ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը ՏԱՍՍ-ի խնդրանքով մեկնաբանել է Ուկրաինային ամերիկյան սպառազինությունների մատակարարման հետ իրավիճակը և փաստացի հերքել ավելի վաղ տարածված տեղեկատվությունը, որ «Միացյալ Նահանգները լիովին դադարեցնում է» Կիևին ռազմական օժանդակությունը: Պենտագոնը փաստացի շարունակում է Ուկրաինային սպառազինությունների և հետախուզական տվյալների տրամադրումը:
Պատահակա՞ն է, թե՞ ծրագրված, բայց ՏԱՍՍ-ը Պենտագոնից մեկնաբանություն է խնդրել նույն օրը, երբ Իսրայելի վարչապետ Նաթանյահուն հյուրընկալվել է ԱՄՆ նախագահի մոտ: Ուկրաինային ամերիկյան սպառազինությունների մատակարարումն Ռուսաստանի համար գրեթե էքզիստենցիալ նշանակություն ունի: «Որքան քիչ հրթիռներ ստանա Կիևը, այնքան հակամարտության կարգավորումը կմոտենա»,- ավելի վաղ նման տեսակետ հնչեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ուկրաինական պատերազմում առավելության պահպանումն Ռուսաստանի համար կարեւոր է նաև այլ տարածաշրջաններում, մասնավորապես Մերձավոր Արևելքում, աշխարհաքաղաքական շահերի պաշտպանության և նոր դիրքավորումների հասնելու առումով: Ըստ տեղեկությունների, Մոսկվան Դամասկոսի հետ շատ բարդ բանակցություններ է վարում՝ կապված Տարտուսի և Հմեյմիմի ռազմահենակայանների ապագայի հետ: Խնդիր է նաև Իրանի շուրջ իրավիճակը:
Մոսկվայում, անկասկած, չափազանց լուրջ են վերաբերվում Մերձավոր Արևելքի «նոր աշխարհագրության» հարցին և հատկապես ԱՄՆ-Իսրայել համագործակցությանը, որ կարող է փոխել նաև Պարսից ծոցի արաբական միապետությունների հետ Իսրայելի հարաբերությունները: Այս առումով չափազանց նյարդային է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դիմիտրի Մեդվեդևի արձագանքը:
«Ամերիկացին (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը) դարձյալ ճոճվում է իր սիրած քաղաքական ճոճանակում»,- այսպես է նա գնահատել Ուկրաինայի հարցում Միացյալ Նահանգների նախագահի «իրարամերժ հայտարարությունները»:
«Ինչպե՞ս վերաբերվենք մենք դրան»,- հռետորական հարցադրում է արել Մեդվեդևը և պատասխանել․«Այնպես, ինչպես նախկինում, այնպես, ինչպես վարվում են մեր զինվորները, ինչպես անում է գերագույն գլխավոր հրամանատարը, այսինքն՝ ոչ մի կերպ: Պետք է շարունակել հասնել «հատուկ ռազմագործողության» նպատակներին, վերադարձնել մեր հողերը, աշխատել հանուն հաղթանակի»:
Ավելի վաղ ամերիկյան մամուլը փոխանցել է Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից Դոնալդ Թրամփի տպավորությունը: «Ինձ մոտ նրա հետ ոչինչ չստացվեց, ես հիասթափված եմ»,- ասել է Միացյալ Նահանգների նախագահը: Այդ, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահի հետ հեռախոսազրույցում, ինչպես հայտնի է, Ռուսաստանի նախագահը պնդել է, որ կարգավորումը պետք է «հենված լինի տարածքային իրողությունների վրա»:
Շուրջ մեկ ամիս է՝ ընդհատված են ռուս-ամերիկյան խորհրդատվությունները: Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը քաղաքական «ետնաբեմ է մղել» երկու առաջնորդների հանդիպման թեման: Մոսկվան հետեւողականորեն մեծացնում է Կիևի նկատմամբ ռազմական ճնշումը, գրավում ուկրաինական նոր բնակավայրեր, ինչպես նաև շարունակաբար հրթիռակոծում Կիևը, Խարկովը, Օդեսան:
ՌԴ ԱԽ նախագահի տեղակալ Մեդվեդևի թելեգրամյան գրառումը փաստացի պատերազմը մինչև «հաղթական ավարտ» շարունակելու քաղաքական որոշման ևս մեկ վկայություն է: Ուշագրավն այն է, որ նա այդ չափազանց կոշտ, ԱՄՆ նախագահի հասցեին վիրավորանք պարունակող գրառումն արել է Սպիտակ տանը Դոնալդ Թրամփ-Բենիամին Նաթանյահու հանդիպման օրը, բացառված չէ՝ ունեցած խորհրդապահական տեղեկատվության տպավորությամբ:
Եթե Թրամփ-Նաթանյահու բանակցությունները Մոսկվան գնահատում է որպես Մերձավոր Արևելքում իր ազդեցության թուլացման «ծրագրավորում», ապա պետք է սպասել, որ Ռուսաստանը փորձելու է հակակշիռներ ստեղծել:
Այդ դեպքում, ամենայն հավանականությամբ, կբարդանա հայ-թուրքական երկխոսությունը:
Բաց մի թողեք
Պուտինը Թրամփին հասկացրել է, որ հայ – ադրբեջանական խաղաղություն հնարավոր չէ, ինքը թույլ չի տա
Ալիևի համար բարդ է Պուտինի հետ «պորտալարը կտրել»
Իլհամ Ալիևը Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունների սրացման է գնացել՝ հուսալով, որ Էրդողանից միանշանակ աջակցություն կստանա