11/07/2025

Օրենքը ծալել մի կողմ են դրել, ապացույցները շապիկներն ու գլխարկներն են

ՀՀ Քննչական կոմիտեն երեկ հաղորդագրություն տարածեց այն մասին, որ բացահայտվել են հուլիսի 4-ին ի աջակցություն Սամվել Կարապետյանի կազմակերպված հավաքին մասնակցելուն հարկադրելու, նյութապես շահագրգռելու մի շարք դեպքեր և 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է․«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությանծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Քննչական կոմիտեում ներկայումս քննվող մեկ այլ քրեական վարույթով կալանքի տակ գտնվող Ս.Կ.-ի մի խումբ կողմնակիցներ ՀՀ տարբեր բնակավայրերի մի շարք բնակիչների հարկադրել, ինչպես նաև նյութապես շահագրգռել են մասնակցել 2025 թվականի հուլիսի 4-ին Երևան քաղաքում ի աջակցություն Ս.Կ.-ի կազմակերպված հավաքին:

Հուլիսի 8-ին դատարանի որոշումների հիման վրա շուրջ 2 տասնյակ հասցեներում իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել և վերցվել են նախաքննության համար նշանակություն ունեցող տարբեր իրեր ու առարկաներ, այդ թվում՝ գումարի վերաբերյալ նշումներով անվանացուցակներ, գումար:

Ձեռք բերված փաստերի հիման վրա որոշում է կայացվել երեք անձի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը) և 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելուն օժանդակելը)»:

Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ ձերբակալված անձանց մասով պատրաստվում են միջնորդություն ներկայացնել դատարան՝ խափանման միջոցի հարցի քննարկմանը: «Այդ անձանցից մեկը իմ պաշտպանյալն էր՝ Սամվել Խուդավերդյանը: Այն, ինչը որ ներկայացնում են անձանց, այո, վերաբերվում է հենց հուլիսի չորսի հանրահավաքին, երթին: Մեղադրանքներն էլ են դրա մասին, որ իբրև թե տվյալ անձինք ինչ-որ մարդկանց հարկադրել են մասնակցել այդ հավաքին, իրենց պատկերացմամբ՝ ընդամենը ենթադրություններ»,- շեշտեց փաստաբանը: Փաստաբանը շատ տվյալներ չէր կարող ասել, միայն շեշտեց, որ հստակ է մի բան՝ բոլոր բերման ենթարկված անձինք ընդամենն ասում են, որ հանրահավաքին մասնակցությունն իրենց կամարտահայտությունն է եղել և ոչ ավելին: «Բայց ամենակարևոր հանգամանքը՝ որևէ անձ, թե իր նկատմամբ գործադրված, թե իր կողմից այլ անձի նկատմամբ գործադրված որևէ հարկադրանքի, որևէ նյութական կամ այլ շահագրգռվածության մասին չի խոսում և ասում է ավելին՝ նման բան չկա, մենք գնացել ենք մեր կամքով»,-ասաց վերջինս:

Հարցին, թե ինչ ապացույցների է տիրապետում Քննչական կոմիտեն, փաստաբանն ասաց, որ որևէ հիմնավոր ապացույց չի ներկայացվել: «Նախնական ուղղակի ասեմ, որ եթե ապացույցներն այդ գլխարկներն ու շապիկներն են, որը ես ամոթ էլ եմ համարում նստել ու վերլուծել, այո, կազմակերպված հանրահավաք է եղել ու այստեղ գլխարկն ու շապիկը չի հանցակազմ դառնում, անձի կամարտահայտությունն է, որը բնականաբար չի կարող լինել, որ ինչ-որ անձի հարկադրաբար տարած լինեն հանրահավաքի կամ ուղորդած լինի»,-ասաց Մարտիրոսյանը:

«Արատավոր պրակտիկա է ձևավորվել այս երկրում, որ չգիտես ինչ կերպ սարքված, չգիտես արհեստական բանականության միջոցով ստեղծված, չգիտես մոնտաժած ու իրար միացրած ձայնագրությունները բացի այն, որ սխալ են մեկնաբանվում, հերիք չի, դեռ ամենակարևոր հանգամանքի մեջ չեն խորանում՝ լավ, այս ձայնագրությունների ծագումնաբանությունը ո՞րն է: Ձայնագրությունները սոցիալական ցանցերում շրջանառվում են, որոնցով նախաձեռնում են ինչ-որ վարույթներ և անձանց մեղադրում են ինչ-որ հանցագործությունների կատարման մեջ: Շատ հետաքրքիր է, երևի պատահական չի, որ վարույթն իրականացնող մարմիններն այդպես էլ քննություն չեն իրականացնում, այս ձայնագրությունները ինչի՞ հիման վրա է, ո՞վ է արել այդ ձայնագրությունը, ո՞րն է աղբյուրը: Ինչի՞ համար ենք ընդունում այդ օրենքները, եթե դրանք պիտի ծալենք, դնենք մի կողմ: Հարցական է, այդ խոսքերը, կտրել -կպցրե՞լ են, այդ անձանց կողմի՞ց են, թե՞ այդ անձանց կողմից չեն, իրականում այդ ա՞նձն է խոսում, թե՞ մեկ ուրիշը։ Իրենց ձևով մեկնաբանեն ու գործին կցեն: Նույն օրինակով ցանկացածիս մասով կարող են մեղադրանք առաջադրել՝ իրավաբանության հետ սա որևէ աղերս չունի: Սա առաջին գործը չի, իմ վարույթում էլի գործ ունեմ, որի վարույթի հիմքում դրվեց ինչ-որ կայքում հրապարակված ինչ որ ձայնագրություն, ո՞վ էր արել այդ ձայնագրությունը, ինչի՞ հիման վրա, ո՞նց էր ստեղծվել․․․ ոնց հասկանում եմ բոլորը արհեստական բանականության վրա են նստած»,-եզրափակեց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:

«Խուզարկությունների համար հիմք են հանդիսացել «Հայկական ժամանակ» և «Մեդիանյուզ» լրատվական կայքերում տեղ գտած հրապարակումները, որոնք վերաբերում էին ինչ–որ ձայնագրությունների։ Կարող եմ ասել, որ ձայնագրություններում, որոնց ծանոթացել եմ, քանի որ դրանք առկա են հանրային տիրույթում, որևէ ձևով հնարավոր չէ գտնել առնչություն, հանրահավաքին մասնակցել պարտադրելու կամ շահագրգռելու տարրեր չեմ տեսնում»։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով այսօր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի կենտրոնական գրասենյակում և գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանի տանն իրականացված խուզարկություններին։

«Ի վերջո, ձայնագրությունները օպերատիվ տվյալից իրավական նշանակություն ստանալու համար իրավական լուրջ պրոցես պետք է անցնեն. դրանց հավաստիացումը պետք է լինի, մոնտաժման բացառումը պետք է լինի, իրավական ընթացակարգով պատշաճությունը պետք է ստուգվի։ Օպերատիվ տվյալը երբեք ապացույց չի կարող հանդիսանալ։ Որքանով հասկանում եմ՝ նույնիսկ ձերբակալված անձինք էլ կան մի հոդվածով, որի վերաբերյալ տվյալ, ազնվազն ես չեմ տեսնում։ Ինչպես ասացի, վարույթի համար հիմք են հանդիսացել երկու ԶԼՄ–ներում կատարված հրապարակումները։ Խորհին հարգանքով ցանկացած ԶԼՄ–ի նկատմամբ, նշածս լրատվամիջոցները որոշակի քաղաքական ուղղվածություն ունեն»,–հավելեց փաստաբանը։

Արամ Վարդևանյանը նշեց, որ  իրավական տեսանկյունից խուզարկությունն ինտենսիվ միջամտություն է մարդու իրավունքներին, այդ պատճառով այն մշտապես իրականացվում է դատարնի որոշման հիման վրա։

«Բայց դատարանի որոշումն էլ, ինչպես ցանկացած այլ որոշում, պետք է լինի պատճառաբանված և հիմնավոր,  միջամտությունն էլ պետք է լինի համաչափ։ Այս երեք չափորոշիչներից որևէ մեկը պահպանված չէր»,–նշեց Վարդևանյանը։

Անդրադառնալով հոդվածին, որի հիման վրա որոշում է կայացվել երեք անձի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում, փաստաբան Արամ Վարդևանյանն ասաց.

«Շատ կարևոր մի դիտարկում անեմ՝ 2024 թվականին ներկայացվել էր համապատասխան դիմում Սահմանադրական դատարան և նշված հոդվածի սահմանադրականության հարցը գտնվում է Սահմանադրական դատարանի տիրույթում, ավելին՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունը՝ քրեական օրենսգրքի 236–րդ հոդվածի մասով, կասեցրել է՝ դիմելով Վենետիկի հանձնաժողով՝ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով»,–ասաց Արամ Վարդևանյանը։

Փաստաբանի խսքով, այսօր տեղի ունեցած խուզարկությունները քաղաքական ճնշում գործադրելու հերթական դրսևորումներն էին։

«Հատկապես պետք է հաշվի առնել, որը խոսքը հուլիսի 4-ին տեղի ունեցած հանրային հավաքին հաջորդող ժամանակահատվածում տեղի ունեցած գործողություններին։ Ուզում եմ ևս մեկ անգամ նշել, որ հոդվածը, որով նշված քրեական վարույթը նախաձեռնվել է, հանդիսանում է Սահմանադրական դատարանում քննության առարկա, և Սահմանադրական դատարանը կասեցրել է քննությունը և դիմել Վենետիկի հանձնաժողով՝ կարծիք ստանալու նպատակով»,–հավելեց Արամ Վարդևանյանը։