11/07/2025

Քաղաքային իշխանությունները նոր քաոս են պատրաստել օգոստոսի 1-ից

«Օգոստոսի 1-ից երևանցիներն այլևս չեն կարողանա տրանսպորտի համար վճարել թղթային QR տոմսերով: Քաղաքապետարանը դարձյալ խոշոր փոփոխություն է անում տրանսպորտի վճարման համակարգում՝ վերացնում է մեկանգամյա տոմսերի թղթային տարբերակները:

«Իրավունք» թերթը գրում է. Դրա փոխարեն քաղաքացիները պիտի տրանսպորտային քարտ գնեն ու լիցքավորեն, վճարեն բջջային հավելվածով, կամ էլ բանկային քարտով:

Քաղաքային իշխանությունները հայտարարում են՝ չէին նախատեսում, որ քաղաքացիները հենց այդ 150 դրամանոց թղթե տոմսերից ավելի շատ կօգտվեն, դրանք ավելի հարմար տարբերակ կհամարեն:

Հիմա թղթե տոմսերը շրջանառությունից հանելով՝ ավագանու իշխող խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն ասում է՝ երևանցիներին կմղեն հասկանալու, որ վճարման այլ տարբերակներն ավելի հարմար են:

Քաղաքային իշխանություններն այս նոր որոշման պատճառների թվում նշում են էկոլոգիական ու տեխնիկական խնդիրները. – «Դրանք աղբ են դառնում, էկոլոգիական առումով խնդրահարույց է, հետո հաճախ հերթեր են գոյանում տերմինալ սարքերի մոտ, երբեմն խնդիր է առաջանում դրանք տպվելու, որոշակի խնդիրներ են լինում, ու սարքերը դժվարությամբ են կարդում, որը նաև հերթ է առաջացնում արդեն ավտոբուսների մեջ»:

Համակարգը ներդնելուց առաջ հենց այս քննադատությունն էին հնչեցնում նաև ընդդիմադիրները, նշելով, որ տրանսպորտային ռեֆորմը լավ մտածված չէ և պետք է այլ լուծումներ որոնել:

«Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը ժամանակին հենց թղթային QR կոդերի ստեղծած բնապահպանական խնդիրների մասին էր խոսում, հիմա ասում է՝ կասկածում է, որ քաղաքային իշխանություններին հանկարծ սկսեց հետաքրքրել էկոլոգիան:

Իզաբելլա Աբգարյանն ասում է՝ ի սկզբանե տրանսպորտային ռեֆորմը վատ է պլանավորվել, ու հիմա երևում են դրա արդյունքները:

Արդյոք օգոստոսին դարձյալ ականատես կլինե՞նք այնպիսի քաոսային իրավիճակի, ինչպես 100 դրամանոց մետաղադրամները վերացնելու ժամանակ, Արմեն Գալջյանը կարծում է, որ ամեն ինչ հարթ կանցնի: