Իսրայելական աղբյուրները հայտնում են Սպիտակ տան Օվալաձև սրահում Դոնալդ Թրամփ-Բենիամին Նաթանյահում երկրորդ հանդիպման մասին, որին ներկա է գտնվել ԱՄՆ փոխնախագահ Վենսը:
Բանակցությունները տևել են մեկուկես ժամ, որից հետո ոչ համատեղ հայտարարություն է տարածվել, ոչ էլ մամուլի ասուլիս կայացել: ԱՄՆ- Իսրայել բանակցությունների մասին հայտնի է միայն բրիտանական Sky News-ին դիվանագիտական մի աղբյուրի հայտնած տպավորությունը, որ Դոնալդ Թրամփը Բենիամին Նաթանյահուի նկատմամբ ուժեղ ճնշում է գործադրում, որպեսզի հասնի Գազայում պատերազմի դադարեցմանը:
«Եդիոտ ահրոնոտի» լրագրողը, որ Նաթանյահուին ուղեկցում է Վաշինգտոն այցի ընթացքում, հայտնել է, որ Սպիտակ տան հանդիպումից «կարճ ժամանակ հետո Վաշինգտոն է ժամանել Կատարի պատվիրակությունը և անմիջապես ուղևորվել պետական դեպարտամենտ»:
ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի միջնորդավորված բանակցություններն ընթանում են Դոհայում, և իսրայելցի լրագրողը տպավորություն է ստացել, որ կատարցիները Վաշինգտոնին են փոխանցել վերջին պայմանավորվածությունները և տարաձայնությունները:
Իսրայելի վարչապետը սկզբունքորեն համաձայն է Գազայում վաթսունօրյա հրադադարի հաստատմանը, որի ընթացքում ՀԱՄԱՍ-ը պատրաստ է ազատ արձակել իսրայելցի տասը պատանդի՝ երկու փուլով, վերադարձնել տասնութ մահացածի մասունքները՝ երեք փուլով:
Նույն ժամանակահատվածում Իսրայելը պետք է շուրջ հազար պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակի և ապահովի մարդասիրական օգնության մեծացումը:
Գլխավոր տարաձայնությունը, որքանով հասկացվում է իսրայելական մամուլի ենթատեքստային ձևակերպումներից, կապված է Գազայից իսրայելական զորքերի դուրսբերման ոչ այնքան ժամանակացույցի, որքան՝ «նահանջի խորության» հետ:
ՀԱՄԱՍ-ը պահանջում է, որ իսրայելցի ոչ մի զինվոր Գազայում չմնա, Նաթանյահուն պնդում է, որ բանակը պետք է ապահովի մարդասիրական օգնության ստացումը և բաշխումը: Իսրայելը համաձայն չէ նաև Եգիպտոսի հետ Գազայի սահմանը «միջազգային հսկողության հանձնելու» գաղափարին:
Եթե մեկ օրվա ընթացքում Թրամփ-Նաթանյահու բանակցային երկու հանդիպումներից հետո կողմերը համատեղ հայտարարություն չեն տարածել, ապա ակնհայտ է, որ համաձայնություն չի կայացել:
Ընդ որում՝ կարելի է ենթադրել, որ դա կապված է Դոհայի բանակցությունների անհաջողության հետ, ՀԱՄԱՍ-ը չի ընդունում Գազայից հեռանալու, անկլավի կառավարումը Եգիպտոսին կամ արաբական ևս մեկ երկրի վերապահելու առաջարկությունը:
Սաուդյան «Ալ-Հադաս» հեռուստաընկերության տեղեկացվածությամբ, լուրջ տարաձայնություններ կան Գազայում այսպես կոչված «Մորաղի միջանցքի» հսկողության հարցում: Իսրայելը մտադիր չէ հեռանալ այդ գոտուց, որպեսզի չկորցնի Ռաֆիահ և Խան-Յունիս քաղաքների միջև կապի հսկողությունը, ՀԱՄԱՍ-ը պնդում է, որ Գազայի ներսում հաղորդակցությունը պետք է ազատ լինի:
Նախօրեին Իսրայելի վարչապետ Նաթանյահուն «հագեցած հանդիպումներ» է ունեցել նաև ԱՄՆ Կոնգրեսում և պետական դեպարտամենտում: Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատումը, կարծես, իրոք ԱՄՆ նախագահի համար առարկայական նպատակ է, որին նա փորձում է հասնել անգամ մերձավորագույն դաշնակից Իսրայելի նկատմամբ «ուժեղ ճնշում գործադրելու» գնով:
Վաշինգտոնում անցած երկու օրերին ծավալված դրամատիկ քննարկումներն առհասարակ կարևոր են, բայց ավելի ուշագրավ է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականության մասին ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի հայտարարությունը, որ արվել է, ուզենք մենք դա, թե՝ ոչ, նույն համատեքստում:
Ընդ որում ԱՄՆ պետքարտուղարն անոնսավորել է, որ դա Թրամփի «ընդամենը վեց ամսվա ընթացքում ունեցած ձեռքբերումն է»: Իսրայելա-պաղեստինյան կարգավորումը, կարծես, դարձյալ ուշանում է: Վաշինգտոնը «թայմ –աութ» կվերցնի՞ հայ-ադրբեջանական «պատմական հաշտության» հարցում:
Խիստ զգաստացնող է, որ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին կոշտ հռետորաբանություն է կիրառել հենց Իսրայելի վարչապետի հետ «խորհրդավոր ընթրիքի» հաջորդ օրը:
Մոսկվան Վաշինգտոնին հայ-ադրբեջանական կարգավորման «անցանկալիության» ազդա՞կ է հղել:
Բաց մի թողեք
Ալիևի որդին՝ սկանդալի կենտրոնում, ինչ է պահանջվում նրանից ՌԴ դատարանում․ Լուսանկար
Ալիևի համար բարդ է Պուտինի հետ «պորտալարը կտրել»
Իլհամ Ալիևը Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունների սրացման է գնացել՝ հուսալով, որ Էրդողանից միանշանակ աջակցություն կստանա