«Հրապարակի» զրուցակիցը Գերմանիայում բնակվող հասարակական գործիչ, պրոֆեսոր Ավետիս Սադոյանն է:
– Հուլիսի 5-ին հայտնեցիք, որ այսուհետ, ամեն կիրակի Բեռլինում ՀՀ դեսպանատան առջեւ կանցկացվի բողոքի ցույց՝ ապօրինի կալանավորված Միքայել եւ Բագրատ սրբազաններին, գործարար, բարերար Սամվել Կարապետյանին եւ մյուս քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով։ Կոնկրետ ովքե՞ր են նախաձեռնողները, եւ ինչպե՞ս անցավ հուլիսի 6-ի ակցիան:
– Ցույցի նախաձեռնողներն են Ցեղասպանության զոհերի եւ նրանց իրավահաջորդների շահերի պաշտպանության միությունը, Համահայկական Սենատը եւ այլ կազմակերպություններ։
– Մինչեւ այս՝ հունիսի 29-ին նույն Բեռլինում բողոքի ցույց էր անցկացվել, որը, ինչպես նշում եք, սփյուռքում գրանցված առաջին եւ դեռեւս միակ ցույցն է՝ ի պաշտպանություն սրբազանների եւ Սամվել Կարապետյանի։ Եթե ամփոփենք նախորդ եւ վերջին ցույցի արդյունքները՝ ի՞նչ ունենք:
– Առաջին ցույցին, որ տեղի ունեցավ սրբազանների ձերբակալություններից անմիջապես հետո, եկել էին շատ ոստիկաններ։ Նրանք մեզ հետ խոսակցության ընթացքում ասում էին՝ եթե մեր արքեպիսկոպոսներից որեւէ մեկին ձերբակալեին, այստեղ ասեղ գցելու տեղ չէր լինի։ Մենք բացատրեցինք, որ հատուկ ժողովրդին ետ ենք պահել, որ չգան, իսկ մենք սպասում ենք դեսպանի կամ դեսպանատան աշխատակիցներից որեւէ մեկի հետ հանդիպում, որի ընթացքում կբացատրենք նրանց ՀՀ բռնապետության վարած անթույլատրելի քաղաքականությունը եւ կհորդորենք փոխանցել Երեւանին՝ դադարեցնելու Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ սանձազերծած հետապնդումները։
– Իսկ ինչո՞ւ եք ընտրել ՀՀ դեսպանատունը. հավատո՞ւմ եք, որ հակաեկեղեցական ու հակազգային մեծ արշավ սկսած օրվա իշխանություններին սպասարկող դիվանագիտական ներկայացուցչությունները կանսան այս արդարացի պահանջին: Կարծեմ՝ նույն ակցիայի շրջանակում ստորագրահավաք էլ եք նախաձեռնել:
– Ցույցը նախատեսված էր ՀՀ դեսպանատան առջեւ։ Սովորաբար մենք դեսպանատան առջեւ ցույց չենք անում, քանի որ անիմաստ ենք գտնում ՀՀ ներկա իշխանությունների եւ նրանց ներկայացուցիչների հետ որեւէ առնչություն, նրանք հայատյաց քաղաքականություն են վարում, եւ նրանց հետ քննարկման թեմա չկա։ Ի՞նչ քննարկենք նրանց հետ՝ թե ինչքան լա՞վ են կատարում Թալեաթի եւ Էնվերի պատգամները, ինչքան էֆեկտիվորե՞ն են ցեղասպանություն իրականացրել Արցախում, ինչքան շո՞ւտ են նրանք մեզ՝ հայերիս քշելու մեր պատմական հողերի վերջին փշրանքների վրայից․․․․
– Բողոքի հաջորդ հավաքը հուլիսի 13-ին է։ Ի դեպ, հայտարարել եք, որ ցույցին հնարավոր է միանալ նաեւ առցանց։ Ի՞նչ է դա ենթադրում:
– Որպեսզի բացառենք դեսպանատան վրա բարկացած հայ համայնքի անդամների հարձակումը, բախումները ոստիկանության հետ, ընտրվեց ցույցի հիբրիդային ռեժիմ, այն է՝ մի քանի սառնասիրտ մասնակից դեսպանատան առջեւ, մնացածը՝ առցանց։
– Ո՞րն է ձեր նպատակադրումը, բացի այն, որի պահանջով ամեն կիրակի հավաքվելու եք Բեռլինում:
– Թուրքերը 1915-ին հայտարարում էին, որ հայերը հակապետական հեղաշրջման ծրագիր են հղացել, այդ պատճառով ենք նրանց ցեղասպանում, Նիկոլ Փաշինյանենց ռեժիմն էլ նույնն է հայտարարում։ Սա նախապատրաստություն է նոր հայկական ցեղասպանության՝ մտավորականների, կարող մարդկանց ձերբակալություն, ապա՝ ցեղասպանություն։ Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ՝ այս հայատյաց ռեժիմի ցեղասպան ծրագրերը ժամ առաջ կանգնեցնելու համար։
Բաց մի թողեք
Փաշինյանը նոր հանձնարարական է իջեցրել
ՔՊ-ի կին պատգամավորներին հրաման է իջել «первый» պլան մղվել եկեղեցու դեմ պայքարում
Դավիթ Գալստյանն ու 590 հազար դոլար հափշտակածը նույն խցում