Խորհրդարանը երեկ սկսեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու՝ գլխավոր դատախազի միջնորդության քննարկումը:
Հրապարակ թերթը գրել է․ Ինչպես նախորդ միջնորդությունների ժամանակ, այնպես էլ Արթուր Սարգսյանի դեպքում Փաշինյանի նախկին օգնական, ներկայում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, մեղմ ասած, անհարմար վիճակում էր հայտնվել՝ հանձն առնելով կատարել Փաշինյանի ապօրինի հրահանգները եւ անել անհնարինը՝ համոզել, որ Արթուր Սարգսյանը մասնակցել է իշխանությունը զավթելու, ահաբեկչություն ծրագրելու հորինված օպերացիային։
Նա ամբիոնից իրավաբանական տերմինների միջոցով լեզվախաղի էր բռնվել՝ «հեղաշրջման օպերացիայի» եւ դրան Արթուր Սարգսյանի մասնակցության մասին զեկուցելիս, սակայն հենց առաջին հարցից հայտնվեց ծուղակում եւ ստիպված եղավ ստել, կեղծել փաստերը։
Ռուբեն Ռուբինյանը նիստը վարողի իրավունքով փորձեց դատախազին կառուցողական դաշտ բերել` հարցնելով, թե գործողությունները երբ են պլանավորել իրականացնել, քանի որ քննչականը բացահայտել էր, որ պլանը նախատեսված էր 2024 թվականի համար: Այսինքն՝ մարդկանց զանգվածաբար կալանավորում են չիրագործված պլանի համար՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Վարդապետյանն ասաց, թե ժամկետները պարբերաբար փոփոխվել են, 2024թ. նոյեմբերից սկսած՝ նպատակադրվել են իրագործել, իսկ վերջնաժամկետը 25-ի սեպտեմբերն էր` Խաչվերաց տոնը, բայց վաղաժամ վնասազերծվել են։ Ընդդիմադիր հատվածը տեղից արձագանքեց, թե դատախազը ստում է։ «Նման տվյալ վարույթում առկա չէ, գլխավոր դատախազը չիմացությամբ կամ դիտավորությամբ կրկնում է սիվիկների մանիպուլյացիան` հղում կատարելով 2024թ. սեպտեմբերին նախորդող խոսակցություններին ու արդեն բացահայտված «հեղաշրջման ժամկետանց պլանին»»,- արձագանքեց նաեւ Բագրատ սրբազանի փաստաբանը։
Գեղամ Մանուկյանն էլ դիմեց դատախազին. «Երիտասարդ եք, դեռ տասնամյակներ ՀՀ-ում ապրելու եք, գեներալի ուսադիր ունեք, ինչո՞ւ եք Ձեզ դնում այսպիսի վիճակում։ Մի ձայնագրություն կա՝ 2024-ի օգոստոսի 12-ին․ մի հատ ոտքի վրա խոսում են՝ Խաչվերաց տոնին զանգվածային բան անենք, ուրիշ որեւէ ձայնագրություն չկա՝ Խաչվերաց տոնին բան անելու մասին»։ Հաջորդիվ Վարդապետյանն այդպես էլ հստակ չպատասխանեց, թե 25-ի սեպտեմբերին ինչ էր ծրագրված, հավանաբար՝ ամաչեց իր ստից եւ կրկնում էր, թե, ըստ նյութերի, «հարմար պահի են սպասել»: Արմենուհի Կյուրեղյանն էլ արձանագրեց, թե «հանցագործության գործիքներն» ընդամենը Նոր տարվա սալյուտներն են եւ գունավոր ծխերը, որոնք ավելի շատ Փաշինյանի հետ են ասոցացվում, ապա դատախազի «փաստարկներից» մեկին անդրադարձավ: Նա ասել էր, թե Արթուր Սարգսյանի մեղքն այն է, որ հակված է եղել կոշտ գործողությունների եւ «բոյ տալու», եթե կառավարության շենքի դռները չբացվեն. «Փաստորեն, ըստ Ձեզ, «բոյ ենք տալիս» արտահայտությունը նախապատրաստում է ահաբեկչություն» եւ հիշեցրեց, որ 2018-ին Նիկոլ Փաշինյանը ոչ միայն բոյ է տվել, այլեւ ներխուժել է ԱԺ։ «Հիմա դա համարե՞նք ավարտված հանցագործություն»,- հարցրեց նա, բայց հոդաբաշխ պատասխան չստացավ, Վարդապետյանը կմկմաց. «Խոսքը կառավարական դռների մասին է, որ եթե չենք բացում, բոյ ենք տալիս»:
Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց` բռնագրավված զենքերի մեջ կա՞ անօրինական զենք, քրեական գործում կա՞ որեւէ փաստական տվյալ, որ ծրագրվել է վառել քաղաքացիական ավտոբուսներ, «կտամ, կսպանեմ» արտահայտությունը, որը շատերս ենք օգտագործում, քրեորեն հետապնդելի արա՞րք է, թե՞ ոչ։ «Ի վերջո, Արթուր Սարգսյանին ի՞նչ եք մեղսագրում»։ «Միջնորդության մեջ բերել եմ այն հատվածները, որոնք վերաբերել են Արթուր Սարգսյանին։ Հստակ խոսակցություն կա, որ մինչեւ սեպտեմբերի 21-ը հարցը լուծենք եւ այլն։ Նշում է, որ շատ մարդկանց չի կարողանում ներգրավել, քանի որ չեն տեսնում կառավարության շենքը գրավելու հնարավորություն…»,- ասաց Վարդապետյանը՝ չբացատրելով, թե որ արտահայտությունն է հանցակազմ պարունակում։ Մանուկյանն արձագանքեց․ «Մինչեւ հիմա ես մեկ կառավարական շենքի գրավման մասին եմ հիշում՝ Ռադիոտան»։ Ռուբինյանը նկատեց․ «Նոյեմբերի 9-ը երեւի մոռացե՞լ եք, որ ձերոնք մտել էին»։
Ընդդիմադիրները հորդորեցին` հերքել իշխանական սուտը, թե Սրբազանի խումբը պատրաստվում էր քաղաքացիական ավտոբուսներ տրաքացնել, քանի որ քրեական վարույթում դրա մասին բառ անգամ չկա, իսկ Աշոտ Սիմոնյանն էլ հեգնեց. «Եթե իշխանության կողմից sms-ով կամ այլ ձեւով հրահանգ ստանաք, որ հերթական քրեական գործը հարուցեք ընդդիմադիր պատգամավորի, այս դեպքում՝ իմ նկատմամբ, մեր տան խուզարկությամբ հայտնաբերեք երեխաներիս կողմից ուսումնասիրվող ոչ Երեւանի քարտեզը, այլ՝ Եվրոպայի, պայթուցիկները, որ օգտագործում են երեխաները դրսում, ներկեր, որոնցով նկարում են, 1 կամ 2 որսորդական հրացան, որ իմ օրինական զենքերն են, ի՞նչ քրեական հոդվածով եք գալու այստեղ միջնորդությամբ, որ ինձ զրկեն անձեռնմխելիությունից, նաեւ՝ ազատությունից»։ Վարդապետյանը հրաժարվեց պատասխանել հարցին: Աղվան Վարդանյանն էլ ասաց․ «Կուզեի՞ք, որ Ձեզ դատեր Մասիս Մելքոնյանը», ապա շարունակեց, որ ինքն էլ է բազմիցս մասնակցել Սրբազանի հավաքներին, իր տանն էլ երկու օրինական հրացան կա․ «Ձեր կարծիքով՝ ես պոտենցիալ հանցագո՞րծ եմ»։
Չնայած դատախազի փաստարկները ոչ մեկին չհամոզեցին, բայց նա անոնսեց, որ հնարավոր է առաջիկայում Գառնիկ Դանիելյանի եւ Իշխան Սաղաթելյանի հետեւից էլ գա` նրանց անունները եւս կան 77 էջանոց գործում, նրանք մասնակցել են Սրբազանի հավաքներին։ «Որոշակի փաստական տվյալներ ունենալուց հետո դատախազությունը կդիմի ԱԺ-ին, քանի որ մեզ անհրաժեշտ են՝ ԱԺ-ին ներկայացնելու համար, հիմնավոր կասկածից վեր չափանիշով փաստարկված տվյալներ։ Մենք փուլ առ փուլ, ում մասով վստահ ենք, որ այդ շեմը հաղթահարված է, ներկայացնում ենք ԱԺ»,- նշեց նա։ Հարցի քննարկումը կշարունակվի այսօր, տեղեկություն կա, որ փակ քվեարկությունից անմիջապես հետո ԱԺ-ն քննարկելու է նաեւ Արթուր Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը, որից անմիջապես հետո քննիչները կկալանավորեն նրան։
Բաց մի թողեք
Մեղադրանքի հիմքում հին փաստեր են, որոնց մասին Փաշինյանը վաղուց գիտեր
Քասախ գյուղի հյուրատներից մեկից առևանգել են, սպանել, դիակը նետել դաշտում
Հայաստանում այսօր ոչ Սահմանադրություն կա, ոչ Սահմանադրական դատարան․ Բալայան