11/07/2025

Աշխատանքային խմբերի և ավելի բարձր մակարդակի հանդիպումներում ո՞րն է լինելու առաջնայինը

Աբու Դաբիում Փաշինյան-Ալիև բանակցություններն ավարտվել են: Քննարկումները, ընդհանուր առմամբ, տևել են մոտ հինգ ժամ և ընթացել երեք փուլով:

Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը նախ բանակցել են պատվիրակությունների ներկայությամբ, ապա դեմ առ դեմ, որից հետո հայտարարվել է ընդմիջում, ապա հանդիպումը շարունակվել է դարձյալ կողմերի պատվիրակությունների ներկայությամբ:

Բանակցությունների ավարտին Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը մամուլի ներկայացուցիչների հետ չեն շփվել, ինչը վկայում է, որ «կառուցողական մթնոլորտում» անցած հանդիպման արդյունքները հիմնականում, եթե կարելի է այսպես ասել, «պայմանական են»:

Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը «լուրջ և բովանդակային քննարկումներ են ունեցել խաղաղության օրակարգի կարևոր ասպեկտների՝ սահմանազատման, հաղորդակցությունների բացման և զարգացման, խաղաղության պայմանագրի նախաստորագրման և այլ հարցերի շուրջ, ընդհանուր համաձայնություն է ձեռք բերվել շարունակել շփումներն ու բանակցությունները ինչպես տարբեր աշխատանքային խմբերի, այնպես էլ ավելի բարձր մակարդակներում»:

Եթե այս տեղեկատվությունը ստացվել է Ալիևի աշխատակազմից, Ադրբեջանի ԱԳՆ-ից կամ Աբու Դաբի մեկնած ադրբեջանական պատվիրակության որևէ անդամից, ապա առաջին հայացքից գլխավոր է պատկերվում խաղաղության պայմանագրի նախաստորագրման մասին ասվածը:

Բայց հարց է՝ հետագա շփումներում, աշխատանքային խմբերի և ավելի բարձր մակարդակի հանդիպումներում ո՞րն է լինելու առաջնայինը:

Ավելի պարզ ասած՝ կողմերը կենտրոնանալու են խաղաղության պայմանագրի նախաստորագրման հետ կապված խնդիրների քննարկման վրա՞, հետո անցնելու են մյուս հարցերին, բոլոր ասպեկտները «տեխնիկական զննման են ենթարկվելու» համաժամանակյա ռեժիմու՞մ, թե, ասենք, նախ սահմանազատման և հաղորդուղիների բացման և զարգացման շուրջ են «համաձայնության գալու», իսկ ամենավերջում՝ խաղաղության պայմանագրի:

Տրամաբանությունը հուշում է, որ «հարակից»՝ սահմանազատման և հաղորդուղիների բացման և զարգացման հարցերի քննարկումը կարող է արդյունավետ լինել, եթե խաղաղության արդեն իսկ համաձայնեցված պայմանագիրը նախաստորագրվի:

Դա կարող է տեղի ունենալ արտաքին գործերի նախարարների մակարդակով, ինչպես, օրինակ, հայ-թուրքական արձանագրությունների դեպքում էր:

Ենթադրվում է, որ մոտ օրերս կողմերի պատասխանատուները մեկնաբանություններ կանեն, և հնարավոր կլինի եզրակացնել՝ Հայաստանը և Ադրբեջանը հարաբերությունների կարգավորման են գնում խաղաղության պայմանագիրը նախաստորագրելու մեկնակետի՞ց, թե՞ այդ «բարձունք տանող ճանապարհն» սկսվելու է սահմազատման և հաղորդուղիների բացման «փշոտ արահետների՞ց»:

Դատելով Աբու Դաբիի բանակցությունների մասին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների տարածած տեղեկատվության բառացի նույնականությունից, այդ հանդիպումը վերը բերված հարցի պատասխանը չի տալիս, բայց հնարավորություն է բացում, որպեսզի «դիվանագիտական վեճը» գործնականանա: