11/07/2025

Իլհամ Ալիևը Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունների սրացման է գնացել՝ հուսալով, որ Էրդողանից միանշանակ աջակցություն կստանա

Իրաքի հյուսիսում «րոնողա-փրկարարական գործողության ժամանակ մեթան գազից թունավորվելու հետևանքով Թուրքիայի «կոմանդոս» ուժերը կորցրել են 12 զինծառայող: Եվս յոթ հոգի գտնվում է Անկարայի «Գյուլհանե» հոսպիտալում:

Նույն օրը Թուրքիայի պաշտպանության նախարար Գյուլերը բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է նրանց: Թուրքիան «կոմանդոս» ուժերի մահացած զինծառայողներին դասել է «հանուն հավատի նահատակվածների» շարքին:

Հուլիսի 8-ին Թուրքիայի տարբեր քաղաքներում և գյուղական բնակավայրերում տեղի է ունեցել 12 զինվորականների թաղման արարողություն՝ տեղական իշխանության և զինվորական հրամանատարության ներկայացուցիչների մասնակցությամբ: Թուրքական լրատվամիջոցները լայնորեն լուսաբանել են սգո միջոցառումները, հրապարակել մահացածների լուսանկարներ, նրանց կյանքի տարբեր դրվագներին վերաբերող նյութեր:

Այս ֆոնին արտառոց է ոչ միայն պաշտոնական Բաքվի, այլև ադրբեջանական մամուլի լռությունը: Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններում ավանդույթ է ձևավորված, մի կողմի զինվորականների կորստի դեպքում մյուսն ամենաբարձր մակարդակով ցավակցություն է հայտնում: Իրաքի հյուսիսում թուրքական «կոմոնդոսի» տասներկու ծառայողի մահվան մասին տեղեկատվությունից անցել է մեկ օր, բայց ոչ միայն Ադրբեջանի նախագահի աշխատակազմից, նույնիսկ պաշտպանության նախարարությունից որևէ ցավակցական խոսք դեռևս չի հնչել:

Ինչո՞վ է պայմանավորված Բաքվի անտարբերությունը: Օկուպացված Ստեփանակերտում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հաջորդ օրը թուրքական ոստիկանությունը հանցավոր խումբ է բացահայտել, որ զբաղվում էր մոտորանավակներով Թուրքիայից դեպի Հունաստան ապօրինի միգրանտների տեղափոխմամբ:

Ըստ տեղեկությունների՝ թուրքական ոստիկանությունը գործել է հունական կողմի պահանջով և նրա ներկայացրած տեղեկությունների հիման վրա։ Հուլիսի 4-ին Հունաստանի առափնյա սահմանապահ ծառայությունը Լեսբոս կղզու մոտ կրակ է բացել արագընթաց մոտորանավակի ուղղությամբ, որ չի ենթարկվել «կանգ առ» լուսային ազդանշանին: Թուրքական մամուլը հայտնում է, որ ձերբակալվել է Ադրբեջանի երկու քաղաքացի, որ փոխնիփոխ վարել են մոտորանավակը:

Թուրքիայի տարածքում ադրբեջանական ի՞նչ հանցավոր խումբ է ձերբակալվել՝ առայժմ մանրամասնություններ հայտնի չեն, բայց խոսքը, անկասկած, դեպի Հունաստան ապօրինի միգրանտներ տեղափոխող գաղտնի ցանցի բացահայտման մասին է, որին ներգրավված են նաև Ադրբեջանի քաղաքացիներ:

Մի փուլում, երբ Բաքուն Մոսկվայի հետ դիվանագիտական լարվածության մեջ է և պնդում է, որ Ռուսաստանում էթնիկ ադրբեջանցիների հանցախումբ «չի գործել», Հունաստանի պահանջով թուրքական ոստիկանության կողմից ադրբեջանական հանցախմբի բացահայտումը, անկասկած, Իլհամ Ալիևի համար չափազանց ցավոտ պիտի լինի:

Այս դեպքում թուրքական «կոմանդոսի» տասներկու զինծառայողի մահվան առթիվ նրա լռությունը կարելի է բացատրել թուրքական ոստիկանության գործողություններից դժգոհությամբ: Դեպի Եվրամիության երկրներ ապօրինի միգրանտների տեղափոխմանն ադրբեջանական հանցավոր խմբի մասնակցության բացահայտումը կարող է հետևանքներ ունենալ նաև ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների համար:

Անհավանական չէ նաև, որ Իլհամ Ալիևը Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունների սրացման է գնացել՝ հուսալով, որ Էրդողանից միանշանակ աջակցություն կստանա գոնե քաղաքական և քարոզչական առումով: Թուրքիայի նախագահն ստեղծված իրավիճակը գնահատել է շատ զգուշավոր ձեւակերպումներով, իսկ թուրքական մամուլն ընդամենը հրապարակված փաստերն է արձանագրել: