիտեր
Քասախ գյուղի հյուրատներից մեկից առևանգել են, սպանել, դիակը նետել դաշտում
Հայաստանում այսօր ոչ Սահմանադրություն կա, ոչ Սահմանադրական դատարան․ Բալայան