«Հրապարակ»-ի զրուցակիցը թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանն է:
– Մեր նախորդ զրույցի ժամանակ վերլուծելով Փաշինյանի՝ Ստամբուլ կատարած այցը, ասացիք, որ նա փաստացի հայտարարեց, թե բացում է թուրանական ճանապարհը: Օրերս Էրդողանի հայտարարությունը, այսպես կոչված՝ Զանգեզուրի միջանցքի մասով, ըստ էության, հաստատեց Ձեր մտահոգությունը:
– Ես արդեն քանի տարի է՝ ասում եմ, թե ինչի համար են եկել այս իշխանությունները, ում կողմից են բերվել եւ ինչ են անելու: Հատ-հատ կատարվում են իմ ասածները, եւ վախենամ, որ սրանից հետո էլ կատարվելու են: Ցավոք, որեւէ լավ բան մեզ չի սպասվում, այս իշխանության վերջնական նպատակը հայ ժողովրդի կործանումն է՝ հայ ժողովրդի տարածվելն ամբողջ աշխարհի վրա, ինչպես 2000 տարի առաջ եղավ Հրեաստանի հետ, երբ հռոմեացիները քանդեցին ամբողջ երկիրը, իսկ նրանք ցիրուցան եղան աշխարհով մեկ: Այս իշխանության գործունեությունն այդ հունով է գնում՝ խնդիրը Հայաստանի կործանումն է, ոչ թե միայն Արցախի հանձնումը, ինչպես շատերը կարծում են: Ես էլ էի սկզբում կարծում, որ իրենք միայն Արցախը հանձնելու համար են բերվել: Երբ Էրդողանն ասում է՝ Փաշինյանը կառուցողական է, պետք է հասկանալ՝ կառուցողական ո՞ւմ համար: Եթե նա կատարում է Թուրքիայի ցանկությունները, ուրեմն կառուցողական է: Ալիեւն ասում էր, որ ռեւանշիստները նստած են Հայոց եկեղեցում, եւ նրա խոսքերից հետո միանգամից մեր իշխանությունները մեծ արշավ սկսեցին ազգային եկեղեցու դեմ: Ամբողջ Ադրբեջանի բնակչությունը ղժժում է մեզ վրա, իրենք հասկանում են, թե ով ով է: Փաշինյանին այնտեղ ասում են` նա մեր մարդն է: Այսինքն՝ Ադրբեջանում սարի չոբանն էլ հասկացավ, թե ինչ է կատարվում, իսկ Հայաստանում դեռ մարդիկ կան, որոնք չեն հասկանում, թե ինչ է կատարվում իրենց ու իրենց երկրի հետ, կամ իրենց չի հետաքրքրում, կարեւորը` փորը կուշտ լինի, գրպանը՝ լիքը: Այդպես եղավ նաեւ 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ օրական 100 երիտասարդ էր նահատակվում: Ժամանակ առ ժամանակ տեսնում ենք, որ բողոքի ցույցեր են լինում, այստեղ-այնտեղ ճանապարհներ են փակվում այն մարդկանց կողմից, ում ոտքն իշխանությունը տրորում է: Քանի իրենց ոտքը չի տրորվել, ծպտուն չեն հանում, որ 5 հազար երիտասարդ է զոհվել, երկիրը վաճառվել է թշնամուն եւ վաճառվում է: Սա է մեր ողբերգությունը:
– Էրդողանը «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսելիս շեշտել էր, որ այն աշխարհատնտեսական նշանակություն է ունենալու տարածաշրջանի համար: Սա նշանակում է, որ Թուրքիա՞ն է տարածաշրջանում հեգեմոն լինելու, եթե այդ ծրագիրն իրականանա:
– Տեսեք, թե ինչ կատարվեց՝ Թուրքիայում մեր երկրի վարչապետը խոսեց ոչ թե թուրք ժողովրդին, ադրբեջանցի ժողովրդին ճանապարհ տալու մասին, այլ մեր իշխանավորը` ոչ թե թուրք իշխանավորը, խոսեց Թուրանին ճանապարհ տալու մասին, իսկ Թուրանը նշանակում է, որ դու ճանապարհ ես տալիս Հայոց ցեղասպանությունը կատարողներին, եւ Թուրքիան այսօր արդեն խոսում է այն մասին, որ կարելի է այդ միջանցքն անվանել Թալեաթ փաշայի միջանցք: Այսինքն՝ ինչպես Արցախն Ադրբեջանի կազմում առաջինը ՀՀ իշխանությունը ճանաչեց, այնպես էլ նա հայտարարեց Թուրանին ճանապարհ տալու մասին: Հետեւաբար, ի՞նչ ենք ուզում Ռուսաստանից, Իրանից: Հետաքրքիր է, որ Ստամբուլում հայ համայնքի ներկայացուցիչներից եւ ոչ մեկի մտքով չանցավ, թե ինչ է նշանակում, երբ ասում ես՝ Թուրանին ճանապարհ տանք, այսինքն՝ թուրքերի հարյուրամյա երազանքին դու ճանապա՞րհ ես տալիս, այսինքն՝ դու օգնելու ես թուրքերին, որ Թուրա՞նը կազմեն: Իսկ Թուրանի ծրագրի մեջ Հայաստանը մտնո՞ւմ է։ Թող բոլորն այս մասին մտածեն: Այդ ծրագրում Հայաստան չկա, Հայաստանը չպետք է գոյություն ունենա:
– Այս ամենի ֆոնին Ալիեւ-Փաշինյան հանդիպման մասին տեղեկություն կա: Կարծում եք՝ այսպես կոչված, միջա՞նցքն է օրակարգում լինելու:
– Այո, քայլ առ քայլ է տեղի ունենում, քաղաքականության մեջ պատահականություններ չկան, եթե այս հաջորդականությունը նայենք, իրար հետ կապ ունեն՝ նախ Ալիեւը գնաց Էրդողանի մոտ, հետո Փաշինյանը գնաց Էրդողանի մոտ, հիմա Փաշինյանը գնում է Ալիեւի մոտ: Նրանք հանդիպում են ունենալու արաբական երկրում, եւ երբ ասում են՝ Հայաստանի մոտեցումը կառուցողական է, նշանակում է՝ ամեն ինչ արդեն հանձնված է թուրքերին, այսինքն՝ այն խոսքն է դրված, որը Ալիեւը միշտ ասում էր՝ խոստացել եք, տվեք:
– Ներքաղաքական ռեպրեսիաներն ու հատկապես Եկեղեցու դեմ պայքարն այս նոր հնարավոր զիջումներո՞վ են պայմանավորված:
– Իհարկե, այստեղ վտանգ կա, որ Եկեղեցին կարող է խանգարել՝ նաեւ հորդորելով իր ծխերին: Ալիեւն ասաց, որ Հայ առաքելական եկեղեցին ազային է եւ դեռ ուժեղ է, այսինքն՝ Հայաստանի բոլոր կառույցները թուլացած են, վարչապետի ձեռքին խամաճիկ են դարձած, եւ միայն Եկեղեցին է, որ ամուր կանգնած է իր դիրքերում եւ որեւէ բան զիջելու նպատակ չունի։ Ուստի Եկեղեցու ամենաարժանավոր զավակների, ամենակրթված զավակների նկատմամբ արշավ է գնում: Մի երկու դատարկ փամփուշտ են դրել սեղանին, մի երկու որսորդական հրացան՝ իրենց լիցենզիայով, ու ասում են՝ ուզում էին հեղաշրջում անել: Հավերը անգամ կկչկչան այսպիսի բան տեսնելով: Թվում է, թե պետք չէ զարմանալ, բայց, ցավոք, ժողովրդի մի մասը հավատում է դրան, եւ պետք է հասկանալ, թե այստեղ ինչ անդունդ կա:
Բաց մի թողեք
Սիսեռով հեղաշրջում՝ համարել են ահաբեկչության նախապատրաստություն
Նույն հաջողությամբ նա կարող էր, ասենք, սիրել ձի վարել, ու վաղն իրեն բռնեին ասեին՝ այդ ձիով պատրաստվում էիր մարդկանց տրորել
Եվ այսպես. մի քայլ էլ արեցինք դեպի պետության ոչնչացում