Հուլիսի 5-ին՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյա հոբելյանի առթիվ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել տոնական միջոցառում:
Միջոցառմանը ներկա են գտնվել օրնիբուն սահմանադրական կարգը տապալող Նիկոլ Փաշինյանը, հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ: Շնորհավորական խոսքով հանդես են եկել վարչապետ Փաշինյանը, նախագահ Խաչատուրյանը եւ ՍԴ նախագահը:
Վարչապետը, շնորհավորելով բոլորին Սահմանադրության օրվա եւ 30-րդ տարեդարձի առիթով, ներկայացրել է «իրական Հայաստանի» գաղափարախոսությունը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նրան, թե ինչպես է Սահմանադրության թեման վերջին ավելի քան մեկ տարվա ընթացքում խաչվել «իրական Հայաստանի» գաղափարախոսության հետ: Երկրի ղեկավարի խոսքով՝ հընթացս պարզվել է, որ «իրական Հայաստանի» գաղափարախոսությունը չենք կարող ամբողջացնել եւ ամբողջության մեջ գնահատել՝ շրջանցելով Սահմանադրության հարցը, որովհետեւ այդ թեմաներն ուղիղ առնչվում եւ խաչվում են իրար հետ: «Դա կապված է «Հայրենիքը պետությունն է, սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» կարգախոսի հետ, իսկ այս կարգախոսը կապված է մեր ժողովորդի 500 տարվա պատմության հետ: Ինչո՞ւ եմ այս ամենն ասում Սահմանադրության օրվա առիթով: 500 տարի անընդմեջ սիրելով հայրենիքը, երբեմն նույնիսկ ատելով պետությունը, հնարավո՞ր է արդյոք, որ մեր քաղաքացիական ենթագիտակցությունը չի հաղթահարել հայրենիքը սիրելով՝ պետությանը դիմադրելու այդ ենթագիտակցությունը: Քննարկումներում համոզվել եմ նրանում, որ պետության նկատմամբ դիմադրությունը մեզ համար դարձել է ձեռքբերովի ռեֆլեքս, եւ մենք խնդիր ունենք այն հաղթահարելու»,- ասել է երկրի ղեկավարը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, որը պետք է ունենա կոնկրետ նպատակ, որը պետք է արտահայտի այն իրողությունը, որ այսօր արդեն ՀՀ-ում առկա է: «Այդ իրողությունը հետեւյալն է. Հայաստանի Հանրապետությունն իր քաղաքացուն ասում է՝ հայրենիքը եւ պետությունն այլեւս նույնական են, բայց, ի տարբերություն մեր նախորդ ամբողջ շրջանի, հազարամյակների պատմության, մեր ուղերձը պետք է լինի շատ հստակ, եւ այդ ուղերձի առարկայական արտահայտությունը պետք է լինի ՀՀ ժողովրդի ազատ կամարտահայտմամբ ընդունված նոր Սահմանադրությունը: Եվ այդ Սահմանադրությունը պետք է ասի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պետությունը դո՛ւ ես, դո՛ւ ես Հայաստանի Հանրապետությունը»:
Նիկոլ Փաշինյանի իշխանության մոտ ստացվեց վերջնականապես ոչնչացնել իշխանության ճյուղերի տարանջատման գաղափարը, եւ անգամ բացահայտորեն խոստովանում է, որ ինքը հրահանգներ է իջեցնում օրենսդիր եւ դատական մարմիններին, համարում է, որ դրանց ղեկավարներն իր ենթականերն են, խոսում է այն մասին, որ նրանք զեկուցում են իրեն իրենց ամեն քայլը եւ անգամ օպերատիվ քննության տվյալներ են իրեն փոխանցում: Մի կողմից՝ Փաշինյանը չի ենթարկվում Սահմանադրությանը, անդադար հակասահմանադրական քայլեր է կատարում, մյուս կողմից՝ նրա կողքին անընդհատ տեսնում ենք Սահմանադրական դատարանի, ԲԴԽ նախագահներին, դատավորների, իսկ դատախազն ու քննչականի ղեկավարն ուղղակի աշակերտի նման ենթարկվում են նրան:
ՍԴ նախկին դատավոր Կիմ Բալայանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող հակասահմանադրական քայլերին եւ Սահմանադրության օրվա առթիվ կենացների մակարդակի ճառերին, ինչպես նաեւ՝ ՍԴ նախագահի կեցվածքին, նկատում է. «Սահմանադրության օրը բոլոր իշխանությունների` օրենսդիր, գործադիր եւ դատական, միասնական տոն է: Այն ժողովրդի տոնն է: Ինձ նույնպես հրավիրել էին այդ օրը եւ ոչ միայն ինձ, շատ այլ նախկին դատավորների եւս: Կարգն այդպիսին է: Սահմանադրության օրը, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանի կազմավորման օրը բոլոր նախկին դատավորները պետք է հրավիրվեն, սակայն ես այդ հրավերին պատասխանեցի հետեւյալ կերպ` երկրում ո՛չ Սահմանադրություն է մնացել, ո՛չ էլ Սահմանադրական դատարան, այնպես որ՝ ես չեմ կարող ընդունել այդ հրավերը: Ցավոք, Հայաստանում այսօր ո՛չ Սահմանադրություն կա, ո՛չ էլ Սահմանադրական դատարան: Այդ դատարանի կազմավորումն ինքնին հակասահմանադրական ձեւով է իրականացվել։ Խնդիրը սա է: Այն դատավորներին, որ ազատեցին աշխատանքից, ի՞նչ էր, եթե ոչ կոպիտ սահմանադրական խախտում: Այնպես որ՝ ո՛չ Սահմանադրություն կա մեզանում, ո՛չ էլ Սահմանադրական դատարան:
Այս կոնտեքստում կարելի է դիտարկել նաեւ Եկեղեցու դեմ իրականացվող արշավը: Սահմանադրությունն ասում է, որ չի կարելի միջամտել Եկեղեցու ներքին հարցերին՝ Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերակատարումն առանձնացնելով մեր ազգի, մեր պետության կազմավորման եւ պահպանման գործից: Եթե չկա այսօր Սահմանադրական դատարան, Ձեզ մոտ չպետք է նման հարցեր առաջանան: Երբ գործեր Սահմանադրությունը, այդ ժամանակ այս բոլոր հարցերը կլինեին տեղին, քանի որ Սահմանադրության օրը բոլորի տոնն է, այդ թվում՝ բոլոր իշխանությունների»:
Բաց մի թողեք
Մեղադրանքի հիմքում հին փաստեր են, որոնց մասին Փաշինյանը վաղուց գիտեր
Քասախ գյուղի հյուրատներից մեկից առևանգել են, սպանել, դիակը նետել դաշտում
ՔՊ-ն վարչական տույժի է ենթարկվել՝ օրենքը խախտելու համար. որքա՞ն է վճարել Փաշինյանի հավատարիմը