Բագրատ սրբազանին եւ նրա աջակիցներին կալանավորելիս իշխանությունը հայտարարեց, թե իրենց հետեւողական ջանքերի շնորհիվ կանխվել է հերթական «հոկտեմբերի 27»-ը: Արդյո՞ք կարելի է 1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը համեմատել այս շինծու մեղադրանքի հետ, որով Սրբազանին ու նրա կողմնակիցներին «ահաբեկչության նախապատրաստության» մեղադրանք են առաջադրել: Իսկ ներկայացված պատմությունն ավելի շատ հեռուստասերիալի սյուժե է հիշեցնում:
Չկան տուժողներ, չկան զոհեր, զենք ու իրական նախապատրաստություն, կան մոնտաժված ձայնագրություններ, գունավոր ծուխ, օրինական զենքեր, բջջային հեռախոսներ, որոնք հայտնաբերել են «մեղադրյալների» բնակարաններից: Իսկ մերօրյա «Նաիրի Հունանյանին»` Բագրատ սրբազանին, Տավուշի մարզում բոլորը ճանաչում են որպես բարեգործի, մարդու, որը մեծ թվով անապահով ընտանիքների, ծանր հիվանդների է օգնել, անվարձահատույց եկեղեցական ծառայություններ մատուցել, օրնիբուն քարոզել սեր ու բարություն: Կալանավորված է նաեւ առողջական խնդիրներ եւ մանկահասակ երեխաներ ունեցող Լիդիա Մանթաշյանը` Սրբազան շարժման հանրային կապերի պատասխանատուն: Միակ ապացույց ձայնագրություններն էլ փաստաբաններին չեն ներկայացվում, որ համոզվեն` դրանք իրակա՞ն են, թե՞ կեղծ: Նրանց շահերի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւը հետեւություն է անում, որ այդ ձայնագրություններն իրական չեն, դրա համար չեն ներկայացվել ո՛չ դատարան, ո՛չ էլ իրենց են տրամադրվել: Իսկ մյուս պաշտպանը` Հովհաննես Խուդոյանը, հաստատեց «Հրապարակի» այն տեղեկությունները, որ Բագրատ սրբազանը պատի տակ «գյուլլել» ասելով նկատի է ունեցել ոչ թե շարքային մարդկանց, այլ՝ թմրանյութեր վաճառողներին․ այդ ձայնագրությունը մոնտաժված է հրապարակվել:
Զուգահեռներ անցկացնելով 1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետ՝ պետք է նշենք, որ 8 պետական գործչի սպանած Նաիրի Հունանյանն ահաբեկչությունից առաջ տարբեր գործիչների հետ էր հանդիպել, օրինակ` զրուցել էր Շանթ Հարությունյանի հետ, իսկ ահաբեկչությունից անմիջապես հետո ԱԺ դահլիճում ասել էր․ «Հրանտին ասեք` տղերքին վերցնի գա»։ Բայց նախաքննական մարմինը ո՛չ Շանթին, ո՛չ Հրանտ Մարգարյանին մեղադրանք չառաջադրեց` հասկանալով, որ Հունանյանի հետ հանդիպելը, նրանց անունները հիշատակելը բավարար չէ վերջիններիս մեղադրանք առաջադրելու համար:
Հոկտեմբերի 27-ի գործով մեղադրող, այժմ փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը «Հրապարակի» հետ զրույցում հեգնում է` ինչպե՞ս կարող են պետական դավաճաններն իրենց համեմատել Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի, Յուրի Բախշյանի եւ մյուսների հետ. «Երբ առաջին անգամ լսեցի այդ միտքը, որ Հայաստանում նոր հոկտեմբերի 27 է կանխվել, շոկի ենթարկվեցի: Ինչպե՞ս կարելի է նման համեմատություններ անել: Առաջին հարցը, որ ինձ մոտ առաջացավ, հետեւյալն էր. սրանցից ո՞ր մեկն է Վազգեն Սարգսյանը, ո՞ր մեկն է Յուրի Բախշյանը, ո՞ր մի ՔՊ-ականը կարող է լինել Կարեն Դեմիրճյանը, ովքե՞ր կարող է լինել Միրոյանը, Քոթանյանը եւ վերջապես` Լեոնարդ Պետրոսյանը: Սրանք այսքան արհավիրքներից, 5 հազար տղա զոհելուց, Արցախը հանձնելուց հետո դեռ համարձակվում են իրենց համեմատել երկիր ազատագրած, բանակ ստեղծած մարդկանց հետ: Ինչպե՞ս կարող է ՔՊ կուսակցության անդամն իրեն համեմատել ազգային հերոս Կարեն Սերոբի Դեմիրճյանի հետ: Մարդ, որն իր հայասեր, հայրենասեր, առաքինի եւ ազգայնական տեսակով առաջինն է եղել: Ականատես եմ եղել, թե ինչպես էր Կարեն Սերոբիչը վատացել՝ տեսնելով, որ վառվում է Համալիրը…. Սրանցից ո՞ր մեկը կարող է հավակնել լինել Վազգեն Սարգսյան: Ինչպե՞ս կարելի է այս ամենը համեմատել Հոկտեմբերի 27-ի հետ: Մի կարեւոր դիտարկում. հոկտեմբերի 27-ից առաջ Նաիրի Հունանյանը եղել է Թուրքիայում, նախապատրաստական աշխատանքներ է տարել, ինչից հետո Ղրիմում է որոշակի աշխատանքներ տարել՝ թուրքական ազդեցության տակ: Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը գալիս է Թուրքիայից: Հարց՝ Հայաստանում ո՞ր քաղաքական գործիչն է այսօր պարբերաբար մեկնում Թուրքիա: Բագրատ սրբազանը կապ ունի՞ Թուրքիայի հետ: Հակառակը՝ Սրբազանը պայքարում է Թուրքիայի դեմ, առհասարակ՝ Բագրատ սրբազանի թիմում բոլորը դեմ են Թուրքիային: Բայց, օրինակ, Նիկոլ Փաշինյանն արդեն քանի անգամ Թուրքիա է մեկնում, եւ այստեղ որոշակի հարցեր են առաջանում: 1999-ի հոկտեմբերի 27-ն այն ժամանակվա իշխանության համար եղել է անակնկալ: Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ գաղտնալսումներ է արել մեկ տարուց ավելի: Եթե իսկապես ահաբեկչություն էր նախատեսել Բագրատ սրբազանը, ինչո՞ւ էիք մեկ տարի հանգիստ նստած սպասում դրան: Այ անողնաշար, սրիկա, պետական դավաճաններ, ինչպե՞ս կարող եք Բագրատին համարել ահաբեկիչ: Ինչքա՞ն ցինիկ եւ անամոթ կարելի է լինել: Նրանք, ի սկզբանե գաղտնալսելով Բագրատ սրբազանին, համոզված են եղել, որ նրա խոսակցություններում ոչ մի հանցագործության հատկանիշ չկա, որոշել են ժամանակ ձգել, որ գա ընտրությունների նախաշեմը, երբ տեսնեն, որ հայ հանրությունը հիասթափվում է իրենցից, իրականացնեն այս շոուն եւ ժողովրդի մոտ տպավորություն ստեղծեն, որ ընդդիմադիրներն ահաբեկիչներ են: Մենք գիտենք, թե յուրաքանչյուր հայ մարդ ինչպիսի սարսափով է հիշում 1999-ի հոկտեմբերի 27-ը: Այժմ փորձում են խաբել ժողովրդին… Այս իշխանությունը վախենում է Սամվել Կարապետյանից: Տեսնելով նրա եւ հոգեւորականների համախմբվածությունը՝ որոշեցին այս ահասարսուռ սուտը հենց հիմա կյանքի կոչել՝ որոշ պրոցեսներ կանխելու համար, ինչպես նաեւ՝ պայքարող մարդկանց վախեցնելու նպատակով»:
Ովքե՞ր էին 1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից առաջ Նաիրի Հունանյանի հետ կապի մեջ եղել, եւ ինչո՞ւ նրանք այն ժամանակ քրեական հետապնդումների չենթարկվեցին։ «Այս իշխանությունը սարսափում է իշխանությունը կորցնելու մտքից: Առիթ եւ անառիթ՝ իրենց պահում են ամենավերջին խուլիգանի պես: Այն ժամանակ Նաիրի Հունանյանը դիմեց Սամվել Բաբայանին, Հրանտին՝ Մարգարյան, Շանթին՝ Հարությունյան, ՀԱԲ-ի հրամանատար Վասիլյանին, եւ էլի կային մարդիկ: Ողջ զավեշտն ինձ համար այն է, որ այս ողորմելիներն իրենց համեմատում են մեր հերոսների հետ: Ես մի բան կասեմ. եթե դուք ձեզ համեմատում եք հոկտեմբերի 27-ի զոհերի հետ, ապա ինչպե՞ս է ստացվում, որ դուք 5 հազարից ավելի զինվորների սպանության փաստով քրեական գործի բողոքը մերժած դատավոր Կարեն Բիշարյանին Վերաքննիչ քրեական դատարանից` որպես պարգեւատրում, տարաք Հակակոռուպցիոն վճռաբեկ դատարան, որը կարճ ժամանակ անց փախավ ԱՄՆ եւ այլեւս չվերադարձավ: Դեռ մի բան էլ հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների կողմից` զոհվածների մասով դատական ակտը կայացնելիս ենթարկվել է ճնշումների: Խոսքն այն գործի մասին է, երբ ես 2021 թվականին Նիկոլ Փաշինյանի դեմ դատախազությունում հաղորդում էի ներկայացրել: Հիմա էլ անամոթաբար Բագրատ սրբազանին համեմատում են այդ վիժվածքի՝ Նաիրիի հետ, որը պնդում էր, որ մեծացել է Վարդաշենում, որտեղ մարդիկ ապրում են գյուղի հոգեբանությամբ, միեւնույն ժամանակ մի մանկապիղծ` Սերոբ Պողոսյան կար, գնացել, դրան առաջարկել էին, որ իրենց մոր հետ ամուսնանա, որ իրենք բոլորով տեղափոխվեն ԱՄՆ: Ես նրան դատական նիստի ժամանակ հարց տվեցի՝ այդ երբվանի՞ց գյուղի հոգեբանությամբ մեծացած տղան կարող է հոր կենդանության օրոք մոր համար փեսացու ճարել: Նա ինձ պատասխանեց, որ իմ լեզուն կտրելու է, ես ասացի՝ սրիկա… Հիմա ո՞ւմ են համեմատում այդ սրբապիղծ սրիկայի հետ»:
Բաց մի թողեք
Դավիթ Գալստյանն ու 590 հազար դոլար հափշտակածը նույն խցում
«Ստեղս հասավ»․ Փաշինյանի ժեստը՝ Ալիևի հետ հանդիպումից դուրս գալուց հետո. Տեսանյութ
11 հազար 200 դոլարը վերականգնել են