16/10/2025

Փորձում են տպավորություն ստեղծել, որ եկեղեցին ահաբեկչական կենտրոն է․ Չալաբյան

«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը hուլիսի 8-ին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ կապված հայ առաքելական եկեղեցու նկատմամբ իրականացվող արշավի հետ։

Նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ իրենց կողմից փաստագրվել են վերջին ամիսներին տեղի ունեցած մի շարք դեպքեր, որոնց հիման վրա կազմվել է իրավական եզրակացություն։

Ըստ Չալաբյանի՝ նախաձեռնությունն ուսումնասիրել է մի շարք հրապարակային հայտարարություններ, ելույթներ և մեկնաբանություններ, որոնք, իրենց գնահատմամբ, ստեղծում են եկեղեցու նկատմամբ բացասական ընկալումներ։ Նա պնդել է, որ այս գործողությունները կարելի է դիտարկել որպես համակարգված հարձակում՝ ուղղված հոգևոր կառույցի հեղինակության դեմ։

Նախաձեռնությունը ենթադրում է, որ այդ գործողությունները կարող են պարունակել քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներ, այդ թվում՝ ատելության խոսք, կրոնական գործունեության խոչընդոտում, անձնական տվյալների հրապարակում և պաշտոնեական լիազորությունների չարաշահում. «Նիկոլ Փաշինյանն ու նրա հետ փոխկապակցված անձիք սկսել են կազմակերպված գրոհ հայ առաքելական եկեղեցու դեմ, դա արտահայտվում է տարաբնույթ ելույթներով, կոչերով ու մեկնաբանություններով, որոնք փորձում են տպավորություն ստեղծել, որ եկեղեցին ոչ թե եկեղեցի է, այլ ընդհուպ մինչև ահաբեկչական կենտրոն»: